Արձանագրությունները հանվեցին քառօրյայից

27/04/2010

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունները դուրս են եկել քառօրյա նիստերի օրակարգից, բայց շարունակում են մնալ մեծ օրակարգում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոսկվայից վերադառնալուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ հայտարարեց, որ ավարտվել է «ողջամիտ ժամկետը», ու կոալիցիայի եւ Անվտանգության խորհրդի նիստում որոշվել է կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Արձանագրությունները կասեցնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ կոալիցիան: ԱԺ-ն հիմք ընդունելով այդ հայտարարությունները՝ իրավունք ուներ նիստերի օրակարգից հանել արձանագրությունների քննարկումը: Հիշեցնենք նաեւ, որ արձանագրությունները ԱԺ քննարկման էր ներկայացվել դեռեւս փետրվարի վերջին, բայց մինչեւ հիմա չէին քննարկվել: Քառօրյայում ընդգրկված օրինագծերի քննարկումների հերթականությունը որոշում է ԱԺ նախագահը: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով ԱԺ նախագահն այդ արձանագրությունները կամ ցանկացած օրինագիծ չդնի քննարկման, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ երեք նստաշրջան հետո դրանք մեխանիկորեն քննարկվելու են: Այսինքն, եթե դրանք մնային քառօրյա նիստերի օրակարգում, ապա 2011թ. աշնանային նստաշրջանում մեխանիկորեն կքննարկվեին: Ու ԱԺ-ն ստիպված էր լինելու որոշում կայացնել` արձանագրությունները վավերացնել, կամ մերժել: Եվ որպեսզի ԱԺ-ն այս իրավիճակում չհայտնվի, քառօրյա նիստերի օրակարգից հանել է արձանագրությունների քննարկումը: Սակայն քանի դեռ այդ փաստաթուղթը մնում է մեծ օրակարգում, ցանկացած պահի հնարավոր է նորից ընդգրկել քառօրյա օրակարգ, ու նույնիսկ արտահերթ նիստ հրավիրել դա քննարկելու համար: Այս դեպքում էլ 60 օրը մեկ ԱԺ-ն պետք է հետաձգի արձանագրությունների քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ այս վիճակում էլ անորոշություն կա: «Եթե նախագահը կասեցրել է ընթացակարգը, եւ դրա վերաբերյալ կա իրավական ակտ, նշանակում է, որ հարցը ընդհանրապես պետք է դուրս գար ԱԺ օրակարգից, հետ ուղարկվեր նախագահական, այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը կասեցված կհամարի գործընթացը: Նախաձեռնությունը չի կարող մնալ ԱԺ թեկուզ մեծ օրակարգ, եթե հեղինակը անհրաժեշտ չի համարել այն քննարկել»,- ասում է Ա.Մինասյանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ գտնում է, որ արձանագրությունների վավերացման կասեցման դեպքում թույլ են տրվել որոշակի ընթացակարգային սխալներ: Նրա խոսքերով՝ կոալիցիայի հայտարարությունը պետք է հետեւեր նախագահի ուղերձին, մինչդեռ հակառակն է արվել: Բացի այդ, պատգամավորը կարծում է, որ արձանագրություններում եղած վտանգները վերացված չեն: «Երկրորդ` իրավական առումով այդ հայտարարությունները ոչինչ չեն փոխում, որովհետեւ արձանագրությունները մնում են ուժի մեջ, ստորագրությունը մնում է ուժի մեջ, եւ ցանկացած պահի, երբ Թուրքիան կվավերացնի, դրանք կարող են ներկայացվել վավերացման առանց որեւէ խնդրի: Արձանագրություններում եղած վտանգները վերացված չեն: Հայաստանը հիանալի հնարավորություն ուներ հենց այդ վտանգները վերացնելու, այսինքն` ստորագրությունը հետ կանչելու, սակայն դա չարվեց, եւ այն, ինչ արվել է, կարճ ժամանակի քարոզչական խնդիրներ լուծելուց բացի՝ որեւէ նպատակ չէր կարող հետապնդել»,- ասում է Տ.Թորոսյանը: