Օպեր-լիազորը ձերբակալվել է

22/04/2010

Պաշտոնական լիազորություններն անցնելու եւ «ինքնասպանության հասցնելու» կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր Մ.Հայրապետյանը: Նա ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Ա1+»-ին փոխանցել են, որ քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական, դատակենսաբանական: Նախաքննական մարմինը փորձագետների առջեւ, ի թիվս այլ հարցերի, խնդիր է դրել՝ պարզաբանել, թե մասնավորապես` ե՞րբ է վրա հասել Վ.Խալաֆյանի մահը, եւ ի՞նչն է հանդիսացել մահվան պատճառը, ինչպիսի՞ մարմնական վնասվածքներ կան Վ.Խալաֆյանի դիակի վրա, ինչպիսի՞ն է դրանց տեղակայումը, առաջացման մեխանիզմը, հաջորդականությունը, բնույթը եւ վաղեմությունը, արդյո՞ք ներկայացված դանակով են պատճառվել վնասվածքները, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչպիսի՞ գործիքով են հասցվել, իսկ եթե՝ այո, ապա արդյո՞ք Վ.Խալաֆյանը կարող էր տվյալ դանակով ինքն իրեն մարմնի տվյալ հատվածում մարմնական վնասվածք հասցնել եւ այլն: Փորձաքննություններն անցկացնելու համար փորձագետներին են տրամադրվել ինչպես դեպքի վայրից առգրավված դանակը, բամբակյա «տամպոնները», Վ.Խալաֆյանի մատնահետքերը, շորերը, եղունգների կտրվածքներն ու մազերի նմուշները, այնպես էլ Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորների աշխատակիցների հագուստները:

Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Վ.Խալաֆյանի հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, Ոստիկանության օպեր-լիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այլք: