«Փաստացի այս արձանագրություններն արդեն գոյություն չունեն: Կարծում եմ` այս տեսքով արձանագրությունները այլեւս երբեք քննարկման նյութ չեն դառնա: Դրանք դե յուրե կան, դե ֆակտո` մեռած են»,- երեկ հայ-թուրքական արձանագրությունների սառեցման մասին իր դիրքորոշումը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` դրա համար հիմք են հանդիսացել նախ երկու կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունը, եւ երկրորդ` ՀՀ նախագահի ուղերձը: «Եկել է ողջամիտ ժամկետներում` ասվածը եւ առանց նախապայմանների` գործելաոճը գնահատելու ժամանակը: Թուրքիան պատրաստ չէ, ողջամիտ ժամկետներն ավարտվել են: Ներկա փուլը համարում ենք ավարտված»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը: Բանախոսը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ինքնուրույնություն չունեցող երկիր, որն, այնուամենայնիվ, այնքան հզոր չէ, որ կարողանա փակել դուռն ու ստորագրությունը ետ կանչել: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարի կարծիքով`առանձնակի սիմվոլիկա կա 1 տարի առաջվա` ապրիլի 22-ի ճանապարհային քարտեզի ու 1 տարի անց ՀՀ նախագահի ուղերձի հրապարակման միջեւ: «Նույն օրը նա փակեց շրջանը եւ ազատեց մեզ այդ խարան խորհրդանիշից: Իմ կարծիքով, կրկնում եմ` արձանագրությունները մեռած են»,- ընդգծեց նա` անդրադառնալով «մեռած» արձանագրությունների դրական եւ բացասական կողմերին: «Որոշակի պարբերականությամբ ցանկացած հասարակության մեջ նման ցնցումներն ուղղակի անհրաժեշտ են` եւ՛ լճացումից խուսափելու, եւ՛ սեփական արժեքները գնահատելու, եւ՛ ապագայի համար լիցքեր կուտակելու համար: Երկրորդ` այսօր բոլորը` ամենաբարձր իշխանավորներից ու քաղաքական գործիչներից սկսած, հասարակության մեջ բոլորը այլեւս խոսում են ոչ միայն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, այլեւ հայրենազրկման, հետեւանքների վերացման ու հատուցման մասին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը` միաժամանակ կարեւորելով այն հանգամանքը, որ ստեղծված ոգեւորության ալիքի վրա Հայաստանը Ցեղասպանությունը հանկարծ չընկալի որպես անցյալի, ողբի, լացի խնդիր: «Այդ վտանգն այսօր ես արդեն տեսնում եմ, երբ մարդիկ, ովքեր 1 տարի առաջ բոլորովին այլ տոնայնությամբ էին խոսում այս թեմայի մասին, այսօր լրիվ փոխել են իրենց տոնայնությունը»,- նկատեց Ա. Վարդանյանը: Ըստ նրա` արձանագրությունների սառեցման գործընթացի արդյունքում արտաքին աշխարհում ՀՀ Նախագահի լեգիտիմության խնդիրն այլեւս գոյություն չունի: «Որքան էլ ոմանց համար ձեռնտու չլինի, սա երկրի, ժողովրդի համար կարծում եմ` կարեւոր է»,- ավելացրեց նա: Արձանագրությունների «սառեցման» հաջորդ դրական կողմը, ըստ բանախոսի` ազգային կարեւորագույն շահերը չզիջելու դիրքորոշումն է: «Մեռած» արձանագրությունների բացասական կողմերին անդրադառնալով՝ Ա. Վարդանյանը նշեց. «Այս գործընթացը Թուրքիային հնարավորություն տվեց բացահայտ փորձելու կողմ դառնալ եւ՛ արցախյան հարցում, եւ՛ ընդհանրապես տարածաշրջանի խնդիրներում: Թուրքիան հնարավոր բոլոր տեղերում փորձում էր պաշտպանել Ադրբեջանի շահերը, բայց երբեք դա չէր անում հրապարակավ: Պակաս բացասական հետեւանք չէ մեր քաղաքական համակարգի թերությունների հերթական անգամ բացահայտումը, եւ քաղաքական գործիչները հաճախ առաջնորդվում են ոչ թե օբյեկտիվ իրականությունից, այլ՝ թե ով է ասում այս կամ այն տեսակետը. եթե ասում է ընդդիմադիր կողմը` բարձրագույն իշխանության տեսակետներին ոչ համաձայն կողմը, ապա դրանից են ելնում իրենց գնահատականները: Կարծում եմ` սա մեր քաղաքական մշակույթի հիմնական բացերից մեկն է: Կարծում եմ` մենք արտաքին ճակատում ունենք մեկ հիմնական խնդիր եւ մեկ ածանցյալ: Բնականաբար, հիմնականը` ղարաբաղյան հարցն է: Պետք է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ: Հայաստանը զուտ սահմանի հարցով պետք է միջազգային ճնշումն ուժեղացնի Թուրքիայի վրա, որովհետեւ, ի վերջո, սա միակ փակ սահմանն է Եվրոպայում: Փակ սահմաններ չպետք է լինեն: Կարծում եմ` անկախ մեռած արձանագրություններից՝ այս թեման պիտի մնա Հայաստանի քաղաքական օրակարգում: Հիմա ժամանակն է դեմքով շրջվել դեպի ներքին կյանք ու անել այն, ինչ ասված էր դեռեւս 2-3 տարի առաջ իմ հիշատակած ծրագրերում: Իսկ ներքին կյանքում խնդիրները շատ են»: