ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցում կողմնակալ գործելաոճ չի դրսեւորում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարկ Թոները` արձագանքելով Բաքվի հնչեցրած այն մեղադրանքին, թե ԱՄՆ-ը ղարաբաղյան հիմնախնդրում միակողմանի դիրք է գրավել հօգուտ Հայաստանի: «ԱՄՆ-y ամենաբարձր մակարդակով աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրող Մինսկի խմբի գործունեությանը»,- հայտարարել է Թոները` ավելացնելով, թե ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում որեւէ սառնություն չկա, եւ Վաշինգտոնը` որպես Մինսկի խմբի համանախագահ, աշխատում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրում հաշտեցման ուղիներ գտնելու եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Պետդեպարտամենտի մամուլի փոխխոսնակը, միեւնույն ժամանակ, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մարկ Թոներն ասել է, թե ԱՄՆ-ը խրախուսում է այդ գործընթացը. «Թուրքիան հզոր դաշնակից է եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերը»: