Ճգնաժամային տարում` 2009 թվականին ՀՀ կառավարությունը տարբեր աղբյուրներից շուրջ 3 միլիարդ դոլարի վարկեր վերցրեց։ Ասում են՝ ի շահ Հայաստանի տնտեսական բարօրության։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում էին, որ պետական պարտքը թույլատրելի շրջանակներում է, եւ դրա սպասարկման հետ խնդիրներ չեն լինի։
Տնտեսագետները (հատկապես ոչ իշխանական) կառավարության այդ քաղաքականությունը խիստ քննադատության ենթարկեցին՝ նշելով, որ կասկածելի արդյունավետությամբ տեղաբաշխվող այդ գումարների «բեռը» Հայաստանի վրա տարեցտարի ծանրանալու է։ Այսպես՝ 2010թ. պետբյուջեով ընթացիկ տարում նախատեսվում է արտաքին պարտքի սպասարկմանն ուղղել 78.8 մլն դոլար, որից 54 միլիոնը տոկոսավճարն է, մնացածը՝ մայր գումարի մարումները։ Հաջորդ տարի մեր օտարերկրյա պարտատերին վճարելու ենք 88.2 մլն դոլար, 2012-ին՝ 133.5, 2013-ին՝ 248.4 (նշենք, որ բոլոր դեպքերում էլ խոսքը վերաբերում է տոկոսագումարին եւ մայր գումարի մարումներին)։ Այդ իսկ պատճառով տնտեսագետները որպես առավել ծանր տարի նշում էին 2013թ.։ Կառավարությունն, այդուհանդերձ, հորդորում էր չանհանգստանալ։ «Մենք չենք մոտենում 50 տոկոսի սահմանագծին, որն էլ հենց ռիսկային է համարվում։ Մեր արտաքին պարտքը միջազգայնորեն թույլատրելի սահմաններում է»,- 2009թ. հոկտեմբերի 28-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Սակայն նույն այդ օրվա ասուլիսում Տիգրան Դավթյանը մեկ այլ միտք էլ է հայտնել, որն այսօր բավականին հետաքրքիր է դիտվում: «Պետական պարտքը, ճիշտ է, բավականին մեծացել է, բայց վերահսկելի է եւ կառավարելի։ Հաջորդ տարի լրացուցիչ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն չի լինի»։
Փորձենք հասկանալ։ Պետությունը արտաքին աղբյուրներից վարկեր է վերցնում եւ ուղղում դրանք ճգնաժամային իրավիճակում հայտնված տնտեսություն։ 2009թ. վերջին անկման տեմպերը փոքր-ինչ դանդաղում են, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսվում է 1-1.5% աճ։ Սա լավատեսություն է ներշնչում, ինչի հիման վրա էլ ֆինանսների նախարարն ասում է, որ լրացուցիչ վարկերի անհրաժեշտություն չի լինի։ Այսինքն՝ տնտեսությունը մտել է վերականգնման փուլ եւ կարող է ոտքի կանգնել առանց լրացուցիչ պարտքերի։ Ինչ է լինում հետո։ 2010թ. հունվարին արձանագրվում է ՀՆԱ-ի 2% աճ, հունվար-փետրվարին՝ 3.1%, իսկ առաջին եռամսյակի ցուցանիշը 3 անգամ գերազանցում է տարվա կանխատեսվող միջինը՝ 5.5%։ Տրամաբանորեն՝ եթե աճը գերազանցում է կանխատեսվող ցուցանիշը, ապա առավելեւս լրացուցիչ վարկերի կարիք չպետք է լինի։ Այս միտքը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում հաստատել է Տ. Դավթյանը՝ նշելով, որ այս տարի կներգրավվեն այնքան միջոցներ, որքան բյուջեով նախատեսված է։ Դրանք հիմնականում Համաշխարհային բանկից եւ Արժույթի հիմնադրամից ստացվող միջոցներն են՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Այլ վարկերի անհրաժեշտության մասին նախարարը չի նշել։ Հիմա ամենագլխավորը։ Այս հարցազրույցից ընդամենը 2 օր անց՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով արձանագրված 5.5%-անոց աճից ու մակրոտնտեսական կայունությունից, ասում է. «Ուզում եմ նաեւ ձեզ տեղյակ պահել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների զգալի մասը ոչ թե պետության արտաքին պարտքի բեռի հաշվին է եղել, այլ, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը տեղաբաշխել ենք մասնավոր ձեռնարկություններում, այդ թվում` նաեւ առեւտրային բանկերի միջոցով։ Դա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը։ Ֆինանսների նախարարության գնահատականով՝ դա այս պահի դրությամբ կազմում է շուրջ 800 մլն դոլար։ Չնայած դա պետության պարտավորությունն է, բայց ուղղակի բյուջետային մարումներ չեն լինելու, այլ մասնավոր հատվածն է հատուցելու այն։ Մենք արտաքին պարտքի տեսակետից գտնվելու ենք օրենսդրությամբ սահմանված ցուցանիշների շրջանակում, եւ նաեւ շարունակելու ենք բանակցությունները նոր պարտքեր վերցնելու առումով։ Այնպիսի պարտքեր ենք վերցնելու, որոնք խթանելու են տնտեսական աճը, եւ որոնք ի վիճակի ենք լինելու տնտեսվարող սուբյեկտների շահույթների հաշվին վճարել, ինչպես, օրինակ, ջերմաէլեկտրակայանի նոր բլոկի բացումը, որ տեղի ունեցավ երեկ հանրապետության նախագահի մասնակցությամբ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Ենթադրենք՝ Պողոսն ամեն ամիս ստանում է 200.000 դրամ աշխատավարձ, եւ ինչ-ինչ նպատակներով՝ ցանկանում է բանկից վարկ վերցնել։ Նա գիտի, որ այդ գումարից 100.000-ը ծախսվում է ընտանիքի առաջին անհրաժեշտության բարիքների ապահովման վրա։ 30-40 հազարն էլ անձեռնմխելի գումար է՝ պահում է սեւ օրվա համար։ Փաստորեն, Պողոսը պետք է այնքան վարկ վերցնի, որ ամսական վճարվելիք գումարը չգերազանցի 60.000-ը։ Դա, այսպես ասենք, ընտանեկան պարտքի թույլատրելի շեմն է։ Եվ ինչ է նա անում. բավականին մեծ վարկ է վերցնում, որի ամսական վճարումը կազմում է, ենթադրենք, 120.000 դրամ։ Այդ վարկի կեսը ավելի բարձր տոկոսով տալիս է իր հարեւանին։ Ամսական վճարի մի մասն ինքն է տալիս, մնացածը՝ հարեւանը, դեռ մի բան էլ մնում է իրեն։ Ու ինքն իրեն հանգստացնում է, որ թույլատրելի չափը չի անցել (չնայած պարտքը իր անունով է)։ Մոտավորապես նույն սկզբունքով է գործում մեր կառավարությունը՝ հայտարարելով, որ պարտքային բեռի մի մասը ծանրանալու է ոչ թե պետբյուջեի, այլ մասնավոր տնտեսվարողների ուսերին։ Նախ՝ անհասկանալի է, պետությունը բանկի՞ր է, թե՞ միջնորդ, որ դրսից փողեր վերցնի ու ավելի բարձր տոկոսով տա սեփական քաղաքացիներին։ Սակայն ավելի մեծ խնդիր կա՝ ի՞նչ կլինի Պողոսի հետ, եթե հարեւանը սնանկանա։ Կամ՝ ի՞նչ կլինի, եթե Պողոսը վարկը վերցնի, ու պարզվի, որ հարեւանը փոշմանել է՝ նրան փող պետք չէ։ Ճիշտ է՝ պետք է վաճառի մեքենան կամ կնոջ ոսկեղենը։ Սակայն ամենամեծ խնդիրը նույնիսկ դա չէ։ Ավելի մեծ հարց է, թե Պողոսը (կամ կառավարությունը) ընդհանրապես ինչո՞ւ է մտնում լրացուցիչ պարտքի տակ, եթե նրա գործերը սկսել են լավանալ։ Իրոք, անհասկանալի բան է ստացվում։ Անկման ժամանակ պարտք են վերցնում, ասում են՝ պատճառն անկումն է, աճի ժամանակ պարտք են վերցնում, ասում են՝ աճի շնորհիվ է։ Այսինքն՝ Հայաստանում պարտք վերցնելու համար միշտ էլ պատճառ գտնվում է։ Այս անգամ կառավարությունն ասում է՝ բիզնեսը խթանելու համար է։ Իսկ «բիզնեսը խթանել» ասելով՝ նկատի ունեն հիմնականում վարկային միջոցներով ապահովելը։ Սակայն այսօր բանկերը միջոցների անբավարարությունից չեն դժգոհում։ Ավելին՝ հիմա շատ ավելի մեծ խնդիր է նորմալ վարկառու գտնելը։ Այսինքն՝ բանկերը գումար ունեն, բայց չգիտեն՝ ում տան։ Մեծ հարցական է նաեւ՝ բիզնեսին որքանո՞վ են պետք բավականին բարձր տոկոսադրույքով տրվող վարկերը։
Այս ամենը մի բացասական հետեւանք եւս ունի։ Լրացուցիչ պարտքերի ներգրավումը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի շատ վճարի պարտատերին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ պետք է ավելանան հարկային մուտքերը։ Այսինքն՝ հարկային մարմինները պետք է լրացուցիչ ճնշումներ գործադրեն բիզնեսի վրա։ Գուցե կասեն՝ լրացուցիչ հարկեր պետք չեն լինի, որովհետեւ տոկոսները վճարելու է մասնավոր տնտեսվարողը։ Սակայն փորձը ցույց է տվել, որ կառավարությունը վերցնում է շատ ավելին, քան ուղղում է բիզնեսին։ Օրինակ՝ 500 միլիոն դոլարի ռուսական վարկից միայն 60 միլիարդ դրամն է ուղղվել բիզնեսի ֆինանսավորմանը, մնացածի վերաբերյալ գերադասում են չխոսել։ Ընդ որում, մնացած մասի սպասարկումն էլ իրականացվում է հարկատուների հաշվին։
Վերջում ավելացնենք, որ հարկային ճնշման մեծացման «անոնսն» արդեն տրված է. կառավարության նիստում վարչապետը խոսել է հարկման բազայի մեծացման անհրաժեշտության մասին։ Փաստորեն, չեն էլ համբերում՝ տնտեսությունը մի փոքր շունչ քաշի, նոր ավելացնեն հարկային մուտքերը։ Եվ ցավալիորեն ստացվում է, որ մեր երկրում տնտեսական աճը միայն տխրելու առիթներ է տալու՝ պարտքի ավելացում եւ հարկային ճնշումների մեծացում։ Ճիշտ են ասում, որ մերն, ամեն դեպքում, ուրիշ է՝ բոլոր բնագավառներում։