«Նախագահ Օբամայի` այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում միակ թարմ գաղափարը հետեւյալ համառոտ նախադասությունն էր. «Ես ողջունում եմ այն թուրքերին, որոնք 1915 թվականին փրկել են հայերին»: Սա գովելի միտք է, որը, ցավոք, իմաստազրկվեց, քանզի բացակայում է հենց այն, ինչից կամ ումից փրկել էին այդ հայերին»,- իր` «Սառեցված Արձանագրությունները… Եվ Օբամայի կրկին հրամցրած նույն ուղերձը» հոդվածում գրել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Նա միաժամանակ հույս է հայտնում, որ Ապրիլի 24-ի հաջորդ հանդիսավոր ոգեկոչումը չի ստվերվի ոչ Արձանագրություններով (սառեցված կամ հալված), ոչ էլ նախագահ Օբամայի վիրավորական ուղերձով: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում առկախելու մասին որոշմանը` Սասունյանը գրում է, որ քանի որ Հայաստանը բազմիցս հայտարարել էր, որ առաջինը չի վավերացնի արձանագրությունները, ապա համաձայնագրերը «ամիսներ ի վեր արդեն սառեցված էին, եթե չասենք, որ դրանք մեռելածին էին»:
Ըստ Սասունյանի` չնայած ոմանք նախագահ Սարգսյանի որոշումը կարող են համարել համարձակ քայլ, սակայն ավելի նախընտրելի կլիներ, եթե նա հետ կանչեր իր երկրի ստորագրությունն արձանագրություններից, քանզի դրանք արդեն տապալված են: «Նախագահը շատ հանգիստ կարող էր դրանց տապալման մեղքը բարդել Թուրքիայի ոչ կառուցողական կեցվածքի վրա: Անցյալ շաբաթվա իր հրապարակային ուղերձում Սերժ Սարգսյանն ընդունեց, որ հարգելով Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների խնդրանքը` ամբողջովին չի հրաժարվել Արձանագրություններից, այլ որոշել է կասեցնել դրանք: Այժմ, երբ առաջինը Հայաստանը թարթեց, Թուրքիան նրան է մեղադրում արձանագրությունների տապալման համար: Այսպիսով, Հայաստանը օգնեց Թուրքիային ճողոպրելու միջազգային հզոր ճնշումից, որին նա ենթարկվում էր վերջին ամիսների ընթացքում Արձանագրությունների վավերացումը ձախողելու համար»,- գրում է նա:
Սասունյանի գնահատմամբ` քանի դեռ արձանագրություններն ամբողջովին մերժված չեն, Թուրքիան շարունակելու է դրանք շահարկել` ճարպկորեն պնդելով, որ շարունակում է կողմնակից լինել դրանց վավերացմանը` «ճիշտ» պայմանների տակ, եւ որպես օգտակար գործիք կիրառել երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության նախաձեռնությունները հաղթահարելու համար: Սակայն, ըստ նրա` Թուրքիան արձանագրությունները շահարկող միակ երկիրը չէ: Քանի որ ԱՄՆ նախագահ Օբաման` արձանագրություններից չհրաժարվելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելուց հետո, իր ամենամյա ուղերձում կրկին խույս տվեց Հայոց ցեղասպանություն տերմինից` որպես պատրվակ օգտագործելով գոյություն չունեցող «հայ-թուրքական երկխոսությունը»:
«Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը փոխարինեց «Մեծ եղեռն» տերմինով եւ կիրառեց այն նույն էվֆեմիզմներն ու խայտառակ բառախաղերը, որոնց համար մեղադրել էր նախագահ Ջորջ Բուշին` սենատոր եւ նախագահի թեկնածու եղած ժամանակ»,- գրում է Սասունյանը: «Պատկերացրեք, թե բողոքի ինչ ալիք կբարձրանար, եթե նախագահ Օբաման հանկարծ Հոլոքոստն անվաներ կոտորած կամ ողբերգական դեպք: Սակայն, Ապրիլի 24-ի իր ուղերձում Հայոց ցեղասպանության նկատմամբ ճիշտ այդպիսի քայլի է դիմել` էվֆեմիզմների մի ամբողջ շարք կիրառելով. «Մռայլ անցյալ», «պատմության մութ դրվագներ», «ցավալի պատմություն», «1915 թվականի ահավոր իրադարձություններ», «կործանարար էջեր», «20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը», «կոտորած» եւ «սարսափելի իրադարձություններ»: Նախագահ Օբամայի օգնականներն իրենց ժամանակն ավելի օգտավետ կարող էին անցկացնել, եթե հոմանիշների բառարաններ թերթելու փոխարեն՝ պատմության գրքեր կարդային»,- նշում է «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը: