Հայաստանում գործող հասարակական չորս կազմակերպություններ (Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Երեւանի մամուլի ակումբը), ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված հուշագիր: Երեկ վերոնշյալ կազմակերպությունների ղեկավարները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ իրենց ստորագրած հուշագիրը զուտ քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկումներ կազմակերպելն է, երկու երկրների հասարակությունների մերձեցումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: Ըստ նրանց` իրենց կոնսորցիումի նպատակը հայ-թուրքական անցած 1-1,5 տարվա հարաբերությունները վերլուծելն է, որոշակի գաղափարներով հանդես գալը, որն էլ, նրանց գնահատմամբ` կօգնի հայ-թուրքական գործընթացի հաջորդ փուլերը բարեհաջող իրականացնել:
Հուշագրի շրջանակում 4 կազմակերպությունները կշարունակեն Թուրքիայի տարբեր կառույցների հետ իրենց աշխատանքները: Այդ թեմայով քննարկումներ կկազմակերպվեն նաեւ Հայաստանի մարզերում: Կմշակվի միասնական ծրագիր եւ ընդհանուր ռազմավարություն, որոնք հետագայում կներկայացվեն նաեւ թուրք գործընկերներին: Նրանց դիտարկմամբ` երկու երկրների հարաբերությունների բարելավման համար նախ պետք է փոխվեն թուրք հասարակության տրամադրությունները: «Թուրքիայի քավարանը Հայաստանն է: Այդ երկիրը պետք է մեր միջոցով մաքրվի, որպեսզի կարողանա ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Մեր նպատակն է թե՛ Թուրքիային ներկայացնել մեր տնտեսության ռեալ պատկերն ու մեր պոտենցիալը, եւ թե՛ Հայաստանին ներկայացնել Թուրքիայի հնարավորությունները»,- հավելեց նա: Ըստ նրա` արդյունաբերության տարբեր ճյուղերում համագործակցություն ծավալելու համար կողմերը բավարար չափով ինֆորմացված չեն: