Տղայական քայլ

27/04/2010

«Եթե մեր երկրի ներսում ներքին ճնշումը չավելանա, կարծում եմ, ամեն ինչ ավելի է վատթարանալու: Ես չեմ տեսնում հիմա մի իրավիճակ, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը դադարեցվել է, հակառակը, գործընթացը մտավ մի նոր փուլ, եւ մենք հիմա բավականաչափ վատ կացության մեջ ենք գտնվում»,- հայ-թուրքական արձանագրությունների կասեցմանն անդրադառնալով՝ ասում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «ԼՂՀ հարցում խնդիրն ավելի է խորանալու: Փորձելու են Թուրքիային դարձնել Մինսկի խմբի համանախագահ, կստացվի, թե ոչ` դա արդեն այլ խնդիր է: Կասեցումից հետո շատ ավելի դժվար իրավիճակի մեջ ենք: Սովորաբար միշտ այդպես է, հիմարությունը միշտ մեկ այլ հիմարության է փոխվում: Մի հիմար բան են անում, հետո ուզում են այն հաղթահարել, ու առաջ է գալիս մի նոր սխալ: Կարծում եմ, որ եթե պետք էր մի բան անել, ապա պետք էր կամ հանել ստորագրություններն ընդհանրապես, կամ` մնալ գործընթացի մեջ: Ո՞րն էր կասեցման քայլի էությունը: Սերժ Սարգսյանը փորձեց իր այս քայլով շանտաժ անել բոլորին, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ին, ապացուցելու, որ, իբր, մենք էլ տղայական կարող ենք մի բան անել: Այս վիճակի մեջ շանտաժը անտեղի էր: Կարծում եմ, որ այս դեպքում ստորագրությունները հետ կանչելը կլիներ ճիշտ գործողություն: Բայց ո՞վ թողեց, ում ականջներն ու թշերը որ պետք էր` քաշեցին, ու հարցը լուծվեց»,- ասում է նա: Իսկ արդյոք արձանագրությունների կասեցումից հետո Հայաստանը կգնա՞ ստորագրությունները հետ կանչելու քայլին: Այդ հարցին ի պատասխան՝ Ա. Կարապետյանն ասում է. «Ստորագրությունների հետ կանչումը ուղղակիորեն կապված է այս փուլում Հայաստանում ներքին սրացման հետ: Եվ անհնար է, որ դա չլինի, կամաց-կամաց այն հասունանում է, եւ հասարակական ճնշման տակ, այո, հնարավոր համարում եմ, որ կասեցումը փոխվի գործընթացի դադարեցման»: