Ամենամյա բժշկական զննումն օգնում է վերահսկել բոլոր օրգանների աշխատանքը եւ զգուշացնում հնարավոր վտանգի մասին: Իսկ ժամանակին ախտորոշումն արդեն ապահովում է հիվանդության ամբողջական բուժումը: Իսկ թե ինչպես պետք է պատրաստվել հետազոտությանը, հուշում են մասնագետները:
Օրինակ, որովայնի հատվածի ուլտրաձայնային հետազոտության պետք է գնալ քաղցած վիճակում, հակառակ դեպքում լեղապարկը կրճատվում է, իսկ այդ վիճակում էկրանի վրա իրական պատկերը չի երեւում: Հետազոտության գնալուց 2 օր առաջ խորհուրդ է տրվում չուտել հաց, միրգ, հում բանջարեղեն ու կաթ: Իսկ ահա արգանդի ուլտրաձայնային հետազոտության գնալու համար ընդհակառակը` պետք է շատ ջուր խմել` մինչեւ 1,5 լիտր: Իսկ, օրինակ` արյան ճնշումը չափելու համար պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ալկոհոլ օգտագործելուց ու ծխելուց, ինչպես նաեւ ավելորդ հոգեկան ապրումներից, քանի որ գործիքը կարող է սխալ ցուցանիշ ցույց տալ:
Մամոգրաֆիական հետազոտության պետք է գնալ դաշտանային ցիկլի մեջտեղում ընկած ժամանակահատվածում, քանի որ այն կապ ունի օրգանիզմի հորմոնային տատանման հետ:
Հերթական բժշկական զննումն անհրաժեշտ է բոլորին ու բոլոր տարիքներում: Այսպես. 20 տարեկանում մարդու օրգանիզմը երիտասարդ է եւ բավականին առողջ, այդ պատճառով կարելի է սահմանափակվել մակերեսային հետազոտությամբ: Դրանց թվին են պատկանում, օրինակ` ճնշման չափումը: Արյան բարձր ճնշումը հաճախ վկայում է հիպերտոնիայի մասին: Կարծիք կա, որ հիպերտոնիա հիվանդությունն առաջանում է հասուն տարիքում, բայց դա այնքան էլ այդպես չէ, քանի որ այս հիվանդությունը կարող է զարգանալ նույնիսկ դեռահասների մոտ: Այս տարիքում կարելի է նաեւ արյան հետազոտություն անցկացնել, քանի որ դրա միջոցով հայտնաբերվում է նույնիսկ ամենափոքր վարակը: Օրինակ` եթե էրիտրոցիտների քանակը ցածր է նորմայից, այն կարող է վկայել անեմիայի մասին, իսկ եթե տրոմբոցիտների քանակն է քիչ, դա էլ վկայում է արյան ցածր մակարդելիության մասին: Արյան անալիզով կարելի է որոշել նաեւ շաքարի քանակը: Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ այս հիվանդությունը եւս կարող է զարգանալ վաղ տարիքում ու առանց ախտանշանների:
Մեզի անալիզը հնարավորություն է տալիս պարզելու երիկամների, միզասեռական օրգանների եւ լյարդի վիճակը: Մեզի միայն գույնից կարելի է դատել մարդու առողջության մասին: Պետք է նաեւ չմոռանալ ֆլյուորոգրաֆիայի մասին, քանի որ դրանով կարելի է ժամանակին ախտորոշել թոքերի, շնչուղիների հավանական հիվանդությունները: 18 տարեկանից սկսած` անհրաժեշտ է պարբերաբար ուշադրություն դարձնել շնչուղիների հիվանդություններին: Տեսողության ստուգումը եւս անհրաժեշտ բուժզննում է վաղ տարիքից սկսած: Նման հետազոտությամբ կարելի է հայտնաբերել ոչ միայն հեռատեսություն կամ կարճատեսություն, այլ նաեւ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` կատարակտը, գլաուկոման, սկլերոզն ու դիաբետը: Ստոմատոլոգիական զննումը եւս անհրաժեշտ է բոլոր տարիքներում: Պետք չէ այնքան սպասել, որ ցավը դառնա անտանելի: Հատկապես փչացած ատամները կարող են բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Արդեն 30 տարեկանից հետո շատանում են սթրեսային հոգեվիճակներն ու գերհոգնածության երեւույթները: Ամենամյա բժշկական զննումներին ավելանում է նաեւ էլեկտրոսրտագրությունը` պարզելու համար սրտի վիճակը: Այն պարտադիր հետազոտություն է` հատկապես գենետիկ հիվանդությունների կամ չափից շատ գեր լինելու դեպքում: Այս տարիքից հետո կանանց համար շատ կարեւոր է կրծքագեղձի բուժզննումը: Դրա արդյունքում կարելի է հայտնաբերել չարորակ կամ բարորակ նորագոյացությունը նույնիսկ այն փուլում, երբ այն ձեռքով շոշափելի չէ:
40 տարեկանից հետո օրգանիզմում սկսում են հորմոնալ փոփոխություններ կատարվել, որը միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահել: Հատուկ անալիզների միջոցով պետք է համոզվել, որ էնդոկրին համակարգի հետ ամեն ինչ կարգին է: