Ներողություն է խնդրել

27/04/2010

Թուրք գրող Օքթայ Ավջուն Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ թուրքական պետության անունից հրապարակավ ներողություն է խնդրել հայ ժողովրդից: Թուրքական «Dogan» գործակալության փոխանցմամբ` ապրիլի 24-ի առավոտյան Մալաթիայի նախկին քաղաքապետարանի շենքի մոտ նա թուրքական պետության անունից հրապարակավ ներողություն է խնդրել հայ ժողովրդից եւ մի փունջ մեխակ դրել փողոցի մայթեզրին: Ըստ «Dogan»-ի` Օքթայ Ավջուն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Օսմանյան պետության եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին: Անցորդները փորձել են հակազդել թուրք գրողին, սակայն Ոստիկանությունը թույլ չի տվել եւ պահանջել է, որ Ավջուն հեռանա:

Թուրք գրողը փորձել է ընդդիմանալ Ոստիկանության պահանջին, սակայն իրավապահների հերթական նախազգուշացումից հետո գլխիկոր հեռացել է` իր հետ տանելով մեխակները: «Երեւի աղտոտեցի շրջակայքը»,- հեգնել է Օքթայ Ավջուն: