Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը մտահոգություն են հայտնում ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն, պետությունը պատասխանատվություն է կրում Ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, եւ համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն կյանքի իրավունքը խախտելու համար` լինի դա սպանություն, թե ինքնասպանություն»,- ասված է իրավապաշտպան կազմակերպությունների ապրիլի 27-ի համատեղ հայտարարությունում: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը` պաշտոնական լիազորությունները անցնելու եւ «Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով»: Իսկ ավելի վաղ կալանավորվել էր նույն բաժանմունքի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը, ում եւս մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով:Այդուհանդերձ, Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության նախագահ Միքայել Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե ձերբակալությունները քիչ հույս են տալիս, որ դեպքը լիովին կբացահայտվի: «Տարել են խոշտանգել, սպանել, հետո իմիտացիա ձեւակերպել` իբրեւ ինքնասպանություն: Այդպիսի ինքնասպանություն չի լինում, ես համոզված եմ: Հիմա ոչ միայն հոգեկան կհանեն այդ մարդուն (Խալաֆյանին), ինչ ասես կձեւակերպեն` միայն թե ապացուցեն այդ նախնական վարկածը»,- ասել է Միքայել Արամյանը: Վերջինիս խոսքով` Ոստիկանությունում խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկան Հայաստանում համակարգային է, մտածելակերպ է: «Շատ կան, բայց մեծ մասամբ անապացուցելի են, որովհետեւ խոշտանգվողները, որպես կանոն, համարձակություն չեն ունենում մինչեւ վերջ պնդելու իրենց խոշտանգման փաստը, որովհետեւ տարբեր մեթոդներով, տարբեր եղանակներով մասսայական այդպիսի ճնշումների են ենթարկվում, եւ, ի վերջո, այդ մարդիկ հրաժարվում են փաստերը մինչեւ վերջ պնդելուց: Վերջում ձեւակերպում են` կամ աստիճաններից են ընկել աչքի վրա, կամ ականջի վրա են ընկնում` զավեշտի հասնող իրավիճակներ են»,- ասել է իրավապաշտպանը:
Իսկ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունում ասված է. «Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում անպատժելիության մթնոլորտի խորացման, մասնավորապես իրավապահների կողմից կամ նրանց գիտությամբ կատարված հանցագործությունները անպատիժ թողնելու համար»: «Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին մահանում է Ոստիկանության բաժնում: 2008թ. մայիսի 12-ին որպես սպանության վկա Ոստիկանություն հրավիրված Լեւոն Գուլյանը եւս մահացել է ՀՀ ոստիկանության շենքում, եւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մահվան փաստի առթիվ: Ավելին, 2010թ. փետրվարի 5-ին Վերաքննիչ դատարանը մերժեց նրա իրավահաջորդների բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի գործը կարճելու որոշման դեմ»,- ընդգծում են իրավապաշտպան կազմակերպությունները: