Քարոզչություն՝ առանց չափորոշիչների

27/04/2010

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանական-պետական քարոզչությունը սահմաններ չի ճանաչում: Բառի ամենաբուն եւ ամենաընդարձակ իմաստով: Ցանկացած մեկը (անկախ ազգային, կրոնական, սեռական պատկանելությունից, գործունեության բնույթից), ով որեւէ կերպ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դառնում է մեր իշխանական լրատվամիջոցների օրվա հերոսը: Երեկ էլ հայկական հեռուստաընկերություններից շատերը անթաքույց հրճվանքով պատմում էին, թե ինչպես է ամերիկահայ պոռնո-հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերից մեկում իր հերոսական լուսանկարի տակ գրել. «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»: Ավելին` Քարդաշյանը նույնիսկ այդ թեմայով վեճի է բռնվել մի թրքուհու հետ: Հիշեցնենք, որ խոսքը մի «հայորդու» մասին է, ով բացի իր հայտնի զբաղմունքից, հայերեն գիտի ընդամենը մեկ արտահայտություն եւ հպարտանում է ոչ միայն իր հայկական արմատներով: «My greatest pride is my Armenian genes and my Armenian vor»,- ուղիղ մեկ տարի առաջ «The Armenian reporter» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր աշխարհահռչակ հայուհին: (Ընդ որում, այդ հարցազրույցից հետո Սփյուռքում բավական մեծ աղմուկ էր բարձրացել, եւ որքան հայտնի է` հրապարակումն անդրադարձավ նույնիսկ պարբերականի ղեկավարության փոփոխության վրա): Ի դեպ, իր բարեմասնություններով հանդերձ, սույն հայուհին, ըստ E-Poll Market Research-ի, զբաղեցնում է աշխարհի ամենաձանձրալի աստղերի ցուցակի 6-րդ հորիզոնականը, եւ բացառված չէ, որ Հայոց ցեղասպանության մասին իր «հաղթարշավով» փորձում է սեփական PR-ն անել: Ինչին բարեհաջող կերպով նպաստում է նաեւ հայկական քարոզչությունը: Այդուհանդերձ, կարծում ենք, հաշվի առնելով նրա վաստակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, մեր հեռուստաընկերությունները կխախտեն վերջերս ընդունված չափորոշիչները եւ կներկայացնեն այս հարցազրույցի հայերեն թարգմանությունը: Ցանկալի է` Քիմ Քարդաշյանի` Արարատի ֆոնին լուսանկարներով: