Արդեն երկու տարի է` ապրիլ ամսին, համայն աշխարհի հայերը ԱՄՆ նախագահ Օբամայի վրա են հառում իրենց խոշոր եւ ակնկալիքներով լի աչքերը: Նախապես բոլորն էլ գիտեն, թե հատկապես ո՛ր բառը չի հնչելու ապրիլքսանչորսյան ուղերձում, բայց սպասում են հատկապես ա՛յդ բառին: Արդեն երկու տարի է` Ապրիլի 24-ի նրա ուղերձից հետո հայոց լեզվին չտիրապետող մարդիկ (իսկ այդպիսիք աշխարհում, պատկերացրեք, շատ են) փորձում են պարզել` ի վերջո, ի՞նչ է նշանակում ԱՄՆ նախագահի արտասանած այդ անհասկանալի բառակապակցությունը` «Մեծ եղեռն»: Պատասխանն այսպիսին է` կոտորած, ջարդ, մի խոսքով` ցեղասպանություն: Պարզապես, «ցեղասպանություն» եզրը ենթադրում է իրավական հետեւանքներ, պատասխանատվություն, իսկ «մեծ եղեռնը» սոսկ զգացմունքային մակարդակի արտահայտություն է եւ, լավագույն դեպքում, կարող է արցունք կորզել:
Մյուս կողմից` երբ օտարազգիները հայերենով գոնե մեկ բառ են արտասանում (շնորհակալություն, բարեւ եւ այլն), հայերս ուրախությունից մեր տեղը չենք գտնում: Այնպես որ, կարելի է մխիթարվել նրանով, որ ԱՄՆ նախագահը հայերեն ամբողջ երկու բառ գիտի` «մեծ» եւ «եղեռն», որոնք արդեն երկու տարի է` հաջողությամբ համադրում է:
Ամեն դեպքում, Օբամայի ուղերձից հետո իրավիճակն ավելի որոշակիացավ, եւ բոլորը խաղաղվեցին: Սկսվեց սպասման հերթական «ողջամիտ ժամկետի» փուլը: Լավատեսներն ակնկալում են, որ Օբաման «ցեղասպանություն» եզրը պահում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրն արտաբերելու համար:
«Օբաման դարձյալ խաբեց հայերի սպասելիքները. «ցեղասպանություն» բառն արտասանված չէ»: Այս վերնագրերը կամ այս բովանդակությամբ նյութերը տեղ են գտել միջազգային լրատվամիջոցներում: Սակայն խաբե՞ց Օբաման հայերիս: Ըստ էության, կարելի է միացնել սենատոր Օբամայի կամ ԱՄՆ նախագահի թեկնածու Օբամայի նախընտրական ելույթները եւ հաճույք ստանալ. «ցեղասպանություն» տերմինը նա գործածում է բազմիցս: Սակայն մտածե՞լ ենք` ի՞նչ կփոխվեր մեր կյանքում, Հայաստանում, հասարակական հարաբերություններում, եթե ԱՄՆ նախագահն արտաբերեր մեզ սփոփող այդ բառը:
Եթե Հայաստանում որեւէ մեկը` ՀՀ նախագահը, այլ պաշտոնյա հայտարարեր, թե ԱՄՆ նախագահ Օբամայի ելույթում «ցեղասպանություն» եզրը արտաբերելուց հետո որն էր լինելու Հայաստանի հաջորդ քայլը, գուցե եւ կարելի էր հիասթափվել Օբամայի ուղերձից: Սակայն նման բովանդակությամբ ելույթ, ուղերձ երկրի առաջին դեմքի շուրթերից չի հնչել: Իսկ քանի դեռ ինքներս չենք պատկերացնում մեր քայլերի հաջորդականությունը, պարզ չէ, այսինքն` մեր արտաքին եւ, առավել եւս, ներքին քաղաքականությունն առաջնորդվում է «ցեղասպանություն» եզրը չարտաբերելու կանխավարկածով, Օբամայի հապաղումը կարելի է համարել նվեր մեր իշխանություններին:
Խնդիրն այն է, որ Ցեղասպանության մասին մեր պատկերացումները սահմանափակվում են 95-ամյա վաղեմության իրադարձություններով: Տպավորությունն այնպիսին է, որ մեր պատմությունը կանգ է առել 95 տարի առաջ, եւ սպասում ենք ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: ՄԱԿ-ի որոշմամբ 1947թ. նոյեմբերի 29-ին Պաղեստինի տարածքում ստեղծվեց երկու պետություն` հրեական եւ արաբական, իսկ 48-ի մայիսի 14-ին Հոլոքոստ տեսած հրեաները Իսրայելը հռչակեցին անկախ պետություն (որն, ի դեպ, մեկ րոպե անց ճանաչեց ԱՄՆ-ը): Իսրայելն այսօր ուղղակի կամ անուղղակի` աշխարհին խաղի կանոններ թելադրող պետություն է: Գերմանիան, որ սանձազերծել էր Երկրորդ համաշխարհայինը, հրեաների ցեղասպանություն էր իրականացրել, պարտվել էր պատերազմում` կրելով մարդկային եւ ֆինանսական անհաշիվ կորուստներ, հոգեբանական ներքին խնդիր ուներ, բայց այսօր աշխարհի հզորագույն պետություններից մեկն է: Թուրքիան, իրականացնելով հայերի, քրդերի ցեղասպանությունը, չճանաչելով իր կատարած ոճիրը եւ, հետեւաբար, ներսում ունենալով ինքնության ճգնաժամի լրջագույն խնդիր, այնուամենայնիվ, աշխարհին կանոններ թելադրող երկիր է: Եվ թող չասեն` պետք չէ համեմատվել Գերմանիայի, Իսրայելի կամ Թուրքիայի հետ: Եթե պետք չէ, ուրեմն եւ չբախենք բոլոր պետությունների դուռը` աղերսելով` ընդունել, որ թուրքերը մեզ կոտորել են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այսօրվա Հայաստանը: Ի՞նչ ձեռքբերումներ ունի, որոնք կարելի է նշել: Թերեւս միայն Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակ, որն, ինչպես այդ պատերազմի հերոսներն իրենք են ասում, վերածեցինք մանրադրամի:
Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անգամ, ասուլիսներից մեկի ժամանակ, անկեղծորեն նկատեց, որ Թուրքիան այսօր ավելի ժողովրդավարական երկիր է, քան Հայաստանը:
Սեփական երկրի բարեկեցության, հասարակական առողջ փոխհարաբերությունների ուղղությամբ որեւէ քայլ չանելով` իշխանությունները միջազգային ասպարեզում փորձում են իրենց հավասարը հավասարի պես պահել զարգացած, հզոր, ժողովրդավար երկրների առաջին դեմքերի հետ: Մենք փորձում ենք աշխարհին համոզել, իբր մեր երկրի առաջընթացին արգելակող միակ գործոնը մեր պատմության սխալ ինտերպրետացիան է աշխարհի շատ երկրների, այդ թվում` ԱՄՆ նախագահի կողմից: Եվ այն, որ մեր երկիրը նոր-նոր, ընդ որում` հաջողությամբ, թեւակոխում է ֆեոդալական ժամանակաշրջան, եւս ցեղասպանված ժողովրդի բարդույթների պատճառով է: Այդ ֆալշը երկրի ներսում շատ է զգացվում:
Ցեղասպանության չճանաչումը կյանքի բոլոր դեպքերի համար դարձել է հարմար արդարացում. ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց մեղադրում են ցեղասպանության հիշատակը վաճառելու մեջ, համազգային դեպրեսիայի աղբյուր է համարվում ցեղասպանության մասին ենթագիտակցորեն հիշելը: Հարմարվել ենք, որ մեր իշխանությունները մեզ չեն հարգում: Ինքներս էլ մեզ չենք սիրում` պատեհ-անպատեհ բարկանալով` քիչ են կոտորել, բոլորին պիտի թուրքերը կոտորեին:
Այնպես որ, Օբամայից, Մեծ Բրիտանիայից կամ Իսրայելից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ակնկալիքներ ունենալ պետք չէ: Մենք խնդիր ունենք նախ ինքներս հասկանալ` ինչո՞ւ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, որո՞նք են մեր իրական կորուստները եւ որո՞նք կարող էին լինել մեր ձեռքբերումները: Եվ, ի վերջո, եթե առանց ընդդիմանալու հանդուրժում ենք, որ երկրում արժեքային համակարգը ձեւավորեն օլիգարխները, հանցագործները եւ դա, ի դեպ, խրախուսում են երկրի բարձրագույն ղեկավարները, եթե Հայաստանից մեծ արագությամբ եւ հաճույքով հեռանում են նորմալ մարդիկ, այդ դեպքում իրականությունը գնահատելու եւ ճանաչելու հերթը նախեւառաջ մերն է. սա ցեղասպանությո՞ւն է, թե՞ «ընդամենը»… «մեծ եղեռն»: