Մայիսի 11-ին սկսվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Թուրքիա: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` տեղեկացնելով, որ մինչեւ Մեդվեդեւի այցն ինքն էներգետիկ հարցերի քննարկման նպատակով մեկնելու է Մոսկվա: «Ռուսաստանը մեր հին եւ ռազմավարական գործընկերն է, եւ մենք էներգետիկ մեծ պլաններ ունենք, այնպես որ` այդ հարցերի քննարկման համար ես Մոսկվա կմեկնեմ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը նպատակ ունի ՌԴ նախագահի` Անկարա կատարելիք այցի ժամանակ քննարկել նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը, քանի որ, ըստ Դավութօղլուի, Թուրքիան ԼՂՀ խնդիրը դիտում է իբրեւ սեփական խնդիր եւ այն պահում է իր օրակարգում: