Ռուս դիվանագետներն ուսումնասիրում են Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմում ընդգրկելու պաշտոնական Բաքվի առաջարկը: Ուսումնասիրվում է նաեւ Իրանի առաջարկը` միջնորդի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք այդ խնդրի շուրջ քննարկումներին: Վերջին շրջանում որոշ առաջարկներ են եղել: Մենք դրանք ուսումնասիրում ենք: Բայց համապատասխան գնահատականներ տալու համար մենք պետք է քննարկումներ անցկացնենք բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների հետ եւ պարզենք նրանց վերաբերմունքը տվյալ հարցերի շուրջ: Հենց դրանով էլ մենք զբաղված ենք: Որոշ ժամանակ անց մեր գործընկերների հետ քննարկումներից հետո մենք կկարողանանք տալ մանրամասն պարզաբանումներ»,- ասել է Նեստերենկոն: