Մեր իշխանություններն օգնեցին

27/04/2010

Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չէր օգտագործելու «ցեղասպանություն» բառը, միանշանակ ենթադրելի էր: Երեկ այս մասին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Այն, որ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, տեղի ունեցավ մեր իշխանությունների օժանդակությամբ, որոնք նպաստեցին, որ ԱՄՆ նախագահը շեղվի իր խոստումից: Ինչ վերաբերում է ընդհանուր ուղերձին, ապա Օբաման պաշտպանեց իր երկրի շահերը եւ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, որ իր երկրի համար խնդիրներ չլինեն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` հավելելով, թե ԱՄՆ նախագահն այս անգամ էլ դեմ հանդիման դուրս չեկավ իր երկրի պատմության հետ, մինչդեռ ամերիկյան արխիվներում էլ բազմաթիվ նյութեր կան, որոնք վկայում են, որ 1915թ. գործողությունները համարժեք էին Ցեղասպանությանը: