Առայժմ` փորձի փոխանակում

29/04/2010

Ավելի քան մեկ տարի է` ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակում աշխատում է Եվրամիության «Twinning» ծրագրի ավագ խորհրդական Անտոնիո Մորան: Նա խորհրդատվություն է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ա. Մորան ասում է, որ իր հիմնական առաքելությունն է՝ աջակցել, որպեսզի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը համապատասխանի եվրոպական չափանիշներին:

– Ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների ոլորտում ներկայիս վիճակը եւ Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում:

– Միայն Պաշտպանի ինստիտուտի գոյությունն արդեն իսկ նշան է այն փաստի, որ Հայաստանում ինչ-որ բան արվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Վստահ կարելի է ասել, որ Պաշտպանը շատ կարեւոր դեր ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեջ, այլեւ երկրի ժողովրդավարացման գործընթացում:

– Ո՞րն է Եվրամիության փորձագետների դերն այս ոլորտում:

– Առաջին հերթին՝ առաջարկել իրենց փորձն այս տիպի հաստատությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ֆրանսիայում՝ մոտ 40, իսկ Իսպանիայում՝ 25 տարուց ավելի գոյություն ունի Պաշտպանի ինստիտուտ: Մենք փորձում ենք կիսել մեր ունեցած փորձը հայ գործընկերների հետ` հայկական իրականությունում օգտակար լինելու եւ կիրառելու նպատակով:

– Արդեն կարելի՞ է խոսել արդյունքների մասին։

– Այս պահին իրականացրել ենք ծրագրի մեկ երրորդ մասը: Հետեւաբար, դեռ վաղ է ճշգրիտ արդյունքներ սպասելու համար: Սակայն արդեն ձեռք բերած արդյունք կարելի է համարել այս վեց ամիսների ընթացքում փոխանակված փորձի պարզ փաստը: Մոտ ապագայում ակնկալում ենք ունենալ Պաշտպանի գործունեության եւ ՀՀ օրենսդրական ակտերի փոփոխությունների առաջարկներ: