«Առաջիկայում սպասվում է Դ. Մեդվեդեւի այցը: Առանցքային հարցերից է լինելու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը: Մենք այդ թեման դիտարկում ենք որպես մեր հարցը եւ շարունակում ենք միշտ պահել օրակարգում: Հետայսու Թուրքիան եւ Ադրբեջանը կկոորդինացնեն իրենց քայլերը: Ոչ մի զարգացում չի կարող հարվածել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությանը: Դա բոլորը պետք է իմանան»,- երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` տեղեկացնելով, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին Անկարա ծրագրված այցի ժամանակ քննարկվելիք առանքային հարցերից մեկը լինելու է հենց ղարաբաղյան հիմնախնդիրը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, Դավութօղլուն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորվելու են: «Մենք ցանկանում ենք դա»,- ասել է նա` հավաստիացնելով, թե լուծվելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը: «Թուրքերն ու հայերը գոյակցել են դարեր շարունակ: Աշխարհի որ ծայրում էլ միմյանց հանդիպեն, պետք է ոչ միայն ցավերը, այլեւ պատմությունը կիսել սովորեն, միմյանց հետ ապրել սովորեն, միմյանց հետ ապրել են, այսուհետեւ էլ միասին են ապրելու»,- ասել է նա: Ըստ նրա` Կովկասում ստատուս-քվոն որեւէ մեկի շահերից չի բխում. «Ինչ էլ լինի, մենք չենք կարող ասել` թող ստատուս-քվոն պահպանվի: Հավանաբար, որոշ ժամանակահատված մեզ հանգիստ կզգանք… Սակայն մեր երեխաներին խնդիրներով լի մի Կովկաս կթողնենք: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, մեզ հետաքրքրում է: Ռուսաստանի եւ Իրանի` Կովկասի հետ կապված ցանկացած մոտեցում ուղղակիորեն մեզ հետ կապ ունի: Այդ պատճառով մենք չենք ուզում, որ Կովկասում պահպանվի ստատուս-քվոն: Կովկասում ստատուս-քվոյի առկայությունը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի, ոչ եղբայրական Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի եւ ոչ էլ որեւէ այլ երկրի շահերից: Սակայն այդ ստատուս-քվոն փոխելու համար համարձակ քայլեր չեն իրականացվել: Մեր նպատակն է ճիշտ ուղղությամբ փոխել այդ ստատուս-քվոն»,- հայտարարել է Դավութօղլուն` ընդգծելով, որ խաղի մեկնարկը տրված է, եւ դրա նպատակը Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատումն է: «Մեր խաղաղության եւ հաշտեցման հեռանկարը հենց դա է»,- ասել է նա: