Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները մեռած չեն: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը` մեկնաբանելով արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում առկախելու ՀՀ իշխանությունների որոշումը:
«Որպեսզի Արձանագրությունները մահանան, անհրաժեշտ է, որ հայաստանյան իշխանությունները հետ կանչեն այդ փաստաթղթերի տակ դրված իրենց ստորագրությունը: Այսինքն, տեսականորեն կարող ենք ասել, որ Արձանագրությունները կմահանան այն ժամանակ, երբ հայաստանյան իշխանությունները հետ կկանչեն դրանք խորհրդարանից, կամ հատուկ որոշմամբ իրենց ստորագրությունը կհանեն Արձանագրություններից: Բացի այդ, արձանագրությունները «սառեցվեցին» բնորոշումն այդքան էլ տեղին չէ: Թերեւս ամենաճիշտ բնորոշումը, որ կարելի է տալ արձանագրային գործընթացի հետ կապված վերջին զարգացմանը, այն է, որ Արձանագրությունները ներկա պահին սպասողական վիճակում գտնվում են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովներում: Այսինքն, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ փաստաթղթերը դրվել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների պահարաններում»,- ասել է Մուրաd Մերջանը:
Հարցին, թե` «հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանական հանձնաժողովում ինչի՞ են սպասում, այսինքն` Թուրքիային ի՞նչ գոհացնող քայլերից հետո դրանք կարող են հայտնվել օրակարգում», Մուրադ Մերջանը պատասխանել է. «Արձանագրությունները մեր հանձնաժողովի օրակարգում հայտնվելու համար անհրաժեշտ են այնպիսի զարգացումներ, որոնք հակառակ չեն լինի մեր ժողովրդի խղճին: Նախ, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորում, խնդիրների կարգավորման մեխանիզմի մշակում: Որովհետեւ Հայաստանի հետ սահմանի փակման գլխավոր պատճառը ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններն էին, այլ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթումը: Այսինքն` անհրաժեշտ է մեխանիզմի մշակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների կարգավորման համար: Երկրորդ, որը պակաս կարեւոր չէ, ՀՀ Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումն է: Այդ որոշմամբ ասվում է, որ Արձանագրություններով չի ճանաչվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանը, եւ այն, որ այդ Արձանագրություններում տեղ գտած պատմաբանների հանձնաժողովում Ցեղասպանության հարցը չի ուսումնասիրվելու: Այդ որոշման հետ կապված զարգացում է պետք, որովհետեւ ՍԴ-ի այդ որոշումը հակասում է Արձանագրությունների տառին եւ ոգուն»: Ըստ նրա` արձանագրություններում երկու հիմնական դրույթ կա. «Առաջինը` երկու երկրների միջեւ սահմանների ճանաչումը եւ այդպիսով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը: Երկրորդ` պատմական հանձնաժողովի ձեւավորումը, որով նախատեսվում է վերացնել երկու երկրների միջեւ առկա պատմական տարաձայնությունները»: Ի դեպ, Մերջանը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը շարունակվելու է: