Երեկ բացվեց ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ անդրանիկ նստաշրջանը: Հենց սկզբից
«Հայրենիք» խմբակցությունը պահանջեց օրակարգում ընդգրկել նաեւ Վերահսկիչ
պալատի նախագահի նշանակման հարցը: Բանն այն է, որ ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի
նախագահ, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, «ԺԱՄ» խմբակցության անդամ
Արկադի Սողոմոնյանի լիազորություններն ավարտվել են ս. թ. հունիսի 30-ին:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այս առնչությամբ նշեց, որ խորհրդարանում
ընգրկված քաղաքական ուժերի հետ խորհրդատվությունների արդյունքում
վերջնական համաձայնության չգալու պատճառով հարցը չմտավ օրակարգ: Որոշվեց
ներկայիս նախագահի լիազորությունները երկարաձգել եւս մի ամսով, մինչեւ
խորհրդարանում առկա երկու խմբակցությունները որոշեն, թե ում
ներկայացուցիչը պետք է նշանակվի Վերահսկիչ պալատի նախագահ:
Երեկվա նիստում մի քանի պատգամավորներ անդրադարձել են հացահատիկի գների
կտրուկ նվազմանը եւ դիզվառելիքի գների աճին: Գյուղացիները կանգնել են
լուրջ խնդիրների առջեւ: Ոմանք համապատասխան միջոցներ չունենալու պատճառով
բերքահավաք չեն կատարել, շատերին էլ ձեռնտու չէ 70 դրամով ցորեն վաճառելը,
քանի որ այդ գինը ցածր է ինքնարժեքից: Ի պատասխան պատգամավոր Օլեգ
Գրիգորյանի այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը
խնդիրը լուծելու եւ ոլորտը կարգավորելու համար, ԼՂՀ գյուղնախարար Վահրամ
Բաղդասարյանը փաստեց, որ նախարարությունը չի կարող որեւէ ազդեցություն
ունենալ դիզվառելիքի շուկայի վրա: Իսկ ցորենի գների կտրուկ նվազումը նա
բացատրեց Ռուսաստանից Հայաստան ցածր գներով ցորեն ներկրելու փաստով:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունն, արդեն երկրորդ տարին է,
գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմացու է տրամադրում: Այսինքն,
գյուղացուն սերմացու տրամադրվում է երկու տարի ժամկետով՝ փոխարենը
նույնչափ հացահատիկ վերադարձնելու պայմանով: Այս տարի՝ նախորդ տարվա 700
տոննայի փոխարեն, կառավարությունը կտրամադրի 800 տոննա սերմացու:
Միջազգային ճգնաժամային խմբի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ
զեկույցը հանձնվել է ԼՂՀ արտգործնախարարին: Ինչպես հայտնի է, Խումբն
առաջարկում է ազատագրված տարածքներից դուրս բերել հայկական ուժերը,
ապահովել փախստականների վերադարձը, իսկ ԼՂՀ կարգավիճակին անդրադառնալ
10-15 տարի անց: Փաստի առնչությամբ իր մտահոգությունն արտահայտեց
պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարին խնդրելով
մեկնաբանել այն: ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանը նշեց, որ զեկույցը
քննարկվում է եւ շուտով ղարաբաղյան կողմի դիրքորոշումը կհրապարակվի:
«Զեկույցում կան որոշ մոտեցումներ, որոնք մեզ համար անընդունելի են:
Օրինակ՝ կոնֆլիկտը ներկայացվում է որպես Ադրբեջանի եւ Հայաստանի
հակամարտություն: Սակայն Խումբն ըմբռնումով է մոտենում Ղարաբաղի
ինքնիշխանության եւ միջազգային ճանաչման հարցերին»,- ասել է Ա.Մելիքյանը: