Խմբագրական

29/04/2010

Վերջին տարիներին հասարակական-քաղաքական քննարկումներում հաճախ կարելի է լսել «արդյունավետ կառավարում» արտահայտությունը: Դա ավելի շատ կիրառվում է այն ժամանակ, երբ խոսվում է Հայաստանի պետական կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մասին: Ինչպես անցումային փուլում գտնվող բոլոր պետություններում, Հայաստանում եւս պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը համարվում է պետության եւ հասարակության առջեւ ծառացած ամենակարեւոր եւ բարդ խնդիրներից մեկը: Ֆորմալ, ինստիտուցիոնալ առումով Հայաստանի պետական համակարգը բավարար չափով համապատասխանեցված է ժամանակակից միջազգային, այդ թվում` եվրոպական չափանիշներին: Սակայն առանձին վերցրած պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը բավական ցածր է, ինչն ազդում է նաեւ հասարակության կողմից պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աստիճանի վրա: Որպես հիմնախնդիր՝ դա արձանագրում են նաեւ Հայաստանի իշխանությունները, եւ այդ է պատճառը, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը ամրագրված է նաեւ Եվրոպական կառույցների հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության մասին փաստաթղթերում: Այդուհանդերձ, այս ուղղությամբ ամենագործնական եւ շոշափելի մեխանիզմը կարելի է համարել Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը: Դրանում, բացի հռչակագրային դրույթներից ու բարի ցանկություններից, ամրագրված են Հայաստանի պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին աջակցելու կոնկրետ գործողություններ, որոնք արդեն մոտ մեկ տարի իրականացվում են: Արդեն շուրջ մեկ տարի է` Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում մշտական հիմունքներով գործում է Եվրամիության` մեկ տասնյակից ավելի փորձագետների խումբը, որը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանի պետական կառավարման տարբեր օղակներին` Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման եւ տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ: Փորձագետները մասնավորապես խորհրդատվություն են տրամադրում հակակոռուպցիոն ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման, ազատ եւ ամբողջական առեւտրի համաձայնագրի կնքման, հարկային, մաքսային վարչարարության կատարելագործմանն ուղղված աշխատանքներում: Հայկական կողմից ստեղծվել եւ ներկայումս գործում են 21 աշխատանքային խմբեր, որոնք 20-ից ավելի ուղղություններով աշխատում են եվրոպացի փորձագետների հետ: Ուշագրավ է, որ փորձագետների մշտական գործունեության միջոցով աջակցության ձեւաչափը Եվրամիության կողմից առաջին անգամ իրականացվել է Հայաստանում (նախկինում այդօրինակ խորհրդատվական խմբերը գործում էին միայն Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացրած երկրներում) եւ հաշվի առնելով դրա արդյունավետությունը՝ այն նախատեսվում է կիրառել նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ մյուս պետություններում: