Չենք ուրանալու

24/04/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որտեղ ասված է. «Այսօր ապրիլի 24-ն է։ 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետեւանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների։ 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ։ Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի՝ սահմանագծից առաջ եւ հետո։ Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված եւ տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետեւանքը։ Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջեւ ձգվող հորձանուտում եւ կորցնեին իրենց ազգային ինքնությունն ու քաղաքական գործոն լինելու ունակությունը։ Բայց մենք, որպես հավաքական ազգ եւ իբրեւ պետություն, մեր մեջ ուժ գտանք վերադառնալու միջազգային քաղաքական բեմ՝ ասելու համար, որ մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը եւ վճռական ենք` թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը։ Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարեւորությունը եւ մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի: Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի եւ համայն մարդկության։ Մենք չե՛նք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը»: