«Նախագահ Օբամայի ուղերձն արտացոլում էր միակողմանի սխալ քաղաքական մոտեցումներ»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չնայած չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, սակայն հիշատակեց 1.5 միլիոն անմեղ զոհերի մասին: «Պատմական ճշմարտության ամենամեծ թշնամին սուբյեկտիվ հիշողություններն են: Որեւէ ժողովուրդ պատմական իր հիշողությունը չպետք է պարտադրի մյուսներին»,- ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Օբամայի ուղերձը: «Այս անգամ Վաշինգտոնում հաշվի նստեցին Թուրքիայի մտահոգությունների հետ»,- ասել է Էրդողանը: Ի դեպ, նրա այս հայտարարությունն ընդդիմության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետականի ղեկավար Դենիզ Բայքալը հայտարարել է. «Օբամայի օգտագործած բառը հայերենում նույն ցեղասպանությունն է նշանակում: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ԱՄՆ նախագահի ուղերձը գոհացրել մեր վարչապետին: Էրդողանն ավելի վատ մի բա՞ն էր ակնկալում: Նման ուղերձը ողջունելը պարզապես վիրավորական է մեր քաղաքացիների համար»: