«Ժառանգությունը» համալրվում է

29/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ հայտնի դարձավ, որ «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանը եւ հրապարակախոս, վերլուծաբան, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը անդամագրվել են «Ժառանգություն» կուսակցությանը:

Կ.Հակոբյանը նախորդ խորհրդարանական ընտրություններում Արամ Գ.Սարգսյանի Դեմկուսի հետ էր համագործակցում: Իսկ Ռ.Հակոբյանը ՀՅԴ նախկին անդամ էր եւ կուսակցությունից հեռացվել էր 2008թ. գարնանը: Նախ Ռ.Հակոբյանը 2008թ. ապրիլին ինքն էր կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել` պատճառաբանելով, թե դժգոհ է ՀՅԴ-ի վարած քաղաքականությունից: Հիշեցնենք, որ նա, ինչպես ինքն էր ասում, ՀՅԴ-ից ցանկանում էր դուրս գալ 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի դեպքերից հետո` այդպիսով իր բողոքն արտահայտելով ՀՅԴ-ի` կոալիցիայի անդամ դառնալու որոշման վերաբերյալ: Բայց օրեր հետո Ռ. Հակոբյանն իր դիմումը ետ էր վերցրել` հայտարարելով, թե շարունակում է մնալ ՀՅԴ-ում եւ վստահ է, որ իր կարծիքը, տեսակետները կարող է արտահայտել ՀՅԴ կանոնակարգի ընձեռած լայն սահմաններում: Սակայն որոշ ժամանակ անց Ռ.Հակոբյանը կուսակցությունից դուրս գալու երկրորդ դիմումն էր ներկայացրել: Եվ ՀՅԴ-ն այս անգամ արդեն 2008-ի մայիսին նրան հեռացրել է իր շարքերից: ՀՅԴ-ից` նրա դուրս գալուց ուղիղ մեկ տարի հետո` 2009թ. ապրիլի 27-ին այդ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից եւ իրեն հռչակեց ընդդիմություն: Իսկ անցած երկու տարվա ընթացքում նախկին գլխավոր հյուպատոսը զբաղված էր հասարակական, վերլուծական աշխատանքով, երբեմն վերլուծական նյութեր էր հրապարակում, երբեմն հարցազրույցներ էր տալիս ու ասուլիսներ հրավիրում:

Երեկ փորձեցինք Ռ.Հակոբյանից ճշտել, թե նա ինչո՞ւ նորից կուսակցական դարձավ, այս անգամ անդամակցելով արդեն «Ժառանգություն» կուսակցությանը: Կամ` «Ժառանգության» գաղափարախոսության ո՞ր թեզը, գործունեության ո՞ր մասն է հատկապես հարազատ իրեն: Սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին: Ասաց, թե մոտ օրերս կխոսի: Հիշեցնենք նաեւ, որ Ռ.Հակոբյանը 1990-1995թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1995-1999-ին` խորհրդարանում միակ դաշնակցական պատգամավոր, եւ երկար տարիներ եղել է ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ, նաեւ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ:

Հետաքրքիր էր նաեւ, թե «Ժառանգություն» կուսակցությունը Ռ.Հակոբյանին ինչո՞ւ է ընդունել իր շարքերը: Նախկին դաշնակցականի գործունեության հատկապես ո՞ր հատվածը կամ գաղափարական ի՞նչ ընդհանրությունն է շահագրգռել «Ժառանգությանը» նման անդամ ունենալու համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե վերջին շրջանում իրենց կուսակցությանը անդամագրվում են բազմաթիվ մարդիկ` հիմնականում մտավորականներ ու երիտասարդներ: «Հանրությանը հայտնի դեմքերի շարքում են Ռ.Հակոբյանը, նաեւ հրապարակախոս, վերլուծաբան, հասարակական գործիչ Կ.Հակոբյանը: Նրանց հետ եղել են պարբերական շփումները նաեւ նախկինում` մինչ անդամակցելը: Որոշ դեպքերում մեզ հետ միասին հասարակական կազմակերպությունների կազմակերպած տարբեր միջոցառումներում նույնական դիրքորոշում են արտահայտել: Եվ, բնականաբար, այդ փոխադարձ ճանաչողության երկարատեւ գործընթացի արդյունքում մեր նոր գործընկերները կայացրել են իրենց քաղաքական որոշումը, ինչը մենք ողջունում եւ շատ բարձր ենք գնահատում: Լինելով մեզ բավականին քաջածանոթ, հասարակական դաշտում եւ քաղաքական գործունեության մեջ ակտիվ անձինք` նրանց ընդունել-չընդունելու պարագայում մենք գոնե երկար չենք մտածել: Նրանց կենսագրությունն ու անցած ճանապարհը բավարար է եղել մեզ հասկանալու, թե որքան կարող են նրանք նույնական լինել մեր տեսակի հետ եւ որքան տարբեր մեր տեսակից»,- ասաց Ս.Սաֆարյանը:

«Ժառանգությունը» մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի հետ միասին ՀՅԴ-ի հետ համագործակցում էր որոշ խնդիրների, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունները մերժելու եւ այլ հարցերում: Փորձեցինք նաեւ ՀՅԴ-ից ճշտել, թե ինչպես են վերաբերվում, որ իրենց նախկին կուսակիցն անդամակցել է «Ժառանգությանը»` խորհրդարանական մյուս ընդդիմությանը: «Մենք նրան հաջողություն ենք մաղթում»,- կարճ պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Ավելացնենք, որ «Ժառանգությունը» նաեւ հայտարարել է, որ մայիսի 9-ին տեղի է ունենալու կուսակցության համագումար, որտեղ կընտրվի նաեւ կուսակցության նոր վարչությունը: Ներկայումս այս երկու նոր գործիչները «Ժառանգության» շարքային անդամներ են, սակայն չի բացառվում, որ համագումարում նրանք ընտրվեն կուսակցության ղեկավար կազմում: Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարի «Ժառանգության» հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց կուսակցության բոլոր ղեկավար` վարչության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից: Դրանից հետո այդ կուսակցությունում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որի արդյունքում վարչության եւ կուսակցության մի շարք անդամներ հեռացվեցին «Ժառանգությունից»: Կարծիք կար, որ Ր.Հովհաննիսյանը ղեկավար պաշտոններից հրաժարվելու քայլին դիմեց, որպեսզի իր անունը չկապվի ներկուսակցական խմորումների հետ: Եվ չի բացառվում, որ գալիք համագումարի արդյունքում Ր.Հովհաննիսյանը նորից վերականգնի իր ղեկավար դիրքերը:

Իսկ ԱԺ-ում երեկ խոսում էին, որ «Ժառանգությանը» Ռ.Հակոբյանի անդամակցումը ոչ միայն պատահական չէ, այլ նաեւ նպատակային է: Ոմանք չէին բացառում, որ նախկին դաշնակցականին գուցե իշխանություններն են գործուղել «Ժառանգություն»: Եվ ընդհանրապես պատգամավորների մեծ մասը հավատացնում են, որ այսուհետ ՀՀ քաղաքական դաշտում` կուսակցություններում տեղի ունեցող գործընթացներն ու փոփոխությունները պետք է կապել միայն 2012թ. խորհրդարանական ընտրությունների հետ: