Ավելի խիստ ու ի պաշտոնե

29/04/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթ տեղի ունեցած ահագին բան կարելի է տնտեսական որակել: Մի շաբաթում Հարկային տեսչությունը խոշոր հարկատուների ցանկը հրապարակեց: Հետո Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետը գիտության արդի վիճակի գնահատականը տվեց: Տնտեսական տեսանկյունից, բնականաբար: ԳԱԱ-ն տարեկան ժողով էր անում: «Այլեւս տեղին չէ, երբ ԳԱԱ-ն բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ ԳԱԱ-ն պատասխանի առկա հարցերին»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Ցավոք, չճշտեց, թե կոնկրետ ինչ պատասխաններ է ակնկալում ազգիս գիտական մտքից: Հետո վարչապետը շարունակելով այպանել գիտնականներին, ավելացրեց` մեր գիտնականներն իրենց արտադրանքը վատ են փաթեթավորում: Հակասությունն ակնհայտ էր: Վարչապետը մի կողմից՝ պնդում է, որ գիտնականները պատասխան չեն տալիս: Մյուս կողմից՝ նշում, որ դրանք կան, բայց վատ են փաթեթավորված: Բոլոր դեպքերում մեր գիտնականները հասկացան, որ վարչապետը զայրացած է: «Վարչապետի ելույթն այս տարի մի քիչ ավելի խիստ էր»,- հաջորդ օրը պարզաբանեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Պարզաբանեց ու ասաց. «Դե վարչապետն ուրիշ ի՞նչ պետք է ասեր, ի պաշտոնե պետք է այդպես ասեր»: Վարչապետի զայրույթը գիտնականները բացատրեցին նաեւ այն փաստով, որ նա շատ է կենտրոնացել գիտական արդյունքների առեւտրայնացման վրա: Բայց մյուս կողմից՝ պարզից էլ պարզ է, եթե փող ես փոխանցում Կոմպոզիտորների միությանը, ուրեմն մի քանի սիմֆոնիա պիտի ստանաս: Ցանկալի է, որ ստացածդ լավ ապրանք լինի: Այսինքն` համաշխարհային երաժշտական շուկայում մրցունակ ու լավ փաթեթավորված սիմֆոնիա: Եթե ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով գիտություն ու կրթություն ես ֆինանսավորում, ուրեմն ամեն տարի գրաֆիկով մի քանի հայտնագործություն պիտի ստանաս: Մրցունակ ու լավ փաթեթավորված: Իսկ վարչապետի վատ տրամադրությունը տնտեսական ճգնաժամով ու դրա հետեւանքներով բացատրելը միանգամայն սխալ է: Այն չի կարող բացասական հույզեր պոկել վարչապետից, որովհետեւ այլեւս անցյալ է: Այդ մասին հասարակությունը տեղեկացավ ակնառու հաջորդ տնտեսական իրադարձությունից: Այսինքն՝ վարչապետի հաջորդ ելույթից: Որ տեղի ունեցավ Եվրասիական բանկի հայաստանյան գրասենյակի բացման արարողության ժամանակ: Վարչապետն այստեղ էլ էր խիստ: Խիստ էր ու դժգոհ հիմնադրամի աշխատանքներից: Նա հայտարարեց, որ «ճգնաժամը կարծես ետեւում է, բայց հիմնադրամի միջոցներն այդպես էլ չեն ծախսվել»: Փաստորեն, մեր տնտեսությունը առանց հակաճգնաժամային վարկերի կարողացավ հաղթահարել այն: Առաջին եռամսյակի տնտեսական վիճակագրությունը պնդում է, որ տնտեսական կյանքում համարյա ամեն ինչ աճել է` արտահանումների ծավալից մինչեւ երկրի արտաքին պարտքը: Ի հեճուկս բոլոր հոռետեսների: Այսինքն` տնտեսության իրական հատվածի ու բնակչության: Ովքեր միայն աճի մի մասն են տեսնում` երկրի ֆինանսական պարտքերի աճը: Եվրասիական բանկի համեստ ներկայությունը մեր տնտեսական կյանքում բոլորը (ներառյալ՝ նաեւ վարչապետը) բացատրում են այս բանկի վարկային բարձր տոկոսադրույքներով: Հայաստանյան բանկերը խիստ «համեստ» են տնտեսության վարկավորման հարցում: Դրամի կայունությանն ու գնաճին հետեւող Կենտրոնական բանկն էլ վերջին ամիսներին ընդունված ու չընդունված հնարավոր միջոցներով դրամազրկում է տնտեսությունը: Նախ՝ դրամի արժեզրկման դեմն առնելու, հիմա արդեն՝ դրամի արժեւորումն ապահովելու նպատակով ԿԲ-ն շրջանառությունից հանում է ազատ դրամի ողջ քանակը: Պարբերաբար բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այսինքն` հնարավորինս թանկացնում վարկային միջոցները: ԿԲ այս քաղաքականությունը վարչապետի քննադատությանը այդպես էլ չարժանացավ: Բայց պարզվում է` այն, ինչ կարելի է մերոնց, չի կարելի այլոց: Հին հույները կասեին. «Ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»: Այս պարագային Զեւսի դերը վերապահված է մեր Կենտրոնական բանկին, իսկ եզինը` Եվրասիական բանկին: Հենց նրա վարկավորման բարձր տոկոսները հարուցել են վարչապետի զայրույթ-քննադատությունը: Նույնիսկ տնտեսական ճգնաժամի օրերին ակնհայտ էր, որ պարտք տվողներ միշտ էլ կան: Հիշում եք, դեռ թուրքահպատակ Բենդերն էր վստահ ասում. «Եթե երկրում դրամանիշներ են տպագրվում, ապա կան մարդիկ, ում մոտ դրանք շատ են»: Մեր իշխանություններին հաջողվեց առանց բարդության տնտեսական ճգնաժամին զուգընթաց երկրի պարտքը մեկ ու կես անգամ ավելացնել: Առանց կոնկրետ տնտեսական ծրագրի ու նպատակի: «Պարտքը մենք կվերցնենք ու կծախսենք, վերադարձնելու մասին թող հաջորդները մտածեն» լոզունգ-տրամաբանությունը միասնական է մեր երկրի բոլոր ժամանակների իշխանավորների համար: