Հույս չունենաք

24/04/2010

«Ցանկացած կառավարության գերնպատակներից է մրցունակ տնտեսություն ստեղծելը: Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով` հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա: Եվ սա է մեր տեսլականը ՀՀ հեռանկարային երկարաժամկետ զարգացման ծրագրով»,- երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, թե Հայաստանն այլընտրանք չունի` պետք է զարգացնի գիտությունը, հետեւաբար` գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը: Ըստ նրա` այլեւս տեղին չէ, երբ ԳԱԱ-ն է բարձրացնում խնդիրներ. «Դուք այս պատասխանները պետք է հրամցնեք կառավարությանը, որը պարտավոր է առաջնորդվել այս պատասխաններով: Դուք պետք է ներկայացնեք` որոնք են մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները եւ դրանց լուծումները: Ավելին, դուք պետք է համարձակություն ունենաք հրապարակային ձեւով այս հարցերի պատասխանները մատուցել հանրությանը: Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը: Այս դեպքում ձեզ կառավարությունն ըստ արժանվույն կգնահատի»,- ասել է նա: «Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք բարձրացնել գիտնականի հեղինակությունը: …Նորարարությունը նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց է: Հայաստանում կա լրջագույն պրոբլեմ, եւ այս երկու օղակների մեջ կապը խզված է»,- արձանագրեց Սարգսյանը` նշելով, թե ժամանակակից Հայաստանի հերոսն այսօր գիտնականը չէ, հակառակը, ըստ նրա` գիտնականին վերաբերվում են որպես ծաղրի առարկա: Կառավարությունն այս բացն առաջարկում է լրացնել հետեւյալ կերպ. «Մենք պետք է կարողանանք ժամանակակից մեթոդներով գնահատել մեր գիտական ներուժի արդյունքները: Պետք է նայել, թե աշխարհի զարգացած երկրներում ինչպես է գնահատվում գիտելիքի արդյունքը, պետք է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության եւ արտադրության կապը: Իսկ մենք դեռ չենք ստեղծել»: Նա կարեւորել է այն, որ տնտեսվարող սուբյեկտները ցանկություն ունենան նորարարության ներդրման միջոցով փող վաստակել: Ըստ նրա` գիտնականը պետք է պատրաստ լինի գիտական արդյունքը ներկայացնել տնտեսվարողներին: «Չի կարելի հույսը միայն դնել բյուջետային ֆինանսավորման վրա»,- ասել է վարչապետ Սարգսյանը: