Ոչ թե ցենզուրա, այլ՝ ինքնացենզուրա

27/04/2010

Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ այս տարի Հայաստանի կինոէկրաններին դուրս եկած «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ տեղի տալով միջազգային կինոփառատոների ճնշմանը։ Խոսք էր գնում նաեւ այլ անիմացիոն ֆիլմերից որոշ դրվագների անօրինական «փոխառման» մասին (կոպիտ ասած՝ պլագիատի մասին, ընդ որում՝ թուրքական մուլտֆիլմերից կատարված)։ Ըստ մուլտֆիլմի պրոդյուսեր, Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի՝ նման լուրերը բացարձակորեն չեն համապատասխանում իրականությանը։ «Սասունցի Դավիթը» դեռ չի հասցրել Հայաստանի սահմաններից դուրս գալ ու որեւէ փառատոնի մասնակցել, մենք դեռ նոր ենք փորձում անգլերեն տարբերակը ստեղծել։ Իսկ որոշ դրվագներ իրականում փոփոխվել են պրեմիերայից հետո, սակայն դա հենց ստեղծագործական խմբի ցանկությունն է եղել, այլ ոչ թե փառատոների հանձնաժողովների պարտադրանքը»,- ասում է նա։ Ըստ ֆիլմի գլխավոր նկարիչ Վարդան Զաքարյանի՝ իրականում տեղի է ունեցել հետեւյալը. ֆիլմի ճակատագրի համար պատասխանատու անձերը որոշել են ապահովագրել իրենց ու խորհուրդ են տվել ֆիլմի վերջնական տարբերակից հանել այն կտորները, որտեղ ներկայացված են հեթանոսական շրջանի հայկական հուշարձան-քանդակները, քանի որ ենթադրվել է, որ դրանց պատկերավոր ցուցադրումը կարող է խոչընդոտել ֆիլմի միջազգային ընթացքը՝ դիտվելով որպես քաղաքական հավակնություններ։ Ամբողջ աղմուկը մեկնարկել է արծվի ու առյուծի քարակերտ արձանները պարունակող կադրերից, որոնք պատկերում են Ծովինարի ծնունդի պատմությունը։ Ֆիլմի ստեղծագործական խումբը լուսանկարել է դրանք Սյունիքի մարզում, այնուհետեւ տեղադրել ֆիլմի մեջ։ «Ոչ մի միջազգային հանձնաժողով էլ չի եղել, մեզ ասել են՝ փոխեք կադրերը, մենք փոխել ենք։ Չգիտեմ ինչի՞ց, բայց վախեցել են։ Եվ մենք ստիպված եղանք այդ հրաշալի կադրերը փոխարինել խաչքարերով, վառվող մոմերով ու ուռենիով»,- ասում է Վ.Զաքարյանը։ Վախի ու զգուշավորության պատճառն իրոք անհասկանալի է, նույնիսկ այն դեպքում, եթե ժամանակակից Թուրքիայի տարածքում կարող են նման արձաններ լինել։ «1700 տարի փորձել ենք զգույշ ապրել, հիմա էլ նույնն ենք անում։ Առաջին անգամ Հայաստանը լիամետրաժ մուլտֆիլմ է ստեղծել, եւ փոխանակ թմբկահարենք այդ մասին, մանր բաների հետեւից ենք ընկել»,- սրտնեղած ասում է Վ.Զաքարյանը, որն, ի դեպ, նշում է, որ Թուրքիան ընդհանրապես մուլտիպլիկացիա չունի, էլ ո՞ւր մնաց, ահազանգի պլագիատի մասին։ Եվ ստացվում է, որ մենք ինքներս մեզ լավ էլ խմբագրում ու գրաքննում ենք։ Եվ դրա պատճառներից մեկն էլ թերեւս այն իրավիճակն է, որը թույլ չի տալիս ֆիլմարտադրողներին՝ ինքնուրույն որոշումներ (եւ ստեղծագործական, եւ ֆինանսական) ընդունել, թեկուզեւ այն դեպքերում, երբ դրանք ռիսկային ու սկզբունքային են համարվում։