Ֆուտբոլ նայելով՝ լուրջ հարցեր չեն լուծվում

29/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

– Ձեր գնահատմամբ` մեկ տարի առաջ «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկիզբ առած գործընթացից ի՞նչ շահեցին կամ կորցրեցին դրա անմիջական մասնակիցները` Հայաստանն ու Թուրքիան:

– Ֆուտբոլային դիվանագիտությամբ կամ ֆուտբոլ նայելու համար իրար այցելելով` քաղաքական լուրջ հարցեր չեն լուծվում: Ինչքան հիշում եմ, ըստ էության, երկու երկրների միջեւ երկկողմանի բանակցություններ, որպես այդպիսին, չեն եղել, այլ միշտ եղել է մի երրորդ կողմ, որը ստիպում էր Հայաստանին եւ Թուրքիային գնալ այդ գործընթացին: Կարծում եմ` մեր իշխանությունները համաձայնեցին գնալ դրան` առաջին հերթին միջազգային ուշադրությունը նախագահական խայտառակ կեղծված ընտրություններից շեղելու համար: Արդյունքում, շնորհիվ հայ-թուրքական հարաբերություններում սկսված գործընթացի, գերտերությունների կամ միջազգային կառույցների ղեկավարները հայկական իշխանությունների հետ խոսում էին ոչ թե մարդու իրավունքների, խոսքի ազատության կամ քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ, այլ խոսում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին: Ուղիղ մեկ տարի այս գործընթացը Հայաստանի իշխանությունների համար հանգիստ ապրելու պատրվակ է եղել` հետընտրական բոլոր երեւույթների հետեւանքով սպասվելիք միջազգային ճնշումներից խուսափելու համար: Սա շահեց ՀՀ իշխանությունը, իսկ ի՞նչ շահեց Հայաստանն ընդհանրապես: Ես չեմ տեսնում Հայաստանի որեւէ շահ: Շատ ցավալի է նշել, որ թուրքերի եւ Թուրքիայի հայազգի գործիչների շնորհիվ՝ հայ-թուրքական գործընթացը լրիվ տապալվեց, եւ մենք հիմա ունենք շատ ավելի վատ իրավիճակ, քան ունեցել ենք գործընթացի սկզբում:

– Ըստ Ձեզ, ոչ ճիշտ դիվանագիտության արդյունքում Հայաստանը ոչինչ չշահեց, ինչն էլ նշանակում է, որ այն շահավետ է եղել մյուս կողմի համար: Ի՞նչ շահեց Թուրքիան:

– Թուրքիան, որպես պետություն, առաջին հերթին կարողացավ ներխուժել ԼՂՀ գործընթացի մեջ` որպես իրական կարեւոր խաղացող եւ անընդհատ նշելով, որ այդ իրավունքը ստացել է նաեւ Հայաստանից: Բացի այդ, Թուրքիան կարողացավ մեկ տարվա ընթացքում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ տարածաշրջանում ինքն ամենակարեւոր ու գլխավոր դերակատարն է: Ես չեմ բացառում նաեւ, որ Թուրքիան եւս այս գործընթացն օգտագործել է միջազգային հանրության ուշադրությունը շեղելու իրենց երկրի խնդիրներից, մասնավորապես՝ քրդական եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերից, որը երկրի ներսում առկա էր այս ընթացքում:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների առկախումը: Արդյո՞ք այս փուլում այն ճիշտ եւ ժամանակին արված քայլ էր:

– Հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործընթացը պետք է այսպիսի վախճան ունենա: Ցանկացած փաստաթղթի ձեւավորումը սկսվում է երկկողմ բանակցություններից, որոնց ընթացքում կողմերը ներկայացնում են իրենց տեսակետները: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացի դեպքում որեւէ նման բան չէր եղել, ուղղակի 2 երկրներին ներկայացվել էր մի փաստաթուղթ, որտեղ գրված էին ինչ-որ սկզբունքներ, ընդ որում` այնպիսի սկզբունքներ, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, եւ, պարզ էր, որ նման արձանագրությունները չէր կարելի ստորագրել, գոնե այն պատճառով, որ այդտեղ նշված էին կետեր, որոնք համարյա միանշանակ կարելի էր օգտագործել ԼՂՀ հարցում` որպես նախապայման:

– Բայց այդ նախապայմանները կային հենց գործընթացի սկզբից: Ձեր կարծիքով` այս ընթացքում Հայաստանի իշխանությունները հույս ունեին համոզելո՞ւ Թուրքիային հետ կանգնելու նախապայմաններից:

– Մի բան պարզ է. եթե Հայաստանն, իրոք, ցանկանար գործընթացը տանել դեպի սահմանի բացում կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապա համապատասխան բանակցություններ կտաներ Թուրքիայի հետ եւ կստորագրեր 2 կետից բաղկացած մի փաստաթուղթ, որտեղ գրված կլիներ, որ կողմերը համաձայնում են բացել սահմանը: Իսկ երկրորդ կետում նշված կլիներ, որ սահմանի բացման տեխնիկական հարցերը լուծելու համար պետք է ստեղծել հանձնաժողով:

– Համամի՞տ եք այն գնահատականների հետ, թե հայկական կողմից արձանագրությունների կասեցումից հետո կուժեղանա արտաքին ճնշումը` ԼՂՀ հարցում, եթե նկատի ունենանք նաեւ ԵԽ ԽՎ նախագահող, ադրբեջանցի Չավուշօղլուի հավակնությունները` ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի նախագահ դառնալու հարցում:

– ԼՂՀ հարցում ճնշման հետ կապված ասեմ, որ Թուրքիան կարողացավ այս մեկ տարվա ընթացքում քարոզչական մեքենան օգտագործելով` համոզել բոլորին, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերություններում որեւէ նորմալ գործընթաց հնարավոր չէ իրականացնել: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ հիմա շատ երկրներ վստահ են, որ հայ-թուրքական հարաբերությունները տապալվեցին հենց ԼՂՀ հարցում լուծումներ ու ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Իսկ լուծում ասելով` նկատի ունեին Թուրքիայի պրոադրբեջանական տարբերակը: Իմ կարծիքով, ԼՂՀ հարցի լուծման հետ կապված գործընթացն արդեն դարձել է ինքնուրույն գործընթաց եւ որեւէ կերպ կապված չէ արձանագրությունների պրոցեսից Հայաստանի դուրս գալու հետ: Կարծում եմ` հիմա հայ-թուրքական հարաբերությունների մասին ուղղակի ձեւով չի խոսվելու եւ փորձ է արվելու արագ ձեւով գտնել ԼՂՀ հարցի լուծումը: Դրա համար էլ պատահական չէ, որ Թուրքիան շատ ակտիվացել է, եւ վերջին շրջանում հնչում են առաջարկություններ ու նույնիսկ պահանջներ: Այդ ակտիվության դրսեւորումներից մեկն էլ հենց այն է, ինչ որ դուք ասացիք` կապված ԼՂՀ հարցով ենթահանձնաժողով գլխավորելու հետ: