Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բաքու` մասնակցելու ապրիլի 26-27-ին Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթաժողովին` նվիրված կրոնների եւ ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին:
«Մեր սրբազան պարտականությունն է ամեն ջանք, ուժ եւ եռանդ բերել պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման, աղքատության եւ դրանից բխող սոցիալական խնդիրների վերացման ուղղությամբ` հանուն մարդկության ապահով, բարօր ու խաղաղ կյանքի, ինչը կամենում է նաեւ Աստված, որովհետեւ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, «Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33)»,- իր խոսքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Խոսելով համաշխարհայնացման վտանգների մասին` Վեհափառ հայրապետը նկատել է. «Այսօր համընդհանուր մտահոգություն են տեխնոլոգիական փորձարկումների, մթնոլորտային արտանետումների արդյունքում առաջ եկող կլիմայական եւ բնապահպանական խնդիրները, որ վկայում են արարչաստեղծ աշխարհի հանդեպ մարդկային հարգանքի եւ հոգածության պակասի մասին: Բազմահազար մարդկանց ապահովությունն ու կյանքը վտանգում են ահաբեկչությունը, միջպետական եւ տարածաշրջանային հակամարտությունները, ազգամիջյան բախումները: Հավելյալ սպառնալիքներ են ստեղծում տեղեկատվական սադրանքները եւ կրոնական գործոնի շահարկումը` խեղաթյուրված փաստերով եւ հավատացյալների կրոնական գիտակցության խաթարումով առավել բորբոքելով աղետների եւ բախումների կրակը եւ առիթ ծառայում մշակութային արժեքների ոչնչացման համար»:
Իր խոսքում Ամենայն Հայոց հայրապետն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` կարեւորելով խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:
«Գտնվելով Բաքվում` մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար Ղարաբաղյան հակամարտությունը: Այս ուղղությամբ հարկ է կարեւորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետեւողական տարվող աշխատանքները: Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում նաեւ հարցի հանգուցալուծմանն ի խնդիր Ռուս Ուղղափառ եկեղեցու` ի սկզբանե ներդրած միջնորդական ջանքերին: Մեր երկրների իշխանությունները հանրապետությունների նախագահների բարձր մակարդակով նույնպես շարունակում են բանակցային գործընթացը: Ուրախ ենք նաեւ, որ շփումներ կան եւ երկխոսություն է իրականացվում մեր երկու երկրների քաղաքացիական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների մակարդակով, որի շրջանակում իրականացվում են ֆիլմերի համատեղ նկարահանումներ, երիտասարդական, սպորտային ծրագրեր: Լիահույս ենք, որ ջանքերը պիտի շարունակվեն, որպեսզի հարցի վերջնական կարգավորումը նույնպես ընթանա բացառապես խաղաղ ուղիներով` խնդրահարույց հարցերը վճռելով միջազգային օրենքներին ու չափանիշներին համահունչ եւ համապատասխան ժողովուրդների իրավունքների նորմերին: Մենք` որպես Հայրապետ Ամենայն հայոց, կարեւոր ենք նկատում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է՝ հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր պետությունների նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում եւ հարցի վերջնական կարգավորում: Մենք հույս ունենք, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով, եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համերաշխ կյանքի ու համագործակցության փորձառությունը վերստին պիտի վերընձյուղվի խաղաղության շիվերով: Մենք աղոթում ենք տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում եւ ազատ` տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու եւ կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում: Հավատարիմ մնանք Քրիստոսի առաքյալի պատվիրանին, որը նաեւ կոչ է ուղղված ողջ մարդկությանը. «Խաղաղությո՜ւն արեք. եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11)»: