«Մեր յուղով տապակվելու ու հայկական ֆոլկը ներկայացնելու ժամանակն է»

29/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ջերրի Բերգոնզիի, Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Ի. Բուտմանի, Գ. Գարանյանի, Ջ. Բենսոնի, Տաթեւիկ Հովհաննիսյանի հայաստանյան մենահամերգների պրոդյուսերը, չգիտես ինչու, միշտ համեստ է ու չի սիրում խոսել իր կատարած աշխատանքների մասին: Ավելին, այս առումով նույնիսկ կատակում է` ասելով. «Բախից հետո ամեն ինչ կրկնվում է, մենք էլ այդ կրկնությունների ջուրն ընկած շարժվում ենք»:

– Հետաքրքիր է` երաժշտությունից բան չհասկացող օլիգարխը, ով, բնականաբար, շատ փող ունի, կարո՞ղ է երաժշտական պրոդյուսեր դառնալ:

– Ձեր նշածը հովանավորչությունն է: Պրոդյուսերի խնդիրը հովանավոր փնտրելն ու գտնելն է: Որպես օրինակ՝ նշեմ Հայաստանի պետական ջազ բենդը: Պրոդյուսերը նախեւառաջ պետք է հասկանա, թե ո՞վ է երաժիշտը, ի՞նչ է նա զգում եւ այլն: Այս բոլոր նրբություններն ընկալելուց հետո արդեն կարող ես հաղորդակցվել աշխարհի հետ: Իսկ ի՞նչ է պետք երաժշտին: Առաջին` կարողանալ պաշտպանել իրենց շահերը, կարողանալ ճիշտ տեղերում ներկայացնել իրենց: Մինչդեռ մեզ մոտ հեռուստահաղորդումներ կան (անունները չեմ ուզում թվարկել), որտեղ ներկայացնում են երգերի շքերթ ու կազմակերպում են sms-քվեարկություն: Երբեմն հանդիպում ես այնպիսի երգչի, որն իր մակարդակով միանշանակ բարձր է, քան իր կողքին ներկայացված երգերը, բայց ուշագրավն այն է, որ հենց իր կողքի երգերն են ավելի շատ sms-ներ ստանում: Իսկ պատճառն այն է, որ այդ երգերն ունեն ունկնդիրների ստվար բանակ: Տվյալ դեպքում բարձր մակարդակ ունեցող երգչի երգը տուժում է` ճիշտ տեղում չհայտնվելու պատճառով:

– Այսինքն` անտեսե՞լ պահանջարկը:

– Ցավով պետք է նկատեմ, որ մեզ մոտ պահանջարկը շատ վատն է: Պահանջարկի ետեւից գնալով` մենք կհասնենք ամենացածր աստիճանին: Ինձ համար աբսուրդ է, բայց երբեմն ԱԼՄ-ով այնպիսի համերգներ են ցույց տալիս, որ անկախ իմ կամքից, ես չեմ փոխում այդ հեռուստաալիքը:

– Փաստորեն, այսօր ԱԼՄ-ն դարձավ մեր հեռուստաընկերությունների, այսպես ասած` էտալոնը, այո՞:

– Իհարկե, ԱԼՄ-ն ունի նաեւ հաղորդումներ, որոնք հեռուստալսարանի մեկ այլ հատվածի համար են, բայց դրան զուգահեռ՝ հեռուստաընկերությունը տալիս է այլընտրանք: Ասում է` եթե չես ուզում իմ «աստղիկներին» նայել, կարող ես լսել բարձրակարգ երաժշտություն: Ամեն դեպքում նոր երգիչներ կան, որոնք սխալ պրուդյուսերության կազմակերպման պատճառով հայտնվում են սխալ տեղում: Իսկ դա նրանց միայն վնասում է: Պրոդյուսերության կարեւորագույն խնդիրը երգչի, երգչուհու կամ խմբի համար ճիշտ ճանապարհով տանելն է: Մեզ մոտ դեռ ամեն ինչ արվում է սիրողական մակարդակի վրա: Մենք միշտ ունեցել ենք հնչյունային ռեժիսորի խնդիր: Մինչ օրս չունենք այնպիսի դպրոց, որը կպատրաստի պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսորներ կամ թեկուզ երաժշտական պրոդյուսերներ: Երաժշտական պրոդյուսերը նախեւառաջ պետք է ունենա երաժշտական կրթություն:

– Դուք ունե՞ք երաժշտական կրթություն:

– Ես սովորել եմ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետ` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` որպես ալտահար, նվագախմբի մենակատար եւ դասատու որակավորմամբ: Դասավանդել եմ նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում եւ միաժամանակ` որպես երաժիշտ, աշխատել եմ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբում: Միայն դրանից հետո ես սկսեցի զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով: Նույնիսկ հիշում եմ, տարիներ առաջ ընկերներիցս մեկը, ով բնակվում էր ԱՄՆ-ում, գիրք ուղարկեց: Այդ տարիներին Արմեն Մարտիրոսյանի հետ, այսպես ասած, ջազ բենդը վերստեղծեցինք: Գիրքը կարդալով` մենք համոզվեցինք, որ տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ընդամենը մի քանի ժամում կարելի էր ստանալ` այդ գիրքը կարդալով:

– Բայց մեզ մոտ 7 նոտա ճանաչելը համարվում է գերպրոֆեսիոնալիզմ: Ավելին` հաճախ այդ «նոտայագետներին» ու դրանք կցմցված երգերին վերաբերվում ենք խիստ պատկառանքով: Ինչո՞ւ է այդպես:

– Այսպես թե այնպես, 7 նոտայից ավելի նոտա չկա: Բախն էլ էր այդ 7 նոտայով գրել, իսկ թե ի՞նչ ես գրում` դա է խնդիրը: Իրականում Ձեր նշած երգերը թիթեռի կյանք ունեն: Դրանք արժեք չունեն: Այն, ինչ արժեք ունի` մնալու է: Եթե նույնիսկ արժեքավոր գործը ճիշտ տեղում չի հայտնվում, միեւնույն է` ժամանակի ընթացքում այն ձեռք է բերելու իր արժանի գնահատականը: Դա ընդամենը ժամանակի խնդիր է: Այս խնդիրն անգամ համաշխարհային երգարվեստում կա, որտեղ որոշները պարզապես մեծ գումարներ են աշխատում: Հիմա կան անուններ, որոնք տարիներ անց հաստատ կմոռացվեն: Օրինակ, 5-10 տարի առաջ փայլատակող աստղերից ո՞ւմ ենք հիշում: Երբ Ջոն Բենսոնին հրավիրեցինք Հայաստան, մարդիկ կային, ովքեր մեզ շնորհակալություն էին հայտնում համաշխարհային այդպիսի անուն բերելու համար: Ինչպես տեսնում եք, արժեքները չեն կորչում: Միայն թե այսօր ոչ արժեքավոր երգերի երեւան գալուն նպաստում է նաեւ հեռուստատեսությունը:

– Համաշխարհային շոու-բիզնեսում ձեւավորված «մաֆիաների» մասին այսօր բոլորս էլ գիտենք: Հայաստանում էլ շրջանառվում են լուրեր, թե մեզ մոտ էլ ազդեցիկ է հենց Երգի պետական թատրոնի «մաֆիան»` ի դեմս Արթուր Գրիգորյանի: Ինչպե՞ս կբացատրեք դա:

– Արթուր Գրիգորյանի հետ մենք մանկության ընկերներ ենք: Ես վստահ կարող եմ ասել, որ Արթուր Գրիգորյանը երբեք ծանոթի միջոցով երգիչ կամ երգչուհի չի ընդունել: Կարծում եմ` այսօր ոչ մի լուրջ բիզնեսմեն իր հորեղբոր տղային, ով վատ մասնագետ է, երբեւէ աշխատանքի չի ընդունի: Բնականաբար, նա կբերի լավ մասնագետի, որպեսզի իր բիզնեսը ծաղկի: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող է Արթուրը նման քայլով իրեն հեղինակազրկել: Նրա լավ անվան ու հեղինակության մասին բոլորն էլ գիտեն: Ու գաղտնիք չէ նաեւ այն, որ Հայաստանում գրեթե բոլոր լավ երգիչ-երգչուհիները դուրս են եկել Հայաստանի Երգի պետական թատրոնից: Իսկ դա Արթուր Գրիգորյանի շնորհքն է:

– Իսկ մեզ մոտ շարունակում է աղբը շատանալ: Ինչո՞ւ:

– Աղբը փոքր-ինչ շատ է երեւում, որովհետեւ նույն հեռուստաընկերություններն են այն շատ ցուցադրում: Իսկ իրականում, եթե այդ ամենից դուրս ես գալիս, գնում ես ակումբներ, տեսնում ես, որ իրականում արժեքներ կան, ու մեծ աշխատանք է կատարվում:

– Իսկ, ասենք, Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչը ո՞նց պետք է հաղորդակցվի այդ արժեքներին:

– Հեռուստաընկերությունների միակ վատ կողմն է դա: Ես չեմ ասում` ցույց չտան, բայց դրան զուգահեռ՝ պետք է նաեւ ցույց տան արժեք ունեցող երգերը: Հանդիսատեսը, հեռուստադիտողը պետք է ընտրության հնարավորություն ունենա: Երբ սկսվեց հեռուստաընկերությունների սեփականաշնորհման գործընթացը, ես միշտ ասում էի, որ պետության կողմից պետք է սահմանվի վերահսկողություն:

– Նախկինում կա՞ր:

– Անշուշտ: Սովետական Միության ժամանակ կար «Խուդսովետ», այսինքն` գեղխորհուրդ, առանց որի թույլտվության երբեք ռաբիս երգը հեռուստատեսությունում չէր հնչում: Սա էլ մի ծայրահեղություն է, բայց այսօր մենք անցել ենք մյուս ծայրահեղության, այսինքն` ցույց են տալիս այն, ինչի պահանջարկը կա, ինչից գումար են ստանում: Այդպես չի կարելի: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ վերահսկողությունն իրականացնել. երեւի այն պետք է լինի ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության կողմից: Կարեւորն այն է, որ պետք է որոշակի վերահսկողության լծակներ դրվեն բոլոր հեռուստաընկերությունների վրա: Ցավալի է, բայց ամեն ապրիլի 24-ին որ հեռուստաալիքը շրջում ես, հրաշալի դասական երաժշտություն են ցուցադրում: Սա ի՞նչ է նշանակում, որ իրենք այդ ամենն ունեն, չէ՞: Դժբախտաբար, մեզ մոտ դասական հրաշալի երաժշտությունը դարձել է սգո, թաղման երաժշտություն, այլ կերպ ասած` «պանիխիդայի» երաժշտություն: Այս առումով պետք է վերահսկողության մարմին ստեղծել, որին իրավունք կտրվի ցենզուրա դնելու: Պետք է լինեն ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ ու ամենակարեւորը` լավ մասնագետներ:

– Բայց արդեն կա Հանրային խորհուրդ, որը վերջերս Հեռուստատեսության չափորոշիչներ մշակեց, որտեղ որեւէ խոսք չկար շոու-բիզնեսի «աղբահանության» մասին:

– Տարիներ առաջ էր, երբ դասավանդում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, մի աղջիկ էր եկել դպրոց, ու ծնողներին հարցեր էի տալիս, թե ինչու են նրանք իրենց երեխաներին երաժշտական դպրոց բերել: Տարբեր պատասխաններ հնչեցին: Միայն ծնողներից մեկն ասաց, որ իր երեխային երաժշտության է տվել, որովհետեւ ուզում է, որ իր երեխան մարդ դառնա: Բայց ամբողջ աշխարհն է հասկացել, որ երաժշտությամբ կարելի է մարդուն դաստիարակել, իսկ մեզ մոտ` հակառակը, դա սկսում են անտեսել:

– Ի դեպ, Դուք, լինելով Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսերը, ինչպե՞ս կբացատրեիք «Եվրատեսիլի» բեմ դուրս գալու «տենչը»:

– Հայաստանում հաճախ մոռանում են, որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, այլ ոչ թե երգիչ-երգչուհիների: Անցյալ տարի բոլորն էլ միաձայն ընդունեցին Ինգային ու Անուշին, նույնիսկ հարցնում էին, թե ինչո՞ւ են նրանք այդքան ուշացումով մասնակցում մրցույթին: «Եվրատեսիլն» ունի իր կանոնները: «Եվրատեսիլն» ավելի շատ քաղաքական մրցույթ է, ինչի մասին ես նախընտրում եմ չխոսել: Sms-ների քանակով մեր երկիրը 3-րդ տեղում էր:

– Ի վերջո, ինչպիսի՞ն է հայաստանյան երգի շուկայի վիճակը:

– Շոու-բիզնեսը մեզ մոտ այնքանով է զարգացած, որքան մենք կանք: Մի պարզ օրինակ բերեմ` եթե մեզ մոտ պետք է արտադրվի 5000 ձայնասկավառակ, ապա Ռուսաստանում` 5 միլիոն: Բնականաբար, այս թվերն արդեն համարժեք չեն: Միակ ելքը մեր յուղով տապակվելն ու մեր ֆոլկը ներկայացնելն է: Շոու-բիզնեսը երաժշտական արտադրանք է, որը պետք է հասցնել ինչ-որ մակարդակի ու այն վաճառել: Միջազգային ասպարեզներ հասնելու համար մենք ինքներս պետք է ներկայացնենք մեր ֆոլկը: Մենք իրենց երաժշտության մեջ ասելիք չունենք: Թեեւ ունենք հայ տաղանդավոր երաժիշտներ, ովքեր աշխատում են այլ երկրներում, ինչպես, օրինակ, Վահագն Հայրապետյանը, ով ստեղծեց «Կատուներ» նվագախումբը: Նա ներկայացնում է մեր ֆոլկ երաժշտությունը` ջազային ինտոնացիաների մատուցմամբ, որն արեց նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Միջազգային ասպարեզ դուրս գալու միակ ճանապարհը մեր ֆոլկ երաժշտության մատուցումն է` անկախ ժանրային պատկանելությունից:

Ունենք լավ երիտասարդ երաժիշտներ, ովքեր բավական խոստումնալից են: Պարզապես պետք է լավ դպրոց հիմնել ու ճիշտ աշխատանք տանել: Բոստոնի հայտնի ջազ քոլեջ ընդունված մեր հաղթող երեխաների վերաբերյալ (քոլեջ ընդունվելու համար անցկացվում էր մրցույթ, որին դիմել էր 70-80 հոգի.- Մ. Մ) այնտեղի պրոֆեսորներից այնպիսի՜ նամակներ ենք ստացել: Իհարկե, սկզբում մտածում էին, թե մեր երիտասարդները ո՞ր երկրից են, բայց… Այնտեղ գնացին ընդամենը երկու հոգի, բայց ինչքան լավ երաժիշտներ ունենք:

– Որոնց, ավաղ, չենք տեսնում մեր հեռուստաէկրաններին, այո՞:

– Ոչ, մեկ-մեկ տեսնում ենք:

– Ամեն դեպքում Ձեր աղջկան` երգչուհի Էմմա Ասատրյանին, ինչո՞ւ եք հեռու պահում շոու-բիզնեսից:

– Էմմային ես, իսկապես, ետ չեմ պահում: Նա հիմա ջազ է երգում: Մասնակցում է Երգի պետական թատրոնի, ջազ բենդի համերգներին: Դասավանդում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ինչպես նաեւ՝ Երգի պետական թատրոնում: Վերջերս նրա տեսահոլովակի պրեմիերան էր: Հիմա պատրաստվում է կրկնակի ձայնասկավառակ թողարկել` մեկում լինելու են նրա հեղինակած երգերը, մյուսում էլ` ջազային երգեր: