Պատշաճ կերպով

24/04/2010

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ Օբաման 2009թ. ապրիլքսանչորսյան ուղերձում դա չի արել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հաշտեցման պատճառով», Ա. Շիֆը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, իր նամակում հավելում է, որ «դա հաշտեցման բնույթի խեղաթյուրված ըմբռնում է», քանի որ հաշտեցումը «երբեք չի կարող ամուր հիմք գտնել ցեղասպանության ուրացման մեջ կամ լռել` հանդիպելով ուրացման»: «Արձանագրությունների հետ կապված գործընթացը Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապելը քաջալերում է Թուրքիային` չվավերացնելու դրանք, քանի որ թուրքերը գիտեն, որ գործընթացի երկարաձգումը բանաձեւի ընդդիմախոսներին Հայոց ցեղասպանության ճանաչումը ձգձգելու շարունակական պատրվակ է ընձեռում»,- ասված է Ադամ Շիֆի նամակում: