Հայաստանի Հանրապետությունում ընդունված է տարբեր միջազգային տոներին սեփական ներդրումն ունենալ` «կցվելով» համաշխարհային միջոցառումների ցուցակին: Երեկ աշխարհը տոնում էր Գրքի ու մտավոր սեփականության օրը, մենք էլ՝ աշխարհի հետ:
Հետաքրքիր է, որ գիրք գնահատելու ու մեծարելու օրը` ապրիլի 23-ը, պատահական չի ընտրվել, հենց այդ օրն են մահացել Վիլյամ Շեքսպիրն ու Միգել Սերվանտեսը, եւ արդեն 15 տարի է` այդ օրն անցկացվում է գրքի ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելով: ՀՀ Մշակույթի նախարարությունը ցուցահանդեսներ անցկացնել շատ է սիրում, գրքերը դնում է դարակների վրա, հայտարարում, որ գրքի տպագրման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, որ հայաստանցիները սկսել են գիրք գնել ու կարդալ: Իսկ հայաստանյան հրատարակիչները կանգնում են իրենց արտադրանքի կողքին ու սպասում գնորդներին: Նման ակցիաները գնորդներին առաջին հերթին գրավում են նրանով, որ ցանկացած գիրք այդ միջոցառումների ժամանակ հնարավոր է լինում գնել որոշակի զեղչով: Եվ սակավաթիվ այցելուները հիմնականում հավաքվում են մանկական գրականության ստելաժների մոտ: Ընդ որում` գիրք վաճառող ցանկացած սրահում` հիմնականում սպառվում են հեքիաթների նկարազարդ ժողովածուները, որոնք լավ նվեր են համարվում: «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, երեխային գիրք նվիրելը նույնացնում է «բոնբոներկա» նվիրելու ավանդույթի հետ: Նվիրում են` նվիրելու համար: Եվ հենց միայն մանուկներին, քանի որ հետո գիրքը փոխարինվում է կոնֆետներով: Շարունակելով «քաղցր» թեման, Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նկատում է. «Ցանկացած գիրք (եւ ընդհանրապես արվեստի ստեղծագործություն) անպայման երկխոսություն է ենթադրում: Եվ գալիս է մի պահ, երբ հեքիաթներից հետո երեխան այլեւս ոչինչ չի ուզում կարդալ, քանի որ երկխոսություն չի գտնում: Մենք` ծնողներս էլ ասում ենք` չես կարդում, բալիկ ջան, դե կոնֆետ կեր»: Այս կեսկատակ արված դիտարկումների մեջ շատ լուրջ խնդիր է թաքնված, քանի որ գրքերի առաջարկի ու երեխայի միջեւ զգալի խզում է ստեղծվում հենց այն պահից սկսած, երբ նա հեքիաթների տարիքից դուրս է գալիս: ՀՀ-ում տպագրվող գրքերը չեն հասցնում երիտասարդներին ինֆորմացիա փոխանցել, որի պակասը լրացնում է (կամ էլ ճիշտ կլինի ասել` փոխարինում է) մասս-մեդիան: Եվ հենց մեդիայի տարածքում է առաջանում այն մեծ դատարկ փոսը, որը կարող էր լցված լինել գրքերով, սակայն դատարկ է մնում, քանի որ նման նպատակ պետությունն իր առջեւ չի դնում: Եվ տպագիր գրքի ցուցահանդեսներն էլ կազմակերպում է միայն կազմակերպելու համար: Երեկ, օրինակ, այդ ակցիային արհեստականորեն գումարել էր նաեւ հեղինակային իրավունքների պաշտպանության շեշտադրումը:
ՀՀ Մշակույթի նախարարության այդ պայծառ գաղափարը հանգեցրել էր նրան, որ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մի կողմից ցուցադրվում էին դարակների վրա տեղադրված գրքերը, իսկ մյուս կողմից՝ «Microsoft» ընկերությունը փոքրիկ անկյունում ցուցադրում էր հեղինակային իրավունքների խախտման եւ «պիրատական» ձայներիզների դեմ ուղղված ցուցապաստառները: Բոլորի համար էլ պարզ է, որ ձայնասկավառակներն ու գրքերը տարբեր ծավալի վաճառք (նաեւ կեղծում) ունեն, գրքերը հազվադեպ են մեծ պահանջարկ ունենում շուկայում` հետեւաբար քիչ էլ կեղծվում են: Իսկ վաճառվող CD-ների ու DVD-ների հսկայական տոկոսը անօրինական արտադրանքն է: Երգերի ու ֆիլմերի կեղծ կրկնօրինակների տարածման խնդիրները կապելը գրքի տպագրության խնդիրների հետ (թեկուզեւ մեկ առանձին վերցրած միջոցառման շրջանակներում), մեղմ ասած` անտրամաբանական ու շինծու է ստացվում: Հայտնի է, որ Հայաստանում գրքերը գրեթե չեն հայտնվում թվային կրիչների վրա: Մենք այդ հարցում մի քանի տասնամյակ հետ ենք աշխարհից, սակայն համառությամբ դա նկատել չենք ցանկանում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ հպարտությամբ նշեց, որ գրքի շուկան Հայաստանի ամենաառողջ շուկաներից է, եւ տարբեր գրահրատարակչություններ կողք կողքի հանգիստ գոյատեւում են: Գրքերի շուկայի հանգստությունը որակելով որպես առողջություն, մենք իրականում մոլորության մեջ ենք ընկնում: Լիակատար հանգստությունն, ինչպես հայտնի է, հնարավոր է միայն անդրշիրիմյան աշխարհում: Իսկ գրքի շուկան կարող է առողջ համարվել այն դեպքում, երբ գիրքը հնարավորություն է ստանում դուրս գալ պետական պատվերների շրջանակներից, խոշոր հարկերի բեռի տակից եւ կոնտակտ ստեղծել ընթերցողի հետ: Նման կոնտակտ ապահովելու միջոցներից մեկը գրքերի թվանշայնացումն է: Ու թեեւ այս միջոցառումը լրիվ հակառակն է, փորձում է ապացուցել, որ այնուամենայնիվ, դա է միակ արդյունավետ ճանապարհը: Այսօր ինտերնետային տարածքում հայկական գիրք գտնելն ու գնելը դժվար գործ է, թեեւ ակնհայտ է, որ եթե ցանկանում ենք ընթերցանությանը ընտելացնել նոր սերնդին, պետք է սկսել գործի դնել էլեկտրոնային գրքերի պատրաստման գաղափարը: Եվ այդ գործը բնավ էլ չի պարտադրում հեծանիվը նորից հայտնագործել, ամեն բան վաղուց արված ու հաշվարկված է:
«Քաշովի» ֆորմատ
«Որքանո՞վ են կարողանում էլեկտրոնային գրքերը փոխարինել տպագիր գրքերին» հարցին «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Չուքասզյանը պատասխանում է. «Աշխարհում ընդունված է տարբերակել թվանշանային գրքերն ու էլեկտրոնային բովանդակությունը: Ամերիկացիները էլեկտրոնային գրքերն անվանում են «digital media», իսկ Եվրոպայում ավելի ընդունված է «e-content» արտահայտությունը: «I pad» տեխնոլոգիայի շնորհիվ ի հայտ եկավ էլեկտրոնային թղթի գաղափարը, եւ գիրք կարդալը հարմար դարձավ, քանի որ պահպանվեց գրքի չափն ու էջերի դասավորման կարգը: Էլեկտրոնային թուղթն էլ առավելագույնս մոտեցավ թղթղի ֆակտուրային, այն հնարավոր է նույնիսկ «ծալել» էկրանի վրա: Տպագիր գիրքն, իհարկե, չի վերանալու, բայց խնդիրը նրանում է, որ էլեկտրոնային կրիչները դառնում են նույնքան հարմար, որքան թուղթը: Արդեն իսկ տպագրվում ու հրատարակվում են թերթեր, որոնց մեջ էլեկտրոնային էկրաններ կան: Սկսվել է բոլորովին այլ դարաշրջան, եւ մենք ուշանում ենք, քանի որ մեր բովանդակությունը չի համապատասխանում այդ դարաշրջանի պահանջներին: Անգամ մեր հրատարակվող գրքերի հումքը` համակարգչային ֆայլերը չեն պահպանվում: Մարդիկ չեն հասկանում, որ գրքի ֆայլերը պետք է պահել, այլ ոչ թե գիրքը տպագրելուց հետո պարզապես թափել դրանք: Մենք մեր ընկալումներով շատ հետ ենք եւ անիմաստ ենք համարում գրքերի ֆայլերի արխիվացումը: Մինչդեռ հենց դա է էլեկտրոնային գիրք ստեղծելու առաջին քայլը»:
Փաստ է, որ էլեկտրոնային գրքերն ավելի հասանելի եւ հասկանալի են երիտասարդների (նույնիսկ մանուկների) համար, որոնք 21-րդ դարում ստացել են «թվային սերունդ» բնութագրումը: «Քաշել» ու կարդալ կարելի է ավելի արագ ու ավելի էժան` գործի դնելով լավ ճանաչելի որոնման սկզբունքները: Իհարկե, Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները շատ հաճախ թվային գրադարանի ստեղծումը համարում են մարգինալների գործ ու լրջորեն չեն դիտարկում բարձր տեխնոլոգիաների կիրառելիությունը` վստահ լինելով, որ գրախանութների ու գրադարանների կղզյակների վերականգնումը կարելի է անել միայն հին ձեւաչափով: Իմ դուստրն, օրինակ, երկար ժամանակ ինտերնետում որոնում էր Ավետիք Իսահակյանի առակները: Վստահեցնում եմ, որ դա անհնարին գործ է: Հայկական հետքը թվային տարածքում հազիվ նկատելի է: Մինչդեռ դա մի ճանապարհ է, որով երեխան (ուզենք թե չուզենք) անցնում է շատ վաղ հասակում: Չէ՞ որ երիտասարդ սերունդն իր ազատ ժամանակի զգալի մասը էլեկտրոնային միջոցների վրա է ծախսում: Կարելի է ասել, որ հենց հեքիաթներից հետո միանգամից անցնում է բարձր տեխնոլոգիաներին: Եվ այդ անցումն ավելի բնական ու սահուն է տեղի ունենում, քան գրադարաններ այցելելու հորդորը: «Թվային սերունդը» գրադարանն այլ կերպ է ընկալում, ավելի մատչելի` «քաշովի» ֆորմատով: Գ.Չուքասզյանն ասում է. «Էլեկտրոնային միջոցը միայն համակարգիչը չէ, այլեւ հեռախոսն է, քանի որ ժամանակակից հեռախոսը միայն զրուցելու սարք չէ, այլ` մեդիայի նորագույն կրիչ է: «Smart» հեռախոսները, որոնք, ի դեպ` հիմա արագորեն էժանանում են, ուղղակիորեն կրում են իրենց մեջ էլեկտրոնային գրքի գաղափարը: Հեռախոսների միջոցով կարելի է ոչնչից, ուղղակի օդից գիրք գնել: Եվ այդ դեպքում գրքի գինը կրկնակի էժանանում է, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ երաժշտության ոլորտում: Չէ՞ որ «mp3» ֆորմատը հեղափոխություն արեց երաժշտության մեջ, ավելի խտացված ու էժան ֆայլերը հարվածեցին CD-ների վաճառքին: Հիմա նույն հեղափոխությունը արվում է գրքերի դաշտում»:
Գ.Չուքասզյանը նշում է նաեւ, որ էլեկտրոնային բովանդակության ստեղծման վրա պետք է որոշակի գումար ծախսվի, քանի որ միայն համակարգիչներ ձեռք բերելով ու ինտերնետի թողունակությունը բարձրացնելով, չի ստացվի լրացնել բացը:
Էլեկտրոնային գրադարանի ստեղծումը կոնկրետ գործ է, ի տարբերություն Մշակույթի նախարարության անցկացրած այս վիրտուալ բնույթի անհեռանկարային ակցիայի: Եթե մեր նպատակը գիրք տպագրելը, վաճառելն ու վերջիվերջո այն ընթերցելն է, ապա հարկավոր է հրաժարվել գիրքը (եւ ընդհանրապես արվեստն ու մտավոր աշխատանքը) որպես «քաղցր» նվեր ընկալելու ավանդույթից: Ցանկացած գիրք գործիք է, անհրաժեշտություն, առօրյա կիրառման համար պիտանի իր, քարտեզ, որով ուղղորդվում ենք: Եվ պետք չէ մոռանալ, որ նոր սերունդը չի շտապում իր նախնիների գծած քարտեզով առաջ շարժվել, այլ գերադասում է ինքն իր սեփական քարտեզը ստեղծել: Եվ մեր գործը ընդամենը նրանում է, որ մեր երեխաների գծած քարտեզում ժամանակ առ ժամանակ Իսահակյան կամ Չարենց հայտնվեն: Մնացածը կանեն արդեն առանց մեզ: