Ծափեր Թուրքիային եւ Հայաստանին

29/04/2010

«Ե՛վ Թուրքիային, եւ՛ Հայաստանին պետք է ողջունել ծափահարություններով` այն հզոր քաղաքական կամքի համար, որ երկու երկրները դրսեւորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով»,- նախօրեին ԵԽ ԽՎ նիստում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյը: Ըստ նրա` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յուրաքանչյուր առաջընթաց պետք է դիտվի երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համատեքստում, որոնցից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում «ահռելի քաղաքական կամք է ցուցադրել»: Ի դեպ, նիստի ընթացքում Միշլին Կալմի-Ռեյը պատասխանել է նաեւ ԵԽ ԽՎ պատվիրակների հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերել են ԼՂՀ հիմնահարցին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ակտիվորեն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Անհրաժեշտ է նաեւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցող հանդիպումները»,- ի պատասխան պատվիրակներից մեկի հարցադրմանը, ասել է նա: Բնականաբար, ադրբեջանցի պատգամավորները հարցեր են բարձրացրել «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի գրավված լինելու», ադրբեջանցի փախստականների անելանելի վիճակի եւ օգնության կարիք ունենալու վերաբերյալ, ինչին Շվեյցարիայի արտգործնախարարը սահմանափակվելով՝ պատասխանել է, որ` «Այդ հարցը Մինսկի խմբի իրավասության ներքո է գտնվում»: