Ինչպես Շարմազանովն ու Ռազմիկը

27/04/2010

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելով, Հայաստանը ի ցույց դրեց այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելը նշանակում է՝ տապալել գործընթացը:

Ըստ նրա, գործընթացը շարունակելու պատասխանատվությունն այսօր կրում է Թուրքիան: Խոսելով արձանագրությունների կասեցումից հետո հնարավոր քաղաքական զարգացումների մասին, երեկ հրավիրված ասուլիսում Ա. Զաքարյանն ասաց. «Մոտ մեկ տարի առաջ հարաբերությունների կարգավորման շրջանակում սկսված գործընթացը այսօր այլ հարթություններում է շարունակվում: Գործընթացը նոր որակ է ստանում, սակայն արտաքին քաղաքականության մեր մոտեցումները ռազմավարական առումով չեն փոխվում, այն է` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, հայկական կողմը արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակելու հարցում որեւէ ժամկետ այլեւս չի դիտարկում, քանի որ դա անիմաստ է: ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով երեկվա ասուլիսում բանավիճում էր պատգամավորի հետ, չի կիսում վերջինիս լավատեսությունը: Նրա կարծիքով՝ արձանագրությունների առկախումն ավելի սրեց ու լարվածություն մտցրեց հայ-թուրքական հարաբերություններում: Ըստ Լ. Սարգսյանի, ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգության ու նաեւ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: ՍԴՀԿ ատենապետը հիշեցրեց, որ իրենք վտանգը կանխորոշել էին դեռեւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից եւ վստահ են եղել, որ Անկարան դիվանագիտական խաղ է վարելու` հօգուտ Ադրբեջանի։ «Ի սկզբանե մեզ համար ակնհայտ էր, որ դա մի ճանապարհ է, որը մեզ ոչ մի տեղ չի հասցնելու»,- ասաց Լ. Սարգսյանը: Ի պատասխան Լ. Սարգսյանի այն հայտարարությանը, թե այսօր նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնողական քաղաքականությամբ փորձում է լեգիտիմացնել իր իշխանությունը՝ Ա.Զաքարյանն ասաց. «2007 եւ 2008 թվականների ընտրություններից հետո քաղաքական իշխանությունը ընդհանրապես լեգիտիմության ապահովման խնդիր չի ունեցել եւ չունի այսօր»: Նրանք համակարծիք չէին նաեւ այս հարցում` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: Եթե ՍԴՀԿ անդամը վստահ է, որ, իհարկե, կան, ապա ՀՀԿ-ական պատգամավորը բոլորին այլ կարծիքի էր. «1998 թվականից ի վեր Հայաստանում չկա մեկը, որը պախարակված լինի կամ իրավական որեւէ մեխանիզմով պատասխանատվության ենթարկված լինի քաղաքական հայացքների համար»: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթին, ապա Ա. Զաքարյանը կարծում է, որ այդ ելույթը մեսիջ էր Թուրքիային՝ վերջինիս ցույց տալու, որ մի օր ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ընդունումը չպետք է անակնկալ լինի: