«Ոստիկանությունը պիտի պատասխանատվություն կրի»

22/04/2010

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Ոստիկանությունն, ամեն դեպքում, պետք է պատասխանատվություն կրի ապրիլի 13-ին Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժին բերված Վահան Խալաֆյանը մահացել էր: Ոստիկանության պնդմամբ, նա Ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում ինքնասպան էր եղել: Մինչդեռ մահացած երիտասարդի հարազատները պնդում են, որ Վահանին Ոստիկանությունում տանջելով սպանել են: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Արմեն Հարությունյանը նշել է, թե անկախ այն հանգամանքից, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով առաջ քաշված որ վարկածն է (այդ թվում` Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը) իրականությանը համապատասխանում, Ոստիկանությունը ամեն դեպքում կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրի: «Կապ չունի, թե ինչ վարկածներ կան։ Խնդիրը հետեւյալն է. սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին Ոստիկանություն է մտնում եւ այնտեղից մահացած դուրս է գալիս: Նույնիսկ, եթե այն վարկածը, որ ոստիկանապետը առաջ քաշեց, դա է, միեւնույն է, պատասխանատուներ պետք է լինեն,- ասել է Ա. Հարությունյանը,- Որովհետեւ ի՞նչ է նշանակում` մարդը եկավ եւ Ոստիկանությունում ինքնասպանություն գործեց: Չի՛ կարելի այդպես: Մարդու կյանքն արժեքազրկում են ահավոր»:

Արմեն Հարությունյանն «անթույլատրելի» է համարել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պնդումները, թե Վահան Խալաֆյանը միանշանակորեն չի խոշտանգվել, այլ ինքնասպանություն է գործել: Օմբուդսմենի խոսքով, քանի դեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի հրապարակվել, պետք չէ նման հայտարարություններ անել: «Չի կարելի նմանատիպ հայտարարություններ անել, քանի որ գործընթաց է գնում, եւ գործընթացի արդյունքում, էքսպերտների ուսումնասիրությունների արդյունքում նոր պարզ կլինի, թե ինչ է եւ ինչպես է: Այդ դեպքերում պետք է միանշանակ կարծիք հայտնելուց ձեռնպահ մնալ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից ծեծի միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկային, ապա Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ, այդ երեւույթն այսօր էլ շարունակվում է:

Ըստ «Ազատության», օմբուդսմենի տարեկան զեկույցի համաձայն, Ոստիկանության համակարգի դեմ ուղղված քաղաքացիների դիմում-բողոքները 2009-ին զգալիորեն աճել են: Ընդ որում` բողոքները վերաբերում են «Ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն եւ անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցների կողմից դրսեւորված անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին»: «Պրակտիկան ցույց է տալիս, որ անձանց ծեծի ենթարկելը, բռնությունն ու խոշտանգումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Եղել են նաեւ դեպքեր, երբ պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ոստիկանության բաժին, որտեղ հայտնաբերել են կապտուկներով եւ մարմնի վրա խոշտանգման հետքերով քաղաքացիներ»,- նշված է զեկույցում:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը իր զեկույցում արձանագրում է, որ «խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքներով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը հասնելը մեր իրականության մեջ գրեթե անհնար է, քանի որ Ոստիկանությունը քաղաքացիների ներկայացրած փաստերը մշտապես համարում է իրականությանը չհամապատասխանող եւ անհիմն»:

«Ցավով պետք է արձանագրել, որ նման երեւույթներն արդեն արատավոր պրակտիկա են դարձել մեր իրավապահ համակարգում, իսկ տիրող անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նմանատիպ դեպքերի աճին»,- ասված է օմբուդսմենի զեկույցում: