Ֆրանսիայի դեսպանատունը հավատարիմ է իր երկրում գոյություն ունեցող ավանդույթներին, այդ թվում` գործունեության տարբեր բնագավառներում իրենց սկզբունքներին հավատարիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանց գնահատելու գեղեցիկ ավանդույթին: Այդ օրերին գեղեցիկ եւ խորհրդանշական արարողությամբ գնահատվում է մարդն իր ապրած կյանքով եւ կատարած գործերով: Ապրիլի 22-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հավաքվել էին տարբեր բնագավառների մարդիկ. արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսոֆը «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» ընկերության ԱՊՀ երկրների գծով գործադիր տնօրեն եւ տարածաշրջանի պատասխանատու Արման Փինարբասիին էր հանձնում Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար ազգային շքանշանը»` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անունից։ Հավաքված էին Արմանի հարազատները, ընկերները, «Գրանթ Թորնթոն Ամիօի» հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք արարողության ընթացքում միմյանց հետ խոսում էին Ա. Փինարբասիի մարդկային բարձր որակների ու պրոֆեսիոնալիզմի մասին: «Արմանը, հավատարիմ մնալով իր հայկական արմատներին, միեւնույն ժամանակ չի կորցրել իր ֆրանսիական դիմագիծը»,- նշեց դեսպանն իր խոսքում: Ա. Փինարբասին 12 տարի տնօրինել է «Գրանթ Թորնթոն Ամիօն», եւ այդ ժամանակահատվածում ընկերությունը նվաճել է ոլորտի առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցողի հեղինակությունը Հայաստանում եւ իր գործունեության աշխարհագրությունը ընդլայնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ: