Երեկ խորհրդարանում քննարկվում էր ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական մի նախաձեռնություն, որով հեղինակն առաջարկում է «Իրավական ակտերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում այնպիսի փոփոխություններ կատարել, որ ՀՀ կառավարությունը օրինագծերի հետ միասին ներկայացնի նաեւ դրանց կիրառման կարգը:
Ընդ որում, Ս.Նիկոյանն այս նախաձեռնությունը ներկայացրել է դեռեւս 2008-ի աշնանային նստաշրջանում, սակայն կառավարությունը դրա քննարկումը կամ իր եզրակացությունը հետաձգել էր, պատճառաբանելով, թե պետք է գույքագրի գործող այն օրենքները, որոնք չունեն կիրառման կարգերը: Հեղինակի խոսքերով, նման նախաձեռնության միտքը ծագել է Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ժամանակ, երբ ուսումնասիրել են հատուկ միջոցների կիրառման կարգը: «Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ 2006թ. ԱԺ-ն օրենքով չեղյալ է հայտարարել ԽՍՀՄ ու ՀԽՍՀ բոլոր օրենքները, որոշումները, կարգերը եւ իրավական այլ ակտերը: Եվ այդ պատճառով կոնկրետ հատուկ միջոցների կիրառման դեպքում կառավարության կարգը անհրաժեշտ ձեւով սահմանված չէր: Հենց այդտեղ առաջացավ օրենսդրական նախաձեռնության իմաստը, որ օրենքի ընդունումից հետո կառավարությունը պետք է օրենքով նշված ժամկետում ընդունի դրա կիրառման կարգը, որպեսզի օրենքի գործողությունը լինի լիարժեք, եւ իրավահարաբերությունները կարգավորի ամբողջությամբ»,- ասում է Ս.Նիկոյանը:
Այս օրինագիծն այն եզակի նախաձեռնություններից էր, որտեղ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունն ունեին նույն կարծիքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը փաստում է, որ կան բազմաթիվ օրենքներ, որտեղ կառավարությանը տրված է կիրառման կարգը հաստատելու իրավասություն, բայց չի հաստատվել: «Բա քաղաքացին ինչպե՞ս պետք է իրացնի իր իրավունքը: Օրինակ. օրենքով սահմանված է, որ Հայաստանում գիտնականները, կենսաթոշակից բացի, պետք է ստանան նաեւ հավելավճար: Բայց քանի որ կառավարությունը չի սահմանել այդ հավելավճարի չափի եւ կիրառման կարգը, 2001թ. առ այսօր օրենքի այդ նորմը օդից կախված է մնացել: Քաղաքացին իբր հավելում ստանալու իրավունք ունի, բայց իրականում չի կարողանում իր այդ իրավունքն իրացնել: Այս նախաձեռնությունը առաջարկում է, որ սահմանվի ժամկետ, թե կառավարությունն ինչ ժամկետում պետք է ընդունի այդ ակտը: Բացի այդ, պետք է հստակ նշվի, որ կոնկրետ նշված ժամկետում եթե կառավարությունը չի սահմանում այդ կարգը, ապա նրա նկատմամբ ինչ պարտադրանք պետք է կիրառվի: Եվ քաղաքացին կարողանա իմանալ, թե կարգը չսահմանելու դեպքում ինչ իրավական հետեւանք է սպասվելու: Եվ եթե կառավարությունը սահմանված ժամկետում չհաստատի կարգը, ապա քաղաքացին վնասի փոխհատուցման հայց կարող է ներկայացնել»,- ասում է Ա.Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը համոզված է, որ նման կարգերի բացակայությունը շատ դեպքերում տարիներ շարունակ հանգեցրել է օրենքները չկիրառելուն: Եվ պատգամավորի կարծիքով՝ այսօր բազմաթիվ են կարգ չունեցող եւ կիրառմանը սպասող օրենքները: «Այսինքն՝ այն, ինչ մենք մշտապես ասում ենք, թե իրավակիրառական պրակտիկայում օրենքները չեն կիրառվում, կիրառվելու հստակ մեխանիզմներ չկան, կառավարությունը եւ օրինագծի հեղինակը համաձայն են: Նման իրավիճակներում, ես կարծում եմ, որ Ազգային ժողովը երկու տարբերակ ունի` կամ կառավարությանը դատի տալ, որ օրենքները չի կիրառում, կամ սահմանել այնպիսի ընթացակարգեր, որոնք կառավարությանը դնեն այնպիսի շրջանակի մեջ, որ որոշակի ժամկետներում ընդունի այդ նորմատիվ կարգերը: Մենք պետք է պարտադրենք նաեւ կարգերի ուղենիշներն ու չափանիշները, որպեսզի կառավարությունը չայլասերի օրենքում ֆիքսված տրամաբանությունը, որ այդ կարգը էապես չտարբերվի օրենքի տրամաբանությունից»,- ասում է Ս.Սաֆարյանը: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն կառավարությունն ու պատգամավորները: Եվ տվյալ դեպքում կառավարությունը պետք է ներկայացնի ոչ միայն իր ներկայացրած օրենքի կիրառման կարգը, այլ նաեւ պատգամավորների հեղինակած օրենքի կիրառման կարգը: Ամեն դեպքում մինչ ԱԺ-ում քննարկվելը կառավարությունը նաեւ պատգամավորների ներկայացրած օրենքների համար է դրական կամ բացասական եզրակացություն տալիս: Եվ այդ ընթացքում պետք է ներկայացնի նաեւ պատգամավորի հեղինակած օրինագծի կիրառման կարգը: Բացի այդ, հետագա քննարկումների ընթացքում պետք է նաեւ ինչ-որ ժամկետ սահմանվի, թե կառավարությունը երբ է պարտավոր սահմանել օրենքի կիրառման կարգը: Նախնական տարբերակում Ս.Նիկոյանն առաջարկել է 3 ամիս ժամկետը: Կառավարությունը դրա հետ կապված որոշակի անհամաձայնություն է ունեցել: Այս դեպքում առաջարկվել է կոնկրետ ժամկետ նշելու փոխարեն՝ օգտագործել «ողջամիտ ժամկետ» սահմանումը: «Բայց հաշվի առնելով այդ արտահայտության նկատմամբ բոլորիս վախը եւ հիասթափությունը, համոզված ենք, որ կոնկրետ ժամկետներ պետք է ֆիքսվեն»,- ավելացրեց Ս.Սաֆարյանը: Ս.Նիկոյանի կարծիքով, այնուամենայնիվ, այդ կարգը պետք է սահմանվի ոչ ուշ, քան օրենքը կմտնի ուժի մեջ: Իսկ մինչ այդ, մեր զրուցակիցների կարծիքով, պետք է կիրառման կարգ չունեցող օրենքների դեպքում այնպիսի հնարավորություն, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտվել իրենց իրավունքից: Օրինակ, գիտնականն ի վերջո կարողանա ստանալ իր հավելավճարը: Ամենայն հավանականությամբ, այս օրինագիծը քվեարկության կդրվի այսօր, որից հետո մինչեւ երկրորդ ընթերցումը այն կենթարկվի լրամշակման` իր մեջ ներառելով նաեւ պատգամավորների առաջարկությունները: