ՀՀ նախկին նախագահի նախկին գլխավոր խորհրդական, արտաքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա հայտարարությունը առավելապես ներքին սպառման համար նախատեսված քայլ էր: «Գործնականում Հայաստանը արդեն իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը Ազգային ժողովում կասեցրել էր: Նորություն չկա` Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից, նախագահն իր ստորագրությունը պահում է, ասում է, որ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. այս հայտարարությամբ պարզապես առկա քաղաքականությունը պաշտոնականացվում է: Բացի այդ, այս հայտարարությունը ներքին շուկայի համար էր»,- «Ազատություն» ռ/կ-ն տված բացառիկ հարցազրույցում ասել է Ժ. Լիպարիտյանը: Նա նաեւ ուշադրություն է դարձրել Ս. Սարգսյանի հայտարարության այն հատվածին, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իր թուրք պաշտոնակցին. «Նախագահ Գյուլին շնորհակալություն է հայտնում, այդ դեպքում` ո՞վ է պատասխանատուն: Այնտեղ մնում են վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Դավութօղլուն: Կարծում եմ, որ Թուրքիայում քաղաքական երկու մոտեցում կա: Գյուլն ուզում է անջատել երկկողմ հարաբերությունների հարցը Ղարաբաղի խնդրից: Մյուսները չեն կարողանում տարանջատել այդ երկու հարցերը: Քաղաքական առումով դա, իհարկե, դժվար է, ինչպես հանրապետության ստեղծման առաջին տարիներին մեզ համար էր դժվար` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ զարգացնելու առաջարկը, Ցեղասպանության հարցը երկկողմ հարաբերությունների հարցից անջատելը»: Անդրադառնալով 90-ականների իրադարձություններին` Ժ. Լիպարիտյանը նկատել է. «Սխալ է կարծելը, թե մինչեւ 1993թ. հայ-թուրքական սահմանը բաց էր: Խորհրդային տարիներին այդ սահմանը բացվում էր շաբաթը մի անգամ, որպեսզի մարդատար գնացքն անցնի դեպի Թուրքիա: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ գնացքն էլ դադարեց երթեւեկել: Հետագայում սահմանը բացվեց միայն մի քանի անգամ: 1992թ. հատուկ կարգադրությամբ թույլատրվեց, որպեսզի 52.000 տոննա ցորենը, որ Եվրոպայից էր ուղարկվել, այդ սահմանով հասնի Հայաստան: Բացի այդ, մի քանի անգամ թուրքական կողմը սահմանը բացել է ինձ համար, որպեսզի ես կարողանամ բանակցությունների գնալ: Ընդհանրապես, հայ-թուրքական սահմանը փակ էր»: Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հետագա ձգձգումն էլ, ըստ Լիպարիտյանի, հազիվ թե բխի Հայաստանի շահերից. «Եթե մենք 10 տարի առաջ բարելավեինք հարաբերությունները Թուրքիայի հետ, իրավիճակը այլ կլիներ: Ես 6-7 տարի շարունակ բանակցել եմ թուրքերի հետ, եւ պատմաբանների ենթահանձնաժողովի հարց չի քննարկվել, Թուրքիայի կողմից նման նախապայման չի ներկայացվել: Երբ 10-15 տարի հետո ես ստորագրում այդ փաստաթուղթը, մի հավելյալ նախապայման է ի հայտ գալիս: Իսկ եթե սպասենք եւս 5-10 տարի, ես չգիտեմ` էլ ինչ նախապայման կարող է առաջ քաշվել»: