Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է կոալիցիայի, ապա՝ Անվտանգության խորհրդի նիստ, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: Ըստ նույն հաղորդագրության, ԱԽ անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երեկ պաշտոնապես հայտարարվել է նաեւ, որ այսօր Սերժ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին եւ ներկայացնելու է կոալիցիայի եւ ԱԽ նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին: Սակայն արդեն երեկ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ որոշվել է Ազգային ժողովից հետ կանչել կամ կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները մինչ այն պահը, երբ Թուրքիան ինքը կհայտարարի դրանք խորհրդարանում վավերացնելու ժամկետը: Այսինքն` փաստացի ՀՀ իշխանությունները որոշել են հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Ամենայն հավանականությամբ, այս որոշումը կայացվել է Ս. Սարգսյանի մոսկովյան հանդիպման ժամանակ, այսինքն` Ռուսաստանի իշխանությունները նման «դաբրո» են տվել: Այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Հայաստանի ինչպես՝ արտաքին քաղաքական, այնպես էլ՝ ներքաղաքական կյանքում: Ընդ որում, առաջիկայում պետք է սպասել ոչ այնքան Թուրքիայի, որքան ԱՄՆ-ի արձագանքին, քանի որ հայ-թուրքական գործընթացը դադարեցնելով՝ ՀՀ իշխանություններն, ըստ էության, դեմ են դուրս գալիս ԱՄՆ վարչակազմին, ում «բարձր հովանու ներքո» ընթանում էր ֆուտբոլային դիվանագիտությունը: