Կներդրվի վերահսկողության նոր համակարգ

24/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2009թ. ամռանը Նիդեռլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի (Algemene Rekenkamer) հրավերով Նիդեռլանդներ էր այցելել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Կողմերը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի` ՀՀ ՎՊ-ն 700. 000 եվրոյին համարժեք տեխնիկական աջակցություն կստանա: «Ծրագրի շրջանակներում լինելու են համատեղ վերահսկողություններ երկու պալատների մասնագետների ջանքերով, ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) աշխատակիցների ուսուցում եւ վերապատրաստում Նիդեռլանդների Հաշվիչ դատարանում եւ Երեւանում, կմշակվեն մի շարք ձեռնարկներ, որոնք, անշուշտ, մեզ կօգնեն ավելի նոր մոտեցումներ ունենալ վերահսկողության ընթացքում, կունենանք ռազմավարական նոր փաստաթղթեր, կլինեն փորձագիտական աջակցություններ, ամենակարեւորը` մեր ստուգումների ընթացքում կկիրառվի ժամանակակից տեխնոլոգիական տեխնիկա»,- երեկ նշեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: -Այս ծրագրի շրջանակներում մեր կոլեգաների հետ պայմանավորվել ենք եւ ընտրել 3 կարեւորագույն ուղղություններ: 1-ին` հարկային-մաքսային ոլորտը, որտեղ կլինեն համատեղ ստուգումներ եւ նոր մոտեցումների ցուցաբերում, 2-րդը` բնապահպանական վերահսկողության ոլորտը, 3-րդը` գիտական-ուսումնական ոլորտը»: ՎՊ նախագահը նկատեց նաեւ, որ բնապահպանական ոլորտի վերահսկողությունը համեմատաբար նոր երեւույթ է վերահսկողական դաշտում: «Այս կարգի խնդիր քննարկել էինք Լեհաստանի Վերահսկիչ պալատի հետ, որովհետեւ իրենք էլ բավական լուրջ փորձ ունեն: Մեկը մյուսին լրացնելով` կարող ենք հետաքրքիր մոտեցումներ ունենալ բնապահպանական վերահսկողության ոլորտում: Կրթության եւ գիտության ոլորտը մեր գնահատմամբ այն դաշտն են, որտեղ բավական խնդիրներ կան կուտակված: Բելգիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Վերահսկիչ պալատները ստուգումներ էին կատարել հարկային դաշտում եւ բավական աղաղակող թերություններ էին գտել: Մենք ուզում ենք ներդնել այն համակարգը, որ իրենք ունեն այս դաշտն ուսումնասիրելու համար»,- նշեց Ի. Զաքարյանը:

Իսկ ի տարբերություն հայկական կողմի ընտրած ուղղությունների, Նիդեռլանդների Հաշվիչ դատարանի համանախագահ Հայս դե Ֆրիսը նկատեց, որ իրենց մոտ ամենամեծ կոռուպցիոն երեւույթները շինարարության ոլորտում են, որտեղ էլ հենց ամենամեծ վերահսկողությունն են սահմանել: «Շինարարության ոլորտում կատարվում են մեծ թվով խախտումներ, քանի որ շատ ընկերություններ միմյանց հետ որոշում են շուկան կիսել: Նրանք նստում են իրար կողք ու սկսում որոշել, թե ինչ գին պետք է ասեն տեղական համայնքին, ասենք, հիվանդանոց կառուցելու համար: Եվ, իհարկե, այն ընկերությունը, որն առաջարկում է ավելի ցածր գին, դրա հետ էլ կնքում են պայմանագիրը: Այսինքն` այն ընկերությունը, որը հաղթում է, դրանից ունենում է որոշակի տոկոսներ, որոնք վճարում են մեկ այլ ընկերության: Այս երեւույթը պետք է դադարեցվի»,- նկատեց Հայս դե Ֆրիսը: Վերահսկողության ընթացքում բացահայտված զեղծարարները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Իսկ պատժամիջոցները, ըստ Լեյդենի համալսարանի նախկին քաղաքագիտության գիտաշխատող Հայս դե Ֆրիսի` երկուսն են` քաղաքական եւ իրավական: «Այն նախարարը, որի պատասխանատվության ներքո ֆինանսական կանոնները լրջորեն խախտվել են, խորհրդարանում շատ ծանր կացության մեջ կհայտնվի: Խոսքը քաղաքական պատժամիջոցների մասին է»,- ընդգծեց պրն Ֆրիսը, ով իր ելույթում նաեւ անդրադարձավ հայերի եւ հոլանդացիների պատմությանը:

«Երբ Հայաստանը արդեն «քաղաքակիրթ» աշխարհի մի մաս էր եւ հզոր պետություն էր, Նիդեռլանդներն ընդամենը մի ճահճոտ երկիր էր, որտեղ բատվիացիները` մեր «բարբարոս» նախնիները, պայքարում էին հռոմեացիների դեմ, Հռենոս գետի մոտ: Նիդեռլանդներում քրիստոնեությունը տարածելու առաջին փորձերն արվեցին մ.թ. 700թ., երբ Հայաստանն արդեն 400 տարի քրիստոնյա ազգ էր: Այդ փաստը պետք է կարեւոր դեր կատարի հայերի եւ հոլանդացիների միջեւ հարաբերությունների զարգացման գործում»,- ասաց Եվրոպական Կոնվենցիայի անդամը: Նա հիշատակեց նաեւ 17-րդ դարում Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ եղած առեւտրային հարաբերությունների մասին (առաջին քրիստոնյա առեւտրականների մուտքը Հոլանդիա), 1966թ. Ամստերդամում առաջին անգամ հայերեն լեզվով տպագրված Աստվածաշնչի, ինչպես նաեւ 1714թ. կառուցված ու մինչ օրս գործող եկեղեցու մասին: «Նիդեռլանդների Հաշվիչ դատարանը ոչ միշտ է մասնակցում համագործակցության նման ծրագրերին: Մենք խորհրդատվական ընկերություն չենք եւ զուգորդման ծրագրերում մասնակցում ենք միայն այն դեպքերում, երբ համոզված ենք լինում, որ կարող ենք ստանալ եւ ապահովել կարեւոր արդյունքներ»,- ասաց բանախոսը` ավելացնելով, որ համագործակցության իրենց համաձայնությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ ՎՊ-ն Հայաստանում պետական հատվածի ֆինանսական կառավարման որակը բարձրացնելու նպատակով ցանկանում է կիրառել աուդիտի լավագույն միջազգային պրակտիկան: «Transparency International» ընկերության կողմից հրապարակված կոռուպցիայի դեմ համաշխարհային պայքարի աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 120-րդ տեղը` Տոգոյի եւ Էրիթրեայի միջեւ: Դա այդքան էլ լավ չէ: Հայերը ավելիին են արժանի: Այդ ուղղությամբ պետք է աշխատանք կատարվի»,- ընդգծեց նախկինում Նիդեռլանդների Կառավարության եւ Խորհրդարանի անդամ Հայս դե Ֆրիսը: