ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կոալիցիայի նիստ է հրավիրել, որի ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով, որոշվել է Ազգային ժողովից հետ կանչել կամ կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները մինչ այն պահը, երբ Թուրքիան ինքը կնշի դրանք իր խորհրդարանում վավերացնելու ժամկետը:
Սակայն այս մասին երեկ որեւէ պաշտոնական տեղեկություն չհաղորդվեց: Նախագահի կայքէջում երեկ միայն հաղորդագրություն տեղադրվեց այն մասին, որ Ս.Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, ու խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: Այնուհետեւ ԱԽ անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Կոալիցիայի եւ ԱԽ նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում, կայացրած որոշման մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր Ս.Սարգսյանն ուղերձով կդիմի ժողովրդին:
Մեր տեղեկություններով՝ նախագահի ուղերձին կհետեւի քաղաքական երեք` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների համատեղ հայտարարությունն այն մասին, որ կոալիցիան համաձայն է արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու կամ կասեցնելու` նախագահի որոշման հետ: Փաստորեն Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Ս.Սարգսյանը որոշել է գնալ այդ վճռական քայլին: Այսինքն, հաստատվում են այն տեղեկությունները, որ ՀՀ նախագահի հատկապես վաշինգտոնյան հանդիպումները շատ բարդ են եղել: Փաստորեն Թուրքիան այդ հանդիպման ժամանակ հստակ պայման է դրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` արձանագրությունների վավերացումն ու սահմանի բացումը տեղի կունենա միայն ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի օգտին առաջընթաց գրանցելուց հետո: Իսկ այս դեպքում Թուրքիան ուներ հստակ պահանջ. ԼՂՀ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերումը: Ընդ որում, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին պահանջում էր վերադարձնել այդ շրջանները առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Եվ այդ պահանջը Թուրքիան ներկայացնում էր որպես սահմանի բացման նախապայման: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նաեւ արտահոսք եղավ այն մասին, թե հանդիպման արդյունքում ձեռք է բերվել ճանապարհային քարտեզի մասին պայմանավորվածություն, որտեղ կա ԼՂՀ հարցի կարգավորման` տարածքների վերադարձի պայման:
Ի դեպ, երեկ, ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների ու հայ-թուրքական արձանագրությունների մասին հայտարարություններ է արել Միջազգային Ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նա ասել է, թե Թուրքիան եւ Հայաստանը պետք է ուշադրությունը կենտրոնացնեն համաձայնագրի` պակաս վիճահարույց կետերի վրա: «Քիչ հավանականություն կա, որ արձանագրությունները տեղից կշարժվեն, առնվազն մինչեւ հաջորդ ընտրությունները Թուրքիայում 2011-ին, կամ մինչեւ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն երկար սպասված համաձայնագիր ԼՂ հակամարտության շուրջ»,- ասել է Ս.Ֆրեյզերը, որը, որպես կանոն՝ ոչ պաշտոնապես հայտնում է ամերիկյան վարչակազմի տեսակետները: Այսպիսով Ս.Ֆրեյզերը բացահայտում է վաշինգտոնյան հանդիպման արդյունքները, որտեղ արձանագրությունների վավերացման ու սահմանի բացման համաձայնություն ձեռք չի բերվել: «Այս տարի ապրիլի 24-ին թուրքերի եւ հայերի ուշադրությունը կրկին կենտրոնանալու է այն բանի վրա, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բ.Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը: Սակայն այս կենտրոնացումն անտեղի է, քանի որ միայն հայերն ու թուրքերը պետք է համաձայնության գան: Ըստ արձանագրությունների, Թուրքիան եւ ՀՀ-ն պետք է ստեղծեին պատմական փաստերը ուսումնասիրող մի հանձնաժողով: Թուրքերի համար սա լավ ձեւ կլիներ՝ կանխել ցեղասպանության միջազգային ճանաչումը, քանի որ քիչ երկրներ այն կընդունեին` իմանալով, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է փաստերը»,- ասել է Ս.Ֆրեյզերը:
Եվ Վաշինգտոնից Մոսկվա ժամանելուց հետո, փաստորեն, Ս.Սարգսյանը որոշել է առայժմ դուրս գալ հայ-թուրքական գործընթացից: Եվ չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել է հենց Մոսկվայում: Իհարկե, տեղեկատվության արտահոսքերի արդյունքում կորոշակիանա, թե հատկապես ինչի՞ արդյունք էր Ս.Սարգսյանի այս որոշումը, բայց միանշանակ է, որ այն դրսում է կայացվել: Ս.Ֆրեյզերն իր հայտարարության մեջ նաեւ ասել է, թե «Ս.Սարգսյանը նույնպես ճնշման տակ է»: «Արձանագրությունների վավերացումը ՀՀ կողմից գնդակը վերջնականապես կուղարկեր Թուրքիայի դաշտ, եւ Երեւանը կարժանանար միջազգային հանրության գովասանքին, սակայն տեղի ընդդիմությունը ուժեղ է»,- ասել է Ս.Ֆրեյզերը: Միամտություն կլինի հավատալ, որ Ս.Սարգսյանը Հայաստանի ընդդիմության ճնշումների արդյունքում է հրաժարվում արձանագրություններից: Այստեղ, ամենայն հավանականությամբ, գործել է Մոսկվայի ճնշումը, որի մասին, պարզ է` Ս.Ֆրեյզերը չէր կարող բացահայտ ասել: Եվ հասկանալի է դառնում, որ արձանագրությունները վավերացնելու, Թուրքիայի նախապայմաններին ընդառաջ գնալու` «ՀՀ-ի կողմից գնդակը Թուրքիայի դաշտ ուղղելու եւ միջազգային հանրության գովասանքին արժանանալու» վաշինգտոնյան ճնշումների փոխարեն՝ Ս.Սարգսյանն ընդունել է գործընթացից դուրս գալու տարբերակը: Հիշեցնենք նաեւ, որ այդ տարբերակը հնարավոր դարձնելու համար ԱԺ-ն փետրվարին փոփոխության ենթարկեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը եւ նախագահին միջազգային պայմանագրերը ետ կանչելու կամ կասեցնելու հնարավորություն տվեց: