ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկվա ասուլիսում հակադարձեց որոշ գիտնականների այն պնդումներին, թե ոլորտի գումարները փոշիացվում են։ «Փոշի որ չկա, ի՞նչը պետք է փոշիացվի: Փոշին Իսլանդիայում է եւ ծածկել է ամբողջ Եվրոպայի երկինքը: Մենք չունենք փոշի»,- հեգնել է Ռ. Մարտիրոսյանը: Այնուհետեւ հավելել է, թե համակարգի ֆինանսավորումը չնչին է, եւ «փոշիացում էլ որ լինի, էլ ի՞նչ կմնա»: Ռ. Մարտիրոսյանը նաեւ համեմատություն է անցկացրել եվրոպական երկրների գիտական հաստատությունների հետ` ասելով, թե` իր դիտարկումները ցույց են տվել, որ եվրոպական գիտական ինստիտուտները 100 անգամ ավելի շատ են ֆինանսավորում ստանում, քան Հայաստանում: Ըստ նրա` Եվրոպայում մեկ գիտնականին տարեկան հատկացվող ֆինանսավորումը կազմում է 200.000 եվրո, իսկ Հայաստանում՝ ընդամենը 2000 եվրո: «Սակայն հայ գիտնականի տված արտադրանքը ընդամենը երկու անգամ է զիջում եվրոպական նշված ինստիտուտների արտադրանքին: Լավ կլիներ, որ ոչ թե 100 անգամ, այլ գոնե 10 անգամ պակաս լիներ մեր ֆինանսավորումը, արդիականացվեր մեր հետազոտական բազան, ոլորտում սերնդափոխություն ապահովվեր»,- նշեց նա:
Ի դեպ, Ռ. Մարտիրոսյանը դժգոհեց, որ Հայաստանում գիտական հետազոտությունները տնտեսության մեջ չեն կիրառվում, ինչի պատճառը ոչ թե հայ տնտեսվարողներն են, այլ հայկական շուկայի փոքր լինելը: «Մարդիկ չեն կարող ռիսկի դիմել եւ գումարներ վճարել գիտնականի արտադրանքը գնելու համար: Իհարկե, նրանք հետագայում այդ գումարները ետ կստանան, սակայն հայկական շուկան իր մեջ ռիսկեր է պարունակում»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը: