Դեպի արդյունավետ կառավարում

29/04/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրը միշտ եղել է եվրոպական հասարակությունների ուշադրության կենտրոնում։ Դա համարվում է նաեւ Եվրամիության հետ համագործակցող պետությունների հետ հարաբերություններում ԵՄ-ի հիմնական ուղղություններից մեկը:

Արդյունավետ կառավարումը` որպես գերակայություն, ամրագրված է թե՛ Եվրոպական հարեւանության քաղաքականության, թե՛ Արեւելյան գործընկերության ծրագրերում: Եվրոպական համայնքի աջակցությունը այս հարցում տարաբնույթ է՝ ֆինանսական, տեխնիկական, ուսուցողական եւ այլն։

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանում իրականացվել են պետական կառավարման համակարգի բազմաթիվ բարեփոխումներ, որոնք առավել ակտիվացել են հատկապես եվրոպական կառույցներին ինտեգրվելուց հետո։ Սակայն Հայաստանում կա որոշակի թերահավատություն դրանց արդյունավետության առնչությամբ։ Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանում շատ բարեփոխումներ կատարվում են ընդամենը «թղթի վրա», այլ նաեւ այն պատճառով, որ եվրոպական երկրները՝ իրենց պետական կառավարման համակարգով, նույնպես անընդհատ փոփոխությունների մեջ են։

Նշենք, որ այսպես կոչված, ադմինիստրատիվ բարեփոխումները Եվրոպայում շարունակական ընթացք են ունեցել։ Ռեֆորմատորական գաղափարներն ու պրակտիկ նախագծերը քիչ չեն եղել XIX դարում եւ XX դարի ընթացքում։ Այս առնչությամբ ֆրանսիացի պրոֆեսոր Ռոլան Դրագոն նկատել է. «Որոշ իմաստով, ադմինիստրատիվ ռեֆորմը միֆ է։ Ադմինիստրացիան գտնվում է մշտական բարեփոխման մեջ, ինչը խոսում է նրա առողջության մասին»։

Արտասահմանյան (այդ թվում՝ եվրոպական) պետական կառավարման համակարգերը մշտապես ադապտացվել են անկայուն զարգացմանը, ընթացող տնտեսական եւ սոցիալական զարգացումներին։ Արդյունքում՝ յուրաքանչյուր երկիր կուտակել է իր սեփական փորձը։ Այսինքն` այդ առումով Հայաստանի համար բավականին լավ բազա կա՝ վերցնելու եվրոպական փորձի լավագույն օրինակները։ Եթե հավատանք պաշտոնական հաղորդագրություններին, մեզ մոտ հենց դա էլ տեղի է ունենում։ Ընդ որում, դա կատարվում է տարիներ շարունակ։ Սակայն միամտություն կլիներ ասելը, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության ցուցանիշներով մենք մոտեցել ենք Եվրոպային։

Ինչպես նշեցինք, զուտ հռչակագրային առումով, Հայաստանը եվրոպական երկիր է։ Օրենքները եվրոպական են, պետական կառույցները՝ նույնպես։ Դե, իսկ պետական գերատեսչությունների տեխնիկական հագեցվածության, ավտոպարկի ու պետական պաշտոնյաների հագուկապի առումով՝ մի բան էլ երեւի առաջ ենք անցել։

Հետաքրքիրն այն է, որ Եվրոպայում եղած հայաստանցիների մոտ տպավորում է լրիվ հակառակ պատկերը։ Օրինակ՝ Ֆինլանդիա այցելած իմ ծանոթներից մեկը ամեն հարմար առիթով պատմում է, թե ինչպես է փողոցում տեսել հեծանվով ինչ-որ տեղ գնացող մի մարդու, եւ հետո իմացել, որ նա նախարար է։ Կամ՝ Անգլիայում եղած հայաստանցուն տպավորում է ոչ թե պառլամենտ մտնող պատգամավորի շքեղ ավտոմեքենան ու նրան ուղեկցող ջիպերի քանակը, այլ մաքսիմալ չափավորությունը. նրանց մեծ մասը աշխատանքի է գալիս ոտքով։ Առավել հետաքրքիրն այն է, որ այդ երեւույթից տպավորվում ու հիացած պատմում են նաեւ մե՛ր պատգամավորները՝ շարունակելով ԱԺ նիստերի օրերին Դեմիրճյան փողոցը փակել մի քանի շարքով կանգնած իրենց ավտոմեքենաներով։ Շարունակելով զուգահեռներ անցկացնել մեր ու Անգլիայի միջեւ, նշենք, որ որքան էլ զարմանալի է, կան բաներ, որ մենք ունենք, անգլիացիները՝ ոչ։ Օրինակ՝ Սահմանադրություն։ Անգլիացիները չունեն գրավոր Սահմանադրություն։ Ավելին՝ չկա նաեւ փաստաթղթերի հստակ ցանկ, որոնք կարելի է պայմանականորեն համարել սահմանադրություն։ Ժողովրդի եւ իշխանության հարաբերությունները կարգավորվում են գրված եւ չգրված օրենքներով։ Սակայն կարելի՞ է ասել, որ Սահմանադրության առկայությունը պետական կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից մեզ որեւէ առավելություն տալիս է։ Հազիվ թե։

Դժվար է խոսել Անգլիայի վերաբերյալ եւ չնշել այդ երկրի պառլամենտի մասին։ Կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ, որ անգլիական պառլամենտի արմատները ձգվում են մինչեւ 13-րդ դարի սկիզբը։ 1215թ. խոշոր հողատերերը հասան նրան, որ Հովհաննես Անհողը ստորագրեց Ազատությունների մեծ խարտիան։ Դրա համաձայն, թագավորն իրավունք չուներ նոր հարկատեսակներ նշանակել՝ առանց թագավորական խորհրդի համաձայնության։ Հենց թագավորական խորհուրդն էլ ժամանակի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվեց՝ վերածվելով պառլամենտի։ 1265թ. Լեսթերի 6-րդ կոմսը՝ Սիմոն դե Մոնֆորը, հավաքեց առաջին պառլամենտը ընտրությունների միջոցով։ Հետաքրքիր մի նրբերանգ. ընտրությունների մասնակիցների համար գործում էր, այսպես ասած, նյութական ցենզ. մասնակցելու իրավունք ունեին միայն այն մարդիկ, ովքեր ունեին տարեկան 40 շիլինգ վարձավճար բերող հող։ Անգլիայի պառլամենտը ի վերջո վերածվեց նրան, ինչ կա այսօր՝ ներկայացնելով հասարակության բոլոր խավերին։ Իսկ մենք, չնայած օրենքներին ու արդեն իսկ եղած փորձին, հետ գնացինք մինչեւ 13-րդ դարի Անգլիա. պատգամավոր դառնալու համար մեզ մոտ նույնպես գործում է թեկուզ չգրված, բայց շատ դժվարանցանելի նյութական ցենզ։ Շարունակելով թեման՝ նշենք, որ բավականին ուշագրավ է նաեւ քվեարկության պրոցեսը։ Պառլամենտի երկու պալատներում էլ քվեարկությունը բանավոր է. անդամները գոռում են՝ «Aye» (այո) կամ «Nay» (ոչ)։ Նիստը վարողը ըստ այդմ հայտարարում է քվեարկության արդյունքը։ Եթե պատգամավորները համաձայն չեն, անցկացվում է ձայների հաշվարկ, կամ, ինչպես ասում են, «ձայների բաժանում»։ Դա տեղի է ունենում այսպես. նիստի մասնակիցները դուրս են գալիս դահլիճից եւ մտնում կողքի երկու սրահները։ Նեղլիկ դռների արանքով անցնելու ընթացքում այդտեղ նստած գրագիրը նշում է նրանց անունները, իսկ դահլիճ վերադառնալիս հաշվում ձայները։ Բավականին երկար պրոցես է, այնպես չէ՞։ Մարդիկ չեն օգտագործում տեխնիկայի նվաճումները՝ կոճակներով չեն քվեարկում։ Դժվարացնում են իրենց գործը, բայց փոխարենը թե՛ իրենք, թե՛ ընտրողները երբեք չեն տեսնի, որ, ենթադրենք, սըր Ալեքսը ձեռքը երկարացրած քվեարկի սըր Ջոնսի փոխարեն։ Բաներ կան, որ մեզ էլ վիճակված չէ տեսնել։ Օրինակ՝ մենք երբեք չենք տեսնի, որ իշխող կուսակցության շարքային անդամը խիստ քննադատության ենթարկի նախագահին։ Իսկ անգլիական պառլամենտում՝ նման երեւույթները սովորական են։

Նշենք նաեւ, որ մեր եւ եվրոպական պետական կառավարման համակարգը՝ մասնավորապես խորհրդարանական համակարգը, մի մեծ ընդհանրություն ունեն։ Եվրոպացիները դժգոհում են, որ իրենց երկրներում նվազում է հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ։ Ստացվում է, որ ոչ թե ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, այլ ժողովրդի մի մասը, առավել շահագրգիռ հատվածը։ Շատերը դա անվանում են անգամ կառավարման ճգնաժամ։ Պատճառները տարբեր են։ Մեծ մասամբ նշում են, որ եվրոպացիները անտարբեր են դարձել քաղաքական պրոցեսների նկատմամբ, կամ դժգոհ են տարվող քաղաքականությունից։ Մյուսները հարցին այլ տեսանկյունից են նայում. մարդիկ անտարբեր են դարձել, բայց այն պատճառով, որ իշխանությունը նորմալ է աշխատում, եւ իրենք անհանգստանալու պատճառ չունեն։ Մեզանում նույնպես ընտրություններին քիչ են մասնակցում (մանավանդ՝ տեղական նշանակության)։ Սակայն պատճառն է ուրիշ՝ ընտրությունը կեղծվում է ու անիմաստ դարձնում տեղամաս գնալը։

Եվրոպական չափանիշներին համապատասխանող պետական կառավարման համակարգ ունենալու համար միայն փաստաթղթերը, պայմանագրերը, ծրագրերն ու բարեփոխումները բավարար են։ Հարկավոր են եվրոպական մտածելակերպ ունեցող մարդիկ, առաջին հերթին՝ պետական կառավարման համակարգում։ Եվ Եվրոպայի հետ աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը այս առումով լավատեսության հիմքեր ստեղծում է, քանի որ աշխուժանում են շփումները Եվրոպայի հետ։ Իսկ մեկ անգամ տեսնելը, ինչպես ասում են, հարյուր անգամ լսելուց կամ կարդալուց լավ է։