Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ստեղծագործություններից շատերը աշխարհի տարբեր երկրների թանգարաններում տեսել էի` տարբեր ցուցադրություններում, որոնցում Գորկին ներկայացվում է ըստ արժանվույն` որպես սյուրռեալիզմի (ըստ Անդրե Բրետոնի), եւ առաջին հերթին` ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը:
Ամիսներ առաջ այցելեցի Երեւանի Գաֆէսճյան թանգարան` Արշիլ Գորկու ստեղծագործությունները տեսնելու, որի մասին այդքան թմբկահարում էին: Իհարկե, հրաշալի է, որ թանգարանի հիմնադիր Ջ. Գաֆէսճյանն իր հավաքածուի մաս կազմող այդ նյութերը բերել է հայրենիք, սակայն ցուցասրահում Արշիլ Գորկին ներկայացված էր շատ անհասկանալի եւ խղճուկ կերպով. ներկայացված աշխատանքները, կարծես, արվեստագետի սեւագրերը լինեին կամ` որոշ ստեղծագործություններից ֆրագմենտներ, որոնք ոչինչ չէին ասում այդ մեծ, համաշխարհային մասշտաբի արվեստագետի մասին: Ցուցադրությունը նաեւ չուներ որեւէ կոնցեպցիա: Ինչեւէ:
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքից Արշիլ Գորկու ցուցահանդեսը ամիսներ առաջ` փետրվարի 10-ից տեղափոխվեց Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարան, ուր կգործի մինչեւ մայիսի սկիզբը: Գորկու ստեղծագործությունները աշխարհի ամենաթանկարժեք ստեղծագործություններից են, որոնց մի մեծ մասն այսօր անհատ կոլեկցիոներների սեփականությունն է: Առհասարակ, աշխարհում շատ քիչ են Ա. Գորկու կտավները, քանի որ նրա արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով դրանց զգալի մասն անհետացել է: Գորկու յուրաքանչյուր նկարը համարվում է ազգային արժեք, եւ մասնավորապես ԱՄՆ-ի սահմաններից դրանք շատ հազվադեպ են դուրս գալիս: Ռետրոսպեկտիվ այս հսկա ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի 120-ից ավելի կտավներ, գրաֆիկական աշխատանքներ: Բոլոր սրահներում նկարչի աշխատանքներին զուգահեռ՝ լավագույնս ներկայացված էր նրա կենսագրությունը, եւ ստեղծագործական ժամանակաշրջանի, եւ անձնական ողբերգական կյանքի, եւ 1915թ. ցեղասպանությունից հետո նրա դաժան կյանքի մասին տեղեկատվություն: Ցուցահանդեսը լի էր այցելուներով: Առանձին սրահում նաեւ նրա մասին վավերագրական ֆիլմ էր ցուցադրվում: Ընդ որում, այցելուները ոչ միայն իրենց հետ տանում էին ցուցահանդեսից ստացած տպավորությունները, այլեւ ընդգրկուն բուկլետը, եւ կարող էին նաեւ ձեռք բերել Գորկու ստեղծագործությունների կատալոգը: Ցուցահանդեսի նախաձեռնողներն ու համադրողը իսկապես հսկայական աշխատանք եւ ներդրում են կատարել. աշխարհահռչակ թանգարաններից ու անձնական հավաքածուներից ներկայացվել էին Գորկու` 1920-40-ական թվականների աշխատանքները` ստեղծագործական բոլոր շրջանները` ռեալիստական, սյուրռեալիզմի, աբստրակցիոնիզմի: Ֆիլադելֆիայի Արվեստի, Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանների ու Tate Modern-ի համագործակցության արդյունքում է կազմակերպվել այս հրաշալի ցուցահանդեսը: Հիմնական հովանավորը Terra ամերիկյան արվեստի հիմնադրամն է, սակայն այս նախագծին եւ գաղափարապես, եւ ֆինանսապես աջակցել են նաեւ հայազգի բարերարներ ու հիմնադրամներ` Վաչե եւ Թամար Մանուկյանները, «Գալուստ Գյուլբենկյան», «Բենլյան» ու «Սուրբ Սարգիս» բարեգործական հիմնադրամները, աշխարհահռչակ կոլեկցիոներ եւ արվեստի գիտակ Լարի Գագոսյանը, Արմեն եւ Նունե Սարգսյանները: Շատ խնամքով եւ սիրով էր կազմակերպված այս ցուցահանդեսը: Այցելուները Գորկու արվեստի հետ միասին տեղեկատվություն էին ստանում նաեւ Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին: Առեղծվածային ու ողբերգական Գորկին տեսել է ցեղասպանությունը, մոր սովամահ լինելը, դաժան զրկանքների միջով է անցել, կարողացել է գտնել հորն ու հաստատվել ԱՄՆ-ում: 1946թ. նրա արվեստանոցի` 36 կտավների ու գրադարանի այրվելուց 2 ամիս անց նրա մոտ աղիքային քաղցկեղ է հայտնաբերվում, նա վիրահատության է ենթարկվում: 1948թ. ամռանը, կինը` Ագնես Մակգրոդերն, իր ընկերոջ` նկարիչ Ռոբերտո Մատտայի հետ սիրային կապեր հաստատելով՝ հեռանում է Գորկուց` 2 երեխաներին տանելով իր հետ: Որոշ ժամանակ անց տեղի է ունենում դաժան ավտովթարը, որը վնասում է Գորկու ողնաշարը եւ վիզը, եւ դա նրան զրկում է նկարելու կարողությունիցգ 1948թ. Գորկին ինքնասպան է լինում: Նրա կենսագիրներից եւ արվեստաբաններից որեւէ մեկը չի կարող նրա արվեստին անդրադառնալ` շրջանցելով նրա ողբերգական կյանքը եւ մահը, նրա կյանքի դաժան ուղին եւ Հայոց ցեղասպանության փաստը: Որքան էլ արվեստաբաններից ոմանք նշեն, որ «Գորկին իրոք ավելի մեծ է, քան իր կյանքի ողբերգական պատմությունը», այնուամենայնիվ, չեն կարող եւ չնկատել, որ գաղթելով իր հայրենի բնակավայրից` Գորկին տարբեր երկրներում է հաստատվել (Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ) եւ կրթվել, ինչն էլ իր հետքն է թողել նրա արվեստում` հաճախ անդրադառնալով կորուսյալ հայրենիքի գաղափարին: Ցեղասպանության հիշողությունը եւ փաստը շեշտվում է Tate Modern-ում ներկայացված ցուցահանդեսի ողջ ընթացքում: Այս մասին հրապարակումներ են պատրաստվել նաեւ բրիտանական խոշոր պարբերականներում: «Ես պետք է ծնվեի, որպեսզի տառապեի արվեստի համար»,- մի առիթով ասել է նկարիչը: «Երբեմն ինձ հաջողվում է որսալ հայրենիքի գույները, երբեմն` ոչ: Մեծ ջանքեր են պետք` կտավի վրա մեր մրգերի հարուստ գույները ներկայացնելու համար` ծիրանի, տանձի, խնձորի, խաղողի, մեր բուսականության, մեր բնության, մեր ծաղիկների գույները: Ես միշտ փորձում եմ իմ նկարներում վերարտադրել Հայաստանի գույներըգ»,- իր գույների մասին ասել է նկարիչը:
Այստեղ, թերեւս, առաջին անգամ կողք կողքի ներկայացված էին Գորկու «Նկարիչը եւ նրա մայրը» կտավի երկու տարբերակները, որոնք նա տարիներ շարունակ նկարել, փոփոխել է: Արշիլ Գորկու բացառիկ այս ցուցահանդեսի լոնդոնյան համակարգող Մեթյու Գեյլի նրբանկատ, սակայն դիպուկ շեշտադրումները աննկատ չմնացին թուրքական կազմակերպությունների կողմից: Մեծ Բրիտանիայում գործող թուրքական կազմակերպությունները Tate Modern թանգարանի տնօրինությունից պահանջում էին Գորկու ցուցահանդեսի մասին պատմող բուկլետներից եւ տեսաֆիլմերից հանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ավելին, ըստ «Cumhuriyet» օրաթերթի` Անգլիայի թուրքական միությունների ֆեդերացիայի (ITDF) եւ Մեծ Բրիտանիայի թուրքական ֆորումի ներկայացուցիչները այդ կապակցությամբ հանդիպել էին թանգարանի տնօրինության հետ: «Ցուցահանդեսն ամբողջությամբ քարոզչական նպատակ է հետապնդում»,- ասել էր ITDF-ի համակարգողը: «Ինձ համար ամենակարեւորը մասնագետների կարծիքն է: Ես հատկապես ոգեւորված եմ նկարիչների արձագանքով, որ Գորկիի արվեստը այսօր էլ նրանց համար կարեւոր է եւ ազդեցություն ունի նրանց ստեղծագործությունների վրա: Ինձ համար սա ամենակարեւորն է»,- ասել է Ա. Գորկու լոնդոնյան ցուցահանդեսի համակարգող Մեթյու Գեյլը, ով մինչ այդ չէր բացառում, որ նման մասշտաբի իրադարձությունը կարող է նաեւ քաղաքական հետեւանքներ ունենալ: Իրականում անհնար է ներկայացնել որեւէ նկարչի` առանց նրա ապրած ժամանակաշրջանը, կյանքի ճանապարհը, ապրումները ներկայացնելու: Առավել եւս Ա. Գորկուն, որի կյանքի եւ ճակատագրի վրա մեծ հետք է թողել Ցեղասպանությունը:
Ա. Գորկին ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին` Արեւմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում: 1915թ. կոտորածների ընթացքում նրա ընտանիքը ստիպված Վանից տեղափոխվում է Իգդիր, այնտեղից` Էջմիածին: Հետագայում Ա. Գորկու քույրը` Վարդուշը, պատմել է. «Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել, եւ այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց եւ ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երեւան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով՝ գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Ինչ-որ կերպ գոյատեւելու համար` նա սկսեց Երեւանի մերձակա գյուղերից հացահատիկ եւ խաղող գնել-քաղաքում վաճառել: Սակայն ի՞նչ կարող էր անել 14-ամյա տղան: Մորս վիճակը գնալով վատանում էր, եւ 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին: Եվ ահա նա մեզնից հեռացավ: …Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետեւ Բաթումի, այնտեղ նստեցինք Պոլիս մեկնող նավը: Ուղեւորության ընթացքում Գորկին չէր բաժանվում մատիտներից: Ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում, սկսեց բանաստեղծություններ գրել: …Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը: Հետո մեր ետեւից եկավ հայրս եւ Փրովիդենս տարավ»: Գորկին պաշտում էր մորը եւ նրա կերպարը մշտապես ուղեկցել է նկարչին իր արվեստում: «Իմ մայրը ամենագեղարվեստական ու ռոմանտիկ կերպարն էր, որին երբեւէ հանդիպել եմ: Օրերից մի օր, իմ նկարների շնորհիվ նա կանմահանա»,- ասել է Գորկին: Քույրը` Վարդուշը, ասում էր, որ մայրն է Ոստանիկին նկարիչ դարձրել:
Ալեն Ջուֆրին Գորկու մասին գրել է. «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության` գեղանկարչության…»:
Լոնդոնի Tate Modern-ից ցուցանմուշները կտեղափոխվեն Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կցուցադրվեն հունիսի 6-սեպտեմբերի 20-ը: Ցավոք, հայ հասարակությունը չի կարող տեսնել հսկայածավալ այս ցուցահանդեսը, քանի որ ոչ միայն կազմակերպումը, այլեւ ցուցանմուշների տեղաշարժը բավական մեծ ծախսերի հետ է կապված, եւ առայժմ պետք է բավարարվենք միջազգային լրատվամիջոցների արձագանքներով: Եվ այն հպարտության զգացումով, որ համաշխարհային արվեստում աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիր ամենավառ ներկայացուցիչներից մեկը հայազգի Արշիլ Գորկին է:
Ս. Սեյրանյան
Լոնդոն-Երեւան