Դավիթ Հարությունյանը ոչինչ չի անում

29/04/2010

«Թեպետ չեմ կարող ասել, որ ԵՄ-ում եղած օրերին ղարաբաղյան հարցն ամենակարեւորն է եղել իմ եւ եվրոպացի պաշտոնյաների քննարկումներում, այդ հարցին, այնուամենայնիվ, անդրադարձ կատարվել է»,- երեկվա ասուլիսում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` հավելելով, թե եվրոպական կառույցներում ունեցած հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեման իր համար առաջնային չի եղել, քանի որ ինքը ԵՄ-ում էր նախեւառաջ Հայաստանում ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար: «Ես շեշտադրումներ էի անում հիմնականում քաղբանտարկյալների եւ մամուլի ազատության հարցերի վրա»,- ասել է Վ. Կարապետյանը: Նա խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ստեղծվելիք ԵԽ ենթահանձնաժողովի մասին, որը գլխավորելու ցանկություն է հայտնել ԵԽ ԽՎ նախագահ Չավուշօղլուն: Ըստ Վ. Կարապետյանի` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը որեւէ բան չի արել, որպեսզի կանխի թուրք պատգամավորի ԵԽ ԽՎ նախագահ ընտրվելու գործընթացը: «Բացի նրանից, որ նա չի կանխել դա, կարելի է ասել, նպաստել է դրան: Ավելին. կան որոշակի պայմանավորվածություններ, եւ հայկական պատվիրակության լռակյաց դիրքորոշման հետեւանքով է, որ թուրք պատգամավորն ընտրվել է նման բարձր պաշտոնում»,- ասել է նա` ավելացնելով, որ ղարաբաղյան հարցի քննարկումները ԵԽ ԽՎ-ում Հայաստանի շահերից չեն բխում: Նրա կարծիքով, հաշվի առնելով ԵԽ ԽՎ-ում թուրքական պատկառելի պատվիրակության առկայությունը, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության` հայկականից ավելի մեծաթիվ լինելու հանգամանքը, դժվար չէ պատկերացնել ուժերի հավասարակշռությունը: «Կարելի է պատկերացնել` ուժերի ինչպիսի բալանս կլինի: Հաշվի առնելով մեր պատվիրակության պրոֆեսիոնալ պատրաստվածությունը եւ լեզվական խնդիրները` մեծ մտահոգություններ ունեմ, որ այդ ենթահանձնաժողովը մի քանի ամիսների ընթացքում կնախապատրաստի մի զեկույց, որտեղ կլինեն մոտավորապես նույն շեշտադրումները, որոնք կային 2008թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած հայտնի փաստաթղթում»,- ասել է նա: