Պատգամավորները վախենում են ասեղից

27/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովում երեկ պատգամավորներին կարելի էր հանդիպել ձեռքերը բռունցք արած եւ վեր պարզած քայլելիս: Նրանք թեւից արյուն էին հանձնել: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամը երեկ իրականացնում էր ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի դոնորագրում:

ԱԺ դահլիճին հարակից միջանցքում երեկ սպիտակ ծածկոցով 2 սեղան էր դրված: Եվ պատգամավորներն առավոտյան Նիստերի դահլիճ գնալիս` միմյանց զարմացած հարցնում էին, թե ինչի՞ համար են նախատեսված այդ սեղանները, կամ արդյո՞ք ինչ-որ միջոցառում է նախատեսված: Հետո նրանք սկսեցին իրար տեղեկացնել, որ պետք է արյուն հանձնեն: Նախ չգիտեին, թե դա ինչի համար էր նախատեսված, ավելի ուշ պարզեցին, որ 3 միլիգրամ արյուն հանձնելով` դոնորագրվում են «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրում»: Արյուն հանձնելու ակցիան սկսվեց ընդմիջմանը եւ ավարտվեց նիստերի ավարտի հետ միաժամանակ: Եվ այդ գործողությունը տեղի ունեցավ ԱԺ միջանցքում: Օրվա վերջում պարզվեց, որ դոնորագրվել են ընդամենը 36 հոգի, որից ընդամենը 20-ն էին պատգամավոր: Մյուսները լրագրողներ եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ էին:

Արյուն հանձնող առաջին «մարտիկը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Սարգսյանն էր: Արյուն հանձնեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահներ Սամվել Նիկոյանն ու Արեւիկ Պետրոսյանը: Լրագրողները ԱԺ նախագահից հարցրեցին, թե չի՞ վախենում երակից արյուն հանձնելուց: «Մինչեւ հիմա չե՞ք հասկացել, որ շուտ չեմ վախենում: Լրագրողներից վախենանք, արյուն տալուց վախենանք, ո՞ւր կհասնի»,- պատասխանեց Հ.Աբրահամյանը:

Հ.Աբրահամյանին արյուն հանձնելիս տեսնելով` հագուստը հանելով՝ բժշկական սեղանին մոտեցավ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս բժիշկներին հորդորեց իր կողքին կանգնած դաշնակցական Վահան Հովհաննիսյանից կրկնակի չափով արյուն վերցնել, քանի որ նա ընդդիմադիր է: «Ցավեցրեք այս մարդուն»,- հակահարված տվեց Վ.Հովհաննիսյանը: Սակայն բժիշկները ցավեցրեցին Վ.Հովհաննիսյանին: Երկար ժամանակ նրանք չէին կարողանում ծակել դաշնակցական պատգամավորի երակը: Եվ երկար փորձից ու Վ.Հովհաննիսյանի երկու թեւերն էլ ծակծկելուց հետո, ի վերջո, բժիշկներին հաջողվեց գտնել նրա երակը: «Տանջեք ինձ, տանջեք: Ձեզ հանձնարարել են, որ օպոզիցիային տանջելով անեք»,- ավելացրեց Վ.Հովհաննիսյանը:

Գ.Սահակյանը բացատրեց, թե քանի որ «Դաշնակցությունը» հիմա ընդդիմադիր է, Հայաստանի համար օգտակար է, որ ընդդիմության արյունն ավելի շատ մարդկանց ներարկվի: Արյուն հանձնող պատգամավորները դժգոհում էին, որ խորհրդային տարիներին նման դեպքում իրենց շոկոլադ էին տալիս: Երեկ նման վերաբերմունք չդրսեւորվեց: Եվ այդպիսով` կատակելով ու շոկոլադ պահանջելով՝ երեկ արյուն հանձնեցին ընդամենը 20 պատգամավորներ: Նրանց այդ միջոցառումը նկարահանող ու լուսաբանող լրագրողներն ավելի շատ էին: Պատգամավորների մեծ մասը արյուն հանձնելուց խուսափեց տարբեր պատճառներով: Մի մասը պատճառաբանեց, որ հիվանդ է: Շատերը վախենում էին, որ արդյունքում կարող է բացահայտվեն որոշ պատգամավորների թաքուն հիվանդություններն ու ալկոհոլի եւ թմրանյութի նկատմամբ ունեցած հակումները: Հիմնադրամի տնօրեն Սեւակ Ավագյանը թե լրագրողներին, թե պատգամավորներին անընդհատ բացատրում ու հանգստացնում էր, որ ոսկրածուծի դեպքում իրենց չեն հետաքրքրում դոնորի` ալկոհոլի եւ թմրանյութի նկատմամբ ունեցած հակումները: Եթե մարդը չունի վիրուսային որեւէ հիվանդություն, ասենք, ՄԻԱՎ, կամ` հեպատիտ B, C հիվանդություններ, ուրեմն նա կարող է դառնալ պոտենցիալ դոնոր: Առողջական որեւէ խնդիր ունենալու դեպքում էլ, այդ ողջ տեղեկատվությունը պահվում է գաղտնի: Բայց միեւնույն է, պատգամավորները խուսափեցին դոնորագրվելուց: Ընդ որում որոշ պատգամավորներ էլ ասում էին, որ դա PR-ակցիա է, եւ իրենք չեն ուզում օգտագործվել դրանում: ԱԺ միջանցքներում խոսում էին, որ եթե դա իսկապես դոնորագրման նպատակ ուներ, ապա չպետք է կազմակերպվեր նման միջոցառման համար ԱԺ ոչ հիգիենիկ եւ ոչ հիվանդանոցային միջանցքում: Որ պետք է նախապես իրենց տեղեկացնեին այդ մասին եւ ակցիան կազմակերպեին հիվանդանոցում:

Ի վերջո արյուն հանձնեցին յուրաքանչյուր խմբակցությունից մի քանի պատգամավոր: «Ժառանգություն» խմբակցությունից տեղեկացրեցին, որ իրենք դոնորագրվել են մինչ այդ ակցիան: Դոնորագրվածների մեծ մասը ԱԺ մեծամասնության տրամաբանությամբ՝ հանրապետականից էր: Ընդ որում, պատգամավորներն ակնարկում էին, թե ՀՀԿ խմբակցությունից դոնորագրվել են հատկապես Հ.Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավորները: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ով դոնոր էր դարձել դեռ փոխարտգործնախարար եղած ժամանակ, հիմնադրամի ղեկավարներին հորդորեց, որ առաջիկա օրերին պետք է այդ ակցիան լավ գովազդել: Ի դեպ, նա բացատրեց նրանով, որ պատգամավորներն արյուն հանձնելու չեն գալիս, որովհետեւ «ասեղից վախենում են»: Իսկ հիմնադրամի տնօրեն Ս.Արզումանյանն էլ տեղեկացրեց, որ այդ միջոցառումն իրենց նախաձեռնությունն է, որ դոնորագրվելու համար իրենք են դիմել պետական ու մասնավոր գերատեսչություններին: ԱԺ-ն արձագանքել է: Դիմել են նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին, բայց դեռ արձագանք չեն ստացել: Իսկ գերատեսչություններին չեն հրավիրում հիվանդանոց, այլ իրենք են գնում զուտ նրա համար, որ այդպես ավելի շատ է հնարավոր դոնորագրել: Տնօրենը նաեւ ավելացրեց, որ հիմնադրամն արդեն 10 տարեկան է, եւ մինչեւ հիմա գրանցվել է հիվանդի եւ դոնորի ոսկրածուծի 700 համընկնում: Նրա խոսքերով՝ տարեկան մոտ 1000 հոգով ավելանում է ոսկրածուծի պատվաստման կարիք ունեցող հայերի քանակը Հայաստանում ու սփյուռքում: Այս պահին հիմնադրամն ունի մոտ 15.000 դոնոր եւ 10-ամյակի կապակցությամբ մինչեւ տարեվերջ մտադիր է հավաքագրել եւս 10.000 դոնորներ: