«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամներ
Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի
ժամանակ սենսացիոն մի հայտարարություն արեցին: Պարզվում է,
«Հանրապետություն» կուսակցության պառակտման պատճառը ոչ թե իրենք են եղել,
այլ քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Հանրապետության» քաղխորհրդի 7 անդամներ
Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ դադարեցրել
էին իրենց անդամակցությունը կուսակցությանը: Իսկ իրենց այդ քայլը նրանք
մեկնաբանել էին կուսակցության ներկայիս ղեկավարության հետ ունեցած
գաղափարական տարաձայնություններով: Վաղարշակ Հարությունյանի պատմելով,
օգոստոսի 28-ին ինքը, Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը հանդիպում են
ունեցել: «Երբ խոսք գնաց տարաձայնությունների վերաբերյալ, Արամ Սարգսյանն
ասաց, թե այսպես հնարավոր չի այլեւս շարունակել, ես առաջարկում եմ
քաղաքակիրթ ձեւով բաժանվել եւ այս պարագայում նոր կուսակցություն
ձեւավորել»,- պատմեց Վաղարշակ Հարությունյանը եւ ավելացրեց, որ այդքանից
հետո իրենց ոչինչ չէր մնում անել: Փաստորեն, իրենց այս հայտարարությամբ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի այլեւս նախկին անդամները տեղի
ունեցածի ողջ մեղքն ու պատասխանատվությունը գցեցին կուսակցության նախագահ
Արամ Սարգսյանի վրա: Ալբերտ Բազեյանն անգամ ասաց, որ իրենք փորձել են ամեն
կերպ պահպանել կուսակցության միասնականությունը, իսկ եթե եղել են
գաղափարական տարաձայնություններ, ապա այդ մասին երբեք հրապարակավ չեն
հայտարարել: Բայց երեկ պարոն Բազեյանն այնուամենայնիվ մատնացույց արեց
իրենց նախկին կուսակցության ղեկավարության հետ ունեցած գաղափարական որոշ
հակասություններ: Նա մեջբերեց արտաքին քաղաքականության վերաբերյալ
«Միասնության», «Արդարություն» դաշինքի, ինչպես նաեւ` նախագահի թեկնածու
Արամ Սարգսյանի նախընտրական ծրագրերից, որտեղ հստակ կարեւորվում էր
հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը: Մինչդեռ հիմա, Բազեյանի
մեկնաբանմամբ, Արամ Սարգսյանը խոսում է ԱՊՀ-ի հետ պորտալարը կտրելու մասին:
Այսքանից հետո Ալբերտ Բազեյանը խոստանում է շատ մոտ ապագայում ստեղծել նոր
կուսակցություն: Մտադիր են այն կոչել «Նոր դեմոկրատներ» կամ «Ազգային
վերածնունդ»: Սակայն Բազեյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը
մտադիր չեն համալրել «Հանրապետությունից» մարդ փախցնելով: «Մեր ջանքերը
բացարձակապես ուղղված չեն «Հանրապետություն» կուսակցությունից մարդիկ
դուրս բերելուն: Մեր ջանքերն ուղղվելու են նոր մարդիկ հավաքագրելուն: Իսկ
եթե «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր դուրս
գալուց հետո այնտեղ մարդկանց ներհոսք եղավ, ապա ես միայն ողջունում եմ այդ
փաստը»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին
նախագահը:
Ինչեւէ, քանի որ Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, թե իրենք
կուսակցությունից հեռանալու մասին դիմում են գրել ոչ թե ինքնակամ, այլ
Արամ Սարգսյանի առաջարկով, երեկ մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ
«Հանրապետություն» կուսակցություն: «Պարոն Բազեյանն օրեր առաջ ինքը
հայտարարեց, որ կուրորեն ոչ մեկի հետեւից չի գնացել: Իր այս խոսքերով ինքն
արդեն այդ հարցի պատասխանը տվել է»,- մեր հարցին ի պատասխան` փոխանցեցին
«Հանրապետություն» կուսակցությունից: