Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովի կարգադրությամբ տեղի է ունենում կանանց զանգվածային ստերիլացում, այդ թվում` առանց վերջինների գիտության: «The Sunday Times» բրիտանական թերթի փոխանցմամբ` Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ այդ ծրագիրը մեկնարկել է 1999թ., սակայն 2003թ. այն փակվել էր` ժողովրդի դժգոհության պատճառով: Ըստ որոշ աղբյուրների` Քարիմովի նախագահության օրոք մեկ կնոջ ծնելիության գործակիցը կրկնակի նվազել է: 2007թ. այդ ծրագրի իրականացման ապացույցները հրապարակվել են ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ հանձնաժողովի զեկույցում: Ուզբեկստանի իշխանությունների կարծիքով` երկրում ծնելիության մակարդակը շատ բարձր է: Ըստ բրիտանական թերթի տվյալների` Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր գինեկոլոգի պարտադրել է ստերիլացնել առնվազն երկու կնոջ: Բժիշկները կապում են կանանց ֆալոպյան փողերը` առանց նրանց գիտության եւ համաձայնության, օրինակ, կեսարյան վիրահատության ժամանակ: Ըստ իրավապաշտպանների` փետրվարից ի վեր՝ Ուզբեկստանում ստերիլացրել են մոտավորապես 5000 կնոջ: Սակայն Ուզբեկստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրավապաշտպանների մեղադրանքները, թե ստերիլացումը կատարվել է առանց հիվանդների համաձայնության: Ըստ իրավապաշտպանների, այդ սկանդալային տվյալների հրապարակումից հետո կանայք նախընտրում են ծննդաբերել տանը` վտանգի ենթարկելով նորածնի ու սեփական կյանքը: