«Գորշ գայլերը» սպառնում են սպանել

29/04/2010

Թուրքիայում ազգայնական շրջանակների ներկայացուցիչները սպառնում են սպանել ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպիչներին: «Firat» գործակալության փոխանցմամբ` Մարդու իրավունքների պաշտպանության միության Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչներին սկսել են սպառնալ այն բանից հետո, երբ վերջիններիս նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել Ստամբուլում` ի հիշատակ 1915թ. ապրիլի 24-ին սպանված հայ մտավորականների: «Firat»-ի հետ հարցազրույցում կազմակերպության քարտուղար Բաքի Բողան հայտարարել է, որ իրենք ստանում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ մահվան սպառնալիքներով եւ վիրավորանքներով: «Անցած տարի Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ նույնպես հանդես էինք եկել հայտարարությամբ եւ ստանում էինք սպառնալիքներով նամակներ: Սակայն այս տարի սպառնալիքների թիվը բազմապատկվել է»,- նշել է Բողան` ավելացնելով, որ իրենք պատրաստվում են հայց ներկայացնել դատարան` ընդդեմ իրենց հասցված վիրավորանքների եւ սպառնալիքների հասցեատերերի: «Մենք առայժմ չենք ուսումնասիրել մեզ ուղարկվող նամակների աղբյուրը: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ դրանց բովանդակությունը գաղափարական առումով համապատասխանում է «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպությանը»,- հայտարարել է թուրք իրավապաշտպանը` 1915թ. իրադարձությունները եւս մեկ անգամ որակելով որպես Ցեղասպանություն: «Ցեղասպանության ժամանակ 1 միլիոնից ավելի մարդ է սպանվել: Որեւէ նշանակություն չունի` այդ սպանությունները թուրքերի՞, թե՞ քրդերի ձեռքով են իրականացվել: Կարեւորն այն է, որ դա իրականացվել է պետության կողմից հատուկ հրահանգով»,- հայտարարել է Բաքի Բողան: