Ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնապես մեկնարկեց հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի տապալման մասին նույնքան պաշտոնապես հայտարարվեց նախօրեին: Եվ այսօր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը Հայաստանում նշվում է այնպես, ինչպես նախորդ տարիներին: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ ՀՅԴ-ի երիտասարդները, բացի Թուրքիայի դրոշից, երեկ այրել են նաեւ Աբդուլլահ Գյուլի ու Էրդողանի լուսանկարները: Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները կամ տապալումն է, այլ այն, որ անցած մեկ տարվա ընթացքում ցեղասպանության հարցի այդքան քննարկվելուց հետո էլ Հայաստանի իշխանությունների (նաեւ հասարակության մի ստվար զանգվածի) մոտ գոնե չվերաիմաստավորվեց այդ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը: Այսօր էլ, ինչպես նախորդ տարիներին, իշխանության խոսնակները ճոռոմ ելույթներ են ունենում ու շունչները պահած սպասում են` կարտասանի՞ արդյոք Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Իսկ եթե արտասանե՞ց: Ո՞րն է լինելու Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը: Այդ հարցի պատասխանը որեւէ մեկը չգիտի, ինչպես որ հայտնի չէ, թե ի՞նչ են անելու իշխանությունները վաղվանից սկսած` երբ նույն Օբաման, ամենայն հավանականությամբ, իր ուղերձում կօգտագործի մեկ այլ արտահայտություն: Մտնելով հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացի մեջ՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ հստակ չձեւակերպեցին, թե ի՞նչ է դրանից շահելու Հայաստանի Հանրապետությունը, բացի Ցեղասպանության հարցի շուրջ ծավալված միջազգային` անարդյունք աղմուկից: Եվ այսօր, առավել քան երբեւէ, ամենամեծ հարգանքը Ցեղասպանության զոհերի առջեւ՝ նրանց հիշատակը իսկապես մեկ րոպե լռությամբ հարգելն է: